Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզում շարունակվում են Հայոց մեծ եղեռնի ոգեկոչման միջոցառումները

21.04.2015

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և փոխմարզպետ Մովսես Քարտաշյանն այսօր Մեծամոր, Հայկաշեն և Գայ համայնքներում մասնակցեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի և հուշակոթողների բացմանը և ծաղիկներ խոնարհեցին մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակին:

Արմավիրի հոգևոր թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանն օծեց Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանները և աղոթք հնչեցրեց առ Աստված` Ցեղասպանության նահատակների հոգիների հանգստության համար:

Նշված համայնքներում Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող քարե վկաները կանգնեցվել են համայնքապետարանների կողմից և խորհրդանշում են հայ ազգի անցյալը, ներկան և հավատը ապագայի հանդեպ:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր խոսքում կարևորեց համայնքներում Հայոց մեծ եղեռնի ոգեկոչման միջոցառումների իրականացումը, որը, ըստ նրա, ոչ միայն արտահայտում է Հայոց հարցի միջազգային դատապարտմանն ուղղված միասնական պայքարը, այլ նաև հայրենասիրական կարևոր դաս է մատաղ սերնդի համար. <<Մեր երկրի վաղվա կերտողները տեսնում են, որ ավագ սերունդը պահանջատեր է, և չի մոռանում ու պահանջում է արդար հատուցում մեկուկես միլիոն անմեղ հայերի արյան համար>>:

Մարզպետը բարձր գնահատեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Հանրապետության նախագահի և իշխանությունների ներդրումը: Նա ընդգծեց, որ այդ ամենի արդյունքում էր նաև, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ մատուցեց Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի համար և ի լուր աշխարհի հայտարարեց. << Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է>>:

Հայոց եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները պատվով և վեհությամբ իրականացնելու համար Արմավիրի հոգևոր առաջնորդը շնորհակալություն հայտնեց բոլոր պետական այրերին. <<Թող ողջ աշխարհն իմանա, որ այս տարելիցը մենք նշում ենք ոչ խոնարհված, ոչ երկյուղով, այլ հպարտությամբ` որպես վերածննդի ազգ: Թող իմանան, որ հայը կա, կմնա և որպես ազգ կշարունակի բարձր պահել իր անունը: Աստված թող մեզ ուժ տա և միշտ առաջ շարժվենք…>>:

Հավելենք, որ վերը նշված համայնքներում տեղի ունեցան նաև <<Հիշում եմ և պահանջում>> խորագիրը կրող միջոցառումներ` դպրոցների սաների մասնակցությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:44:21