Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ջանֆիդա համայնքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարերի օծման արարողությունը

18.04.2015

 Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում այսօր Արմավիր մարզի Ջանֆիդա համայնքում տեղի ունեցավ Սուրբ Կարապետ եկեղեցու հարևանությամբ տեղադրված երկու խաչքարի օծման հանդիսավոր արարողությունը, որն իրականացրեց Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի հոգևոր թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը: 

Խաչքարերը կանգնեցվել են ռուսաստանաբնակ հայ գործարարներ Արթուր Բույուկլյանի, Մանուել Էքսուզյանի, Ղևոնդ Դիրացույանի և Սլավա Ավանեսյանի հովանավորությամբ:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ԱԺ պատգամավորներ, քաղաքական և պետական գործիչներ, Ռուսաստանի Դաշնությունից ժամանած հյուրեր և համայնքի բնակիչներ:

Ողջունելով ներկաներին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր երախտագիտությունը հայտնեց Ջանֆիդա համայնքի եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարերի կանգնեցմանն աջակցած բարերներին` նշելով, որ նման ձեռնարկներն ապացույցն են առ այն, որ հայ ժողովուրդը հիշում և հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Մարզպետն իր խոսքում բարձր գնահատեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում մեր երկրի վարած արտաքին քաղաքականությունը` հատկանշելով ապրիլի 12-ին Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին մատուցված պատարագը, որի ընթացքում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ոչ միայն հնչեցրեց ցեղասպանություն բառը, այլ նաև նշեց. <<Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է>>:

<<Սիրելի ժողովուրդ, մենք միասին պետք է կերտենք մեր երկրի լուսավոր ապագան, ուր կապրեն մեր սերունդները: Փառք Հայաստանի Հանրապետությանը>>,- ամփոփելով իր խոսքը` նշեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Ջանֆիդա գյուղական համայնքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի տեղադրման, ապա նաև մանկական խաղահրապարակի կառուցման գործում ունեցած բարեգործական ավանդի համար մարզպետը շնորհակալագրեր հանձնեց բարերարներ Արթուր Բույուկլյանին, Մանուել Էքսուզյանի, Ղևոնդ Դիրացույանին և Սլավա Ավանեսյանին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15