Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Ընդհանուր տեղեկություններ

Պատմամշակութային արժեքներ

Մարզը հարուստ է պատմամշակութային արժեքներով` սբ. Էջմիածին Մայր Տաճարն իր Գանձատնով, Մեծամորի եւ Զվարթնոցի հնագիտական թանգարանները, Հայաստանի Ազգագրական պետական թանգարանը Սարդարապատում, Զվարթնոց տաճարը, Հայաստանի ստորերկրյա ջրերի ամենամեծ ելքը` Այղրլիճը, հին հեթանոսական կենտրոն Բագարանը, Մուսալեռ և Սարդարապատ հուշահամալիրները:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին



Սուրբ Էջմիածինը պատմական կենտրոն է Հայաստանյաց Առաքելական եկեղեցու, ուր եւ գտնվում է Աթոռն Ամենայն Հայոց Հայրապետի` Կաթողիկոսի:
Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը կառուցվել է 4-րդ դարի սկզբին` 303 թ-ին՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական պետական կրոն հռչակվելուց անմիջապես հետո:
Ըստ ավանդության, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը մի տեսիլք է ունենում, ուր Քրիստոսը լուսավոր կերպարանքով իջնում է երկնքից եւ ոսկի մուրճով ցույց տալիս այն տեղը, ուր պետք է կառուցվի առաջին Հայ եկեղեցին: Այդպես է, որ կառուցված եկեղեցին կոչվել է Էջմիածին` Իջավ Միածին:
Սուրբ Էջմիածինն ի սկզբանե եղել է նաեւ մշակույթի ու դպրության կենտրոն: Այստեղ է, որ 5 - րդ դարի սկզբներին (406թ.) Սուրբ Մեսրոպը հորինել է հայ լեզվի այբուբենը եւ Սբ. Սահակ Կաթողիկոսի գործակցությամբ թարգմանել է Սուրբ Գիրքը հայերեն լեզվով հունարեն բնագրից:
Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը կառուցվել է 303թ. հայոց կառուցողական արվեստի հնագույն ավանդների հիման վրա, խաչաձեւ կենտրոնագմբեթ ոճով: Տաճարը դարերի ընթացքում ենթարկվել է վերանորոգումների, հատկապես 484թ-ին վերակառուցվել է իշխան Վահան Մամիկոնյանի օրոք, 1658թ-ին՝ Փիլիպոս կաթողիկոսի ժամանակ կառուցվել է արևմտյան ճակատի մեծ զանգակատունը, իսկ 1869թ-ին` Գևորգ Դ կաթողիկոսի ժամանակ, կառուցվել է տաճարի թանգարանային մասը՝ արևելյան կողմը։ Տաճարի ներսի որմնանկարները կատարված են 18-րդ դարում՝ պարսկական տիրապետության շրջանում, հայ նկարիչներ Հովնաթյանների դպրոցի ոճով։
Մայր տաճարի շրջապատում են գտնվում մի շարք պատմական կառույցներ` Տրդատ թագավորի դուռը ( 7-րդ դար), Ղազարապատ՚-ը (17-րդ դար), միաբանական Երեմյան շենքը (19-րդ դար), Հոգևոր ճեմարանի շենքը (20-րդ դարի սկիզբ), նոր վեհարանի շենք (1915-ին):
Տ.Տ. Վազգեն Ա Կաթողիկոսի գահակալության 40 տարիներին՝ 1955-1995թթ., Սբ. Էջմիածնի վանքի շրջակայքում բարձրացել են նոր կառույցներ` վանքի գլխավոր մուտքն ու պարիսպները, տպարանի շենքը, ժամացույցի աշտարակը, վանատուն - հյուրանոցը եւ Ալեք - Մարի Մանուկյան թանգարանը:
Մոտ հազար յոթ հարյուրամյա Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը իր ճարտարապետական ինքնատիպ ոճով հանդիսանում է աշխարհի հնագույն քրիստոնեական հուշարձաններից մեկն ու նաև սրբատեղին եւ ուխտավայրը` Հայաստանում ¢ արտասահմանյան երկրներում բնակվող հայերի համար:

