Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամավիրում հանդիսավորությամբ նշվեց Մեծ հայենականի 70-րդ տարեդարձը

09.05.2015

Այսօր մարզկենտրոն Արմավիրում մեծ հանդիսությամբ նշվեց Հայրենական պատերազմում Խորհրդային ու դաշնակից զորքերի՝ ֆաշիզմի դեմ տարած փառապանծ հաղթանակի հոբելյանական 70-րդ տարեդարձը:

Տոնական միջոցառման մեկնարկն ազդարարվեց Արմավիր քաղաքի հրապարակում, ուր մարզային իշխանությունները, Հայրենական մեծ պատերազմի վետերանները մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ ընդունեցին Անաստաս Միկոյանի անվան Արմավիրի սահմանապահ ջոկատի մարտիկների, Մարշալ Բաղրամյանի անվան 55-րդ առանձին մոտոհրաձգային ուսումնական բրիգադայի կուրսանտների, ՀՀ ՏԿԱԻ նախարարության Արմավիրի մարզային փրկարարական վարչության ծառայողների, Տիգրան Մեծի անվան ռազմամարզական վարժարանի սաների և Արմավիրի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի պատանի երկրապահների շքերթը:

Շնորհավորելով տոնակատարության մասնակիցներին Երկրորդ աշխարհամարտում տարած պանծալի հաղթանակի 70-ամյակի և Շուշիի ազատագրման 23-րդ փառավոր տարեդարձերի կապակցությամբ` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց. «Աշխարհին է հայտնի, որ Հայրենական մեծ պատերազմում տարած պատմական հաղթանակն ու փառքը ձեռքբերվեցին նախկին Խորհրդային Միության ժողովուրդների միասնական կամքի, ֆաշիզմի դեմ իրենց կուրծքը վահան դարձրած մեր հայրերի ու պապերի սխրանքների, նրանց ցուցաբերած արիության շնորհիվ:

Որքան էլ ժամանակը հեռանում է 1941-1945 թվականների ճակատագրական ահեղ իրադարձություններից, նույնքան ավելի ու ավելի է արժևորվում Հայրենական Մեծ պատերազմի կրակե բոցերից փրկված խաղաղությունը: Իսկ այն առաջին հերթին իրական դարձավ նախկին Խորհրդային Միության բազմազգ ժողովուրդների միասնական կամքի, նրանց սխրանքների հերոսացման և միլիոնավոր մարդկանց կյանքի գնով: Ֆաշիստական դարչնագույն հրեշի ճանապարհին կանգնեց ռուս ժողովուրդը, նրա կողքին էին նաև նախկին սովետական երկրի շուրջ 60 ազգերի ինքնամոռաց զավակներ, այդ թվում՝ Հայոց մեծ երկրի հազարավոր արծիվներ:

Մենք այսօր հպարտ ենք և երախտապարտ բոլոր նրանց, ովքեր հանուն ազատ ապրելու, հանուն մարդասիրական մեծ գաղափարների և հանուն երկիր մոլորակի համընդհանուր խաղաղության, չխնայեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը:

Մայիսի 9-ի մեծագույն հաղթանակների ոսկեշղթան արդեն 70-րդ անգամ է զարդարում այն իմաստնությունը, որ արդարության համար կռվի ելած համաժողովրդական ալիքի դեմ չի կարող դիմանալ ոչ մի արգելք, որ բոլոր պատնեշները խորտակվելու են, երբ հավաքական ուժը դառնում է հող-հայրենիի պաշտպանության բացառիկ նպատակ: Այս ճանապարհին Մեծ հայրենականի տարեգրության մեջ Կովկասի նախալեռներից մինչև Բեռլին հասան նաև հայ ժողովրդի քաջազուն զավակները, նրանց թվում ունեցանք մարշալներ, 100-ից ավելի հերոսներ, զորավարներ, նրանց հետ նաև մահ ու կենաց կռվի ելած հազարավոր զինվոր տղաներ, ովքեր իրենց սուրը փառքով դրեցին պատյան:

Այսօր մենք հպարտ ենք նաև, որ մայիսյան տոների շարքում է Շուշիի ազատագրումը: Մեր ժողովուրդը տիրոջ իրավունքով և հպարտությամբ է նշում հայոց մտքի ու զենքի փառավոր այդ հաղթանակը:

Հարգելի բարեկամներ, գլուխ խոնարելով Մեծ հայրենականում զոհվածների փառքի և հիշողության առջև, միաժամանակ մեր գնահատումի և նվիրումի խոսքն ենք հղում բոլոր վետերաններին. Շնորհակալություն Ձեզ աշխարհաշեն Ձեր սխրանքների համար:

Ուրեմն շնորհավորենք բոլորիս, որ այսօր ականատես ենք մայիսյան պանծալի հաղթանակների տարեդարձներին: Ծափահարենք այս հրապարակում խրոխտ շարքերով կանգնած ռուսական և հայկական բանակների միասնական զորահանդեսի մասնակիցներին, ովքեր մեր երկու ժողովուրդների բարեկամությամբ, միշտ ուս ուսի՝ կայուն խաղաղության հուսալի պաշտպաններ են:

Կեցցե ժողովուրդների բարեկամությունը:

Հավերժ փառք, լուսավոր նպատակների համար իրենց կյանքը տված արժանի այն սերունդներին, ովքեր մեզ հաղթանակներ պարգևեցին, կյանքի գնով կերտեցին իրենց բաժին խաղաղությունը և դարձան հավեժի ճամփորդներ»:

Տոնական օրվա առթիվ ներկաներին ողջունեցին և շնորհավորանքի խոսքեր հղեցին նաև Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, Արմավիրի վետերանների խորհրդի նախագահ Յուրի Ալավերդյանը:

Մեծ հայրենականի  վետերաններին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից հանձնվեցին «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակ» հոբելյանական մեդալներ: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն էլ նրանց հանձնեց պատվոգրեր և դրամական պարգևներ:

Այնուհետև տոնակատարության մասնակիցները հանդիսավոր երթով շարժվեցին դեպի քաղաքային զբոսայգի, ուր ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին նրանց հիշատակին:

Օրվա առթիվ քաղաքային զբոսայգում վետերանների համար կազմակերպվել էր նաև զինվորական վրանային ճաշ, որին էլ հաջորդեցին տոնական համերգը և պաշտոնական ընդունելությունը Անաստաս Միկոյանի անվան Արմավիրի սահմանապահ զորամասում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49