Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նորակերտ համայնքում տեղի ունեցավ Սուրբ Պողոս մատուռի օծման արարողությունը

07.05.2015

Այսօր Արմավիրի մարզի Նորակերտ համայնքում Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ սուրբ Պողոս մատուռի օծումը, որին ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Ազգային ժողովի պատգամավոր Սեդրակ Սարոյանը, պետական այրեր, հոգևոր սպաասավորներ, Ռուսաստանի Դաշնությունից ժամանած հյուրեր և մեծ թվով նորակերտցիներ:

1972 թվականին կառուցված Սբ. Պողոս մատուռը հիմնովին վերանորոգվել է ծնունդով Նորակերտից, երկար տարիներ Ռուսաստանում բնակվող գործարար Գևորգ Պողոսյանի աջակցությամբ:

Օրվա առթիվ մեծ էր հյուրերի և հատկապես համայնքի բնակիչների ոգևորությունը, ովքեր իրենց հոգևոր պահանջմունքներն այսուհետ կարող են բավարարել իրեց իսկ հավատքի տանը: Նորակերտ համայնքում այսուհետ ոչ միայն պատարագներ կմատուցվեն, այլև կնունքի և հարսանեկան արարողություններ կկատարվեն:

Մատուռում կայացած առաջին պատարագից հետո Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը նշեց, որ առանց հավատքի մենք չենք կարող որևէ հաղթանակ տանել: Հոգևոր առաջնորդի խոսքով` հավատքի միջոցով է, որ մեր ժողովուրդը կարողացել և կարողանում է մինչև այսօր իր տեղն ունենալ այս արևի տակ:

Շնորհավորելով ներկաներին օրվա առթիվ և կարևորելով գյուղական բնակավայրերում հոգևոր կառույցների դերը՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շնորհակալություն հայտնեց Գևորգ Պողոսյանին` ծննդավայրում Աստծո տունը վերակառուցելու համար` հույս հայտնելով, որ այն իր շուրջը կհամախմբի համայնքի հավատավոր բնակչությանը և կնպաստի հոգևոր արժեքների պահպանմանն ու ամրապնդմանը:

Իր հերթին շնորհակալություն հայտնելով հյուրերին և նորակերտցիներին` սուրբ գործն իրականացնելու հարցում ցուցաբերած աջակցության համար` բարերար Գևորգ Պողոսյանն ընդգծեց, որ քաջատեղյակ լինելով հայ ժողովրդի պատմությանը` վստահորեն կարող է ասել, որ հայ ազգը դարեր շարունակ գոյատևել է եկեղեցիների և հայ կնոջ բարոյական կերպարի շնորհիվ: Նա իր հոգու ցավն արտահայտեց օտարության մեջ ապրելու համար` միաժամանակ հավելելով. «Ուր էլ լինեմ, անչափ ուրախ և հպարտ եմ, որ հայ եմ…»:

Նորակերտ համայնքում իրականացրած ազգանվեր մեծ գործի համար համայնքապետ Շահեն Կարապետյանը բարերար Գևորգ Պողոսյանին հանձնեց շնորհակալագիր և հուշանվեր: Համայնքապետը շնորհակալագիր հանձնեց նաև համագյուղացի Վանուշ Ավետիսյանին` Սուրբ Պողոս մատուռի հարևանությամբ խաչքար կանգնեցնելու համար: 

Օրվա առթիվ համայնքում կատարվեց նաև մատաղի օրհնություն և հյուրասիրություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15