Գանձատուն

Գանձատուն-թանգարանը անվանվել է ի պատիվ ամերիկահայ բարերարներ տեր եւ տիկին Մանուկյանների: Այս գեղեցիկ եւ արժեքավոր շենքը կառուցվել է նրանց նվիրատվության շնորհիվ: Երկհարկանի կառույցում են գտնվում ոչ միայն հայ եկեղեցու թանգարանային նմուշները, այլ նաեւ Գարեգին I-ին կաթողիկոսի գրադարանը:
Գանձատանը ցուցադրվող նմուշները ժամանակի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են բերվել հայկական տարբեր համայնքներից` ընդգրկելով լայն աշխարհագրական տարածք: Այս նմուշները վկայում են տարբեր դարաշրջանի հայ վարպետների հմտության եւ բարձր ստեղծագործական ոգու, ինչպես նաեւ գեղեցիկի յուրօրինակ ընկալման մասին:
Գանձատանը ցուցադրվում են բազմաթիվ արժեքավոր իրեր, եկեղեցական, ինչպես նաեւ կիրառական արվեստի նմուշներ, սկիհներ, խորանի վարագույրներ, աջեր, մասունքներ, զգեստներ, ջահեր, խաչեր, հին հայկական գորգեր, կավե ամաններ եւ փայտե փորագրություններ:
Գանձատան ամենաարժեքավոր ցուցանմուշներից են ձեռագիր արձանագրությունները եւ ձեռագրերը` իրենց յուրօրինակ մանրանկարներով, եւ նուրբ ասեղնագործված սկիհի ծածկոցները:
Այստեղ է պահվում նաեւ Սուրբ Աստվածածնի պատկերով նկարների հավաքածուն, որ ժամանակի ընթացքում կերտվել է պատմական Հայաստանի տարբեր շրջաններում:
Վերջերս բացվել է նաեւ առանձին մի սենյակ, որտեղ տեղ են գտել այն նվերները, որ Հայ Եկեղեցուն են նվիրել հյուրերը, այցելուները եւ հայ հավատացյալները աշխարհի տարբեր ծայրերից:
2007 թվականի հուլիսին Ալեք եւ Մարի Մանուկյանների աճյունները հողին հանձնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Գանձատան առջեւ: Նախքան Սուրբ Էջմիածին տեղափոխելը նրանց մարմինները ամփոփված են եղել Դեթրոիթում` Միչիգան (ԱՄՆ):
Մանուկյանները` որպես հայ ազգի եւ Եկեղեցու նվիրյալ ժառանգորդներ եւ մեծ բարերարներ, իրենց վերջնական հանգրվանը գտան Մայր Տաճարի բակում:
 

Հոգևոր թեմը
Հայաստանում մարզային պետական կառույցների հաստատվելուց հետո Վեհափառ Հայրապետ Գարեգին Առաջինի հրամանագրով 1996 թ. հունիս ամսից կյանքի է կոչվել Արմավիրի հոգեւոր թեմը, իր մեջ ներառելով Արմավիր , Վաղարշապատի եւ Բաղրամյան նախկին շրջանների եկեղեցիները: Հայրապետական կարգադրությամբ թեմակալ առաջնորդ է նշանակվել Ասողիկ Եպիսկոպոս Արիստակեսյանը: 2000թ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կոնդակով Արմավիրի թեմի առաջնորդ է նշանակվել Տ.Սիոն եպիսկոպոս Ադամյանը: Թեմի առաջնորդարանը գտնվում է Արմավիր քաղաքի զբոսայգում: Թեմի գործող եկեղեցիներն են` Բամբակաշատ գյուղի սբ. Աստվածածին եկեղեցին, Փարաքար գյուղի սբ. Հարություն եկեղեցին, Արշալույս գյուղի սբ. Աստվածածին եկեղեցին, Գայ գյուղի սբ. Նշանի եկեղեցին, Տանձուտ գյուղի սբ. Սահակ եկեղեցին, Դողս գյուղի սբ. Ստեփանոս եկեղեցին, Մրգաստան գյուղի սբ. Հովհաննես եկեղեցին:

