Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մուսալեռան հուշահամալիրում տեղի ունեցավ ավանդական դարձած Տոլմայի փառատոնը

16.05.2015

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախաձեռնությամբ և Արմավիրի մարզպետարանի աջակցությամբ այսօր Մուսալեռան հուշահամալիրում տեղի ունեցավ հանրության շրջանում մեծ ճանաչում գտած «Ուդուլի» տոլմայի համահայկական հինգերորդ փառատոնը, որի խորագիրն էր «Տոլման Հայկական լեռնաշխարհում», իսկ կարգախոսը` «Տոլման ինքնության ցուցիչ...»:

Մուսալեռան հուշահամալիրում բացված 20 տաղավարներում ներկայացված էին հայկական ավանդական ուտեստի տասնյակ տեսակներ՝ պատրաստված մայրաքաղաքի ռեստորանային տարբեր համալիրների, Արմավիրի մարզի համայնքապետարանների, առանձին կազմակերպությունների և խոհարարների կողմից:

Տոլմայի փառատոնն իր շուրջ էր համախմբել մեծ թվով մարդկանց, այդ թվում` օտարերկրյա հյուրերի` հնարավորություն ընձեռելով հայկական ավանդակ կերակրատեսակը համտեսել ոչ ավանդական միջավայրում:

Փառատոնին մասնակցեց նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նա շրջեց բացված տաղավարներով, օգտվեց հյուրասիրությունից և բարեմաղթանքի խոսքեր հղեց հայ խոհարարական ավանդույթները պահպանողներին:

Հանդես գալով ողջույնի խոսքով` մարզպետը նշեց, որ տոլմայի նմանօրինակ փառատոնի կազմակերպումը ևս մեկ առիթ է աշխարհին ներկայացնելու, որ տոլման հայկական ուտեստ է և այն ամենալավը պատրաստում են հայ խոհարարները: Մարզպետն իր խոսքում կոչ արեց պահպանել աշխարհում հայտնի ու հնագույն համարվող մեր ազգային խոհանոցի բոլոր կերակրատեսակներն ու ավանդույթները և հպարտությամբ փոխանցել գալիք սերունդներին:

«Ուդուլի» տոլմայի համահայկական փառատոնին աջակցելու համար «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը շնորհակալագիր հանձնեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանին:

Տոլմայի համահայկական հինգերորդ փառատոնն ուղեկցվեց համերգային ծրագրով և ավարտվեց մրցանակաբաշխությամբ: Մրցանակային տեղեր զբաղեցնելու համար տաղավարները միմյանց հետ մրցում էին «Լավագույն համ», «Լավագույն տեսք» և «Լավագույն մտահաղացում» անվանակարգերում: Նշված անվանակարգերում հաղթողները «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի կողմից պագևատրվեցին մեդալներով և պատվոգրերով:

Իսկ «Ուդուլի» տոլմայի փառատոնի բացարձակ հաղթող ճանաչվեց և մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից խորհրդանշական հուշանվերով և պատվոգրով պարգևատրվեց Աֆրիկյանների պանդոկը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49