Սարդարապատի հուշահամալիր



Հայաստանի բազմադարյան պատմությունը հարուստ է ազատության և անկախության համար մղված պայքարի հերոսական էջերով։ Սակայն նոր ժամանակներում հայ ժողովրդի տված ճակատամարտերից ամենակարևորը և բախտորոշը Սարդարապատի ճակատամարտն էր թուրքական զավթիչնետի դեմ։
1918-ին այդպիսի վտանգի եզրին էր կանգնած նաև Արևելյան Հայաստանը։ Մայիսի 15-ին թուրքական զորքերն անցան սահմանը և հարձակվեցին Ալեքսանդրապոլ քաղաքի վրա։ Ալեքսանդրապոլի գրավումից հետո թուրքական բազմահազարանոց բանակը ներխուժեց Արարատյան դաշտ՝ Հայաստանիսիրտը։ Այստեղ՝Սարդարապատ բնաակավայրի մոտ, ամայի դաշտում 1918 թվականի մայիսի 22-ից 26-ը կայացավ թշնամու դեմ հայ ժողովրդի տված վճռական ճակատամարտը։ Այն դարձավ ինքնապաշտպանության, հայրենասիրության, սխրանքի, անձնազոհության և ժողովրդի միասնության փայլուն դրսևորում։
1968թ. մայիսին, Սարդարապատի ճակատամարտի 50 - ամյակին, հանդիսավոր կերպով բացվեց զբոսայգի - հուշարձանի համալիրը:
Կառուցված լինելով Արարատի դիմաց, Արաքս գետից ոչ հեռու, զբոսայգի - համալիրը ունի գունագեղ եւ արտահայտիչ ճարտարապետություն: Նրա աջ եւ ձախ կողմերում կանգնած են կարմիր տուֆից կերտված հսկայական թեւավոր ցուլերը, որոնք խորհրդանշում են ժողովրդի արյամբ ձեռք բերված հաղթանակը: Աստիճանները տանում են դեպի ընդարձակ հրապարակ, որի մեջտեղում խոյանում է 35 մ բարձրությամբ չորս մուտքերով զանգակատուն -աշտարակը: Այս կառուցվածքը իր ինը զանգերով հուշարձանախմբի կոմպոզիցիոն կենտրոնն է ու երեւում է շատ հեռվից: Կարմրանարնջագույն տուֆից կերտված զանգակատունը մարմնավորում է այն պատմական տագնապալի ահազանգը, որը կոչեց ժողովրդին հանուն հայրենիքի պաշտպանության: Այժմ զանգերը ղողանջում են ամեն տարի, հաղթանակի օրը` ի պատիվ Սարդարապատի ճակատամարտի հերոսների սխրանքի:
20 հեկտար տարածք ունեցող զբոսայգի - հուշարձանի արեւելյան կողմում կառուցված է թանգարանի մոնումենտալ շենքը, որն իր ճարտարապետական կերպարով հիշեցնում է հին Հայաստանի անառիկ բերդերը: 1978 թ - ից այդտեղ սկսել է գործել Հայաստանի ազգագրական պետական թանգարանը: Թանգարանի հարուստ ցուցանմուշները իրենց գիրկն են հրավիրում և ՀՀ ազգաբնակչությանը , և ՀՀ այցելող յուրաքանչյուր օտարերկրացու։
Սարդարապատի ճակատամարտի զբոսայգի-հուշարձանը արտահայտում է հայրենիքի ազատության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների նկատմամբ ունեցած ժողովրդի հարգանքն ու վերածնության վեհ գաղափարը։
Հերոսամարտի վայրում, մարզկենտրոնից 10 կմ հեռավորության վրա, մարզկենտրոն տանող ճանապարհի աջ կողմում ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով կառուցված հուշահամալիրը դարձել է մի նոր ուխտատեղի հայ ժողովրդի համար, ուր ամեն տարի մայիսի 28 – ին, մասնակցությամբ պետական բարձրաստիճան այրերի, հոգևոր դասի ներկայացուցիչների, հայ ժողովրդի հարյուրավոր զավակների ու արտերկրից ժամանած հյուրերի, մեծ շուքով ու տոնակատարությամբ նշվում է Հանրապետության տոնը` հայկական պետականության վերածննդի օրը:
Վերջին տարիներին հուշահամալիրում իրենց հանգրվանն են գտել նաեւ Արցախի անկախության համար զոհված ազատամարտիկների շիրիմները: Հուշահամալիրը հայ ժողովրդի պատմության եւ մշակույթի մի բաց թանգարան է, հայ ճարտարարվեստի անկրկնելի կոթող, որի կառուցման 30 տարին լրացավ 1998 թվականին։ 1998 թվականին լրացավ Սարդարապատի հերոսամարտի 80 տարին ¢ թանգարանի հիմնադրման 20 տարին։

Զվարթնոց տաճար

Երեւան - Էջմիածին ավտոմայրուղու ձախ կողմում` Էջմիածին քաղաքից 3 կմ հեռավորության վրա կա մի կոթող - ուղեցույց: Այն ստեղծել են տաղանդավոր արվեստագետներ Երվանդ Քոչարն ու Ռաֆայել Իսրայելյանը:
Բարձր պատվանդանին խրոխտ կեցվածքով թառել է քարե արծիվը , իսկ ներքեւում` քարե պատվանդանի վրա, փորագրված է <<Զվարթնոց>>: Կոթող - ուղեցույցը ցույց է տալիս դեպի տաճարը տանող ուղին:
Զվարթնոց բառը նշանակում է հրեշտականոց: Զվարթնոց տաճարը եւ նրան կից կաթողիկոսական պալատը կառուցվել է 641 - 661 թթ. հայոց Ներսես Գ Շինող կաթողիկոսի կողմից եւ միաժամանակ կոչվել է Սուրբ Գրիգոր տաճար: Այստեղ է ամփոփված հայոց եկեղեցու առաջին հայրապետ Գրիգոր Լուսավորիչի մասունքը:
Այս տաճարը եռաստիճան, ռոտոնդաձեւ, ուղղաձիգ առանցքի շուրջը հետզհետե նվազող, կլոր, բազմանկյուն կենտրոնագմբեթ 5 մուտք ունեցող 45մ. բարձրությամբ, մի անկրկնելի ճարտարապետական շինություն է եղել, որը շքեղությամբ զարդարվել է բուսական և երկրաչափական մոտիվներով կառուցված հյութեղ որմնաքանդակներով, դեկորատիվ որմնասյուններով և կամարներով։ Տաճարը ավերվել է 10 - րդ դարի վերջերին՝ երկրաշարժից:
Այստեղ է Տրդատ թագավորը դիմավորել Գրիգոր Լուսավորիչին:
Այստեղ է 405 թ - ին Վռամ Շապուհ թագավորը դիմավորել հայոց այբուբենը մայրաքաղաք բերող Մ. Մաշտոցին:
Ավերակներին կից կառուցված է թանգարան, իսկ տաճարի շրջակայքում փռված է Վաղարշապատ քաղաքի Զվարթնոց թաղամասը:

Մուսա լեռան հերոսամարտը հավերժացնող
հուշակոթող-հուշահամալիր



1946 -1947թթ. Մուսա լեռան հայության մի ստվար զանգված /ավելի քան 5000 մարդ/ վերջնականապես հանգրվանում է Հայաստանում՝ մասնակից դառնալով մայր հայրենիքի վերաշինման վեհ գործին: Էջմիածնի շրջանի Գինեւետ ավանը 1972 թ.վերանվանվեց Մուսալեռ, իսկ 1976 թ. սեպտեմբերի 16 -ին ավանի մոտ, բարձր բլրի վրա տեղի ունեցավ հերոսամարտին նվիրված հուշակոթողի բացումը, որը կառուցվել է հայրենիքի ու սփյուռքի մուսալեռցիների նյութական միջոցներով եւ անմիջական մասնակցությամբ:
Անառիկ ամրոց հիշեցնող այս կոթողը խորհրդանշում է Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների համառ ու անկոտրում կամքը, ազատագրական ոգին, առնականությունն ու արիությունը:
Կոթողի հեղինակները` ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն ու նկարիչ - քանդակագործ Արա Հարությունյանը, ստեղծել են մուսալեռցիների հերոսական անվանն արժանի գործ:
Ամեն տարի` սեպտեմբերի երկրորդ կեսին, երախտապարտ սերունդները հավաքվում են այստեղ` ավանդական հարիսայով, զուռնա - դհոլով, մարտական շուրջպարով ու ազգային արժանապատվության զգացումով նշելու հերոսամարտի տարելիցը եւ հարգելու քաջի մահով ընկած հերոսների հիշատակը: Այստեղ` հուշակոթողի կողքին, բլրի ստորոտում, հանգրվանում են նաեւ արցախյան գոյամարտում զոհված մուսալեռցիների շիրիմները:
 

Ակնալիճ

Մարզի տարածքում Երեւան - Արմավիր խճուղու ձախ մասում , Ակնալիճ եւ Տարոնիկ գյուղերի միջեւ գտնվում է Հայաստանի ստորերկրյա ջրերի ամենամեծ ելքը` Ակնալիճը /Այղր լիճը/, պատմական Մեծամորը: Սա մի գողտրիկ, մոտ 10 մետր խորությամբ, ձագարաձեւ հատակով, 7 հա տարածք զբաղեցնող լճակ է, որը զարդարում է Արարատյան դաշտի այս հատվածը: Ակնալիճը, լինելով մարզի միակ բնական ջրային մակերեսը եւ ստորերկրյա ջրերի ամենամեծ ելքը, իր հաստատուն ջրի մակարդակի շնորհիվ դարեր շարունակ օգտագործվել է որպես Արարատյան դաշտերի հողերի ոռոգման աղբյուր: Ակնալճից արտահոսում է միայն Սեւաջուր գետակը: Ակնալճի տարածքում բուծում են կողբ եւ ձկան մի քանի տեսակներ: Լիճը համարվում է պետական արգելոց:
Ակնալճի շրջակայքում կան նախնադարյան բերդաշեների մնացորդներ և դամբարանադաշտեր, այս հանգամանքը հիմնավորում է, որ այս տարածքում, ինչպես նաև մոտակա բնակատեղում բնակությունը եղել է հնագույն ժամանակներից։
Անհրաժեշտ հոգածության և ներդրումների առկայության դեպքում լիճը՝ իր շրջակայքով և հանգստյան տներով կարող է դառնալ զբոսաշրջության կարևորագույն վայր։

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-07-21 16:35:52