Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գետաշեն համայնքի միջնակարգ դպրոցում բացվեց ստեղծագործարան

12.06.2015

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) համագործակցության արդյունքում Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի միջնակարգ դպրոցում մայիսի 27-ին բացվեց ստեղծագործարան: Ստեղծագործարանի բացմանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, COAF-ի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ, հյուրեր:

Նորարարական տեխնոլոգիաներով` էլեկտրոնային գրատախտակով, ժամանակակից համակարգիչներով և շարժական հատուկ կահույքով հագեցած բազմաֆունկցիոնալ դասասենյակում ստեղծված միջավայրը կնպաստի աշակերտների ստեղծագործ մտածելակերպի դրսևորմանը:

Միջոցառման մասնակիցները կրթօջախի տնօրենի ուղեկցությամբ ծանոթացան ստեղծված պայմաններին, ապա հետևեցին աշակերտների կողմից էլեկտրոնային գրատախտակի ֆունկցիոնալ շահագործման աշխատանքներին:

Արմավիրի մարզի հեռավոր Գետաշեն համայնքի միջնակարգ դպրոցում իրականացված աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի մանուկներ հիմնադրամի տնօրինությանը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կարևորեց միասնական, համագործակցված աշխատանքը` նշելով, որ այս պարագայում հաջողություններն անխուսափելի են, իսկ ասվածի հերթական վկայությունը, ըստ մարզպետի, արդեն բացված ստեղծագործարանն է, որը ամռան շրջանում կլուծի ոչ միայն Գետաշեն համայնքի, այլ նաև հարակից համայնքների երեխաների զբաղվածության հարցը:

COAF-ի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանն իր խոսքում կարևորեց կրթության դերը երեխաների կյանքի բարօրության, ինչպես նաև որպես անհատականություն նրանց ձևավորման և հետագա գործունեության համար: Նա նշեց, որ տվյալ լսարանը միավորելու է տեխնոլոգիաներն ուսուցման գործընթացում կիրառել ցանկացող աշակերտներին և ուսուցիչներին` դասապրոցեսը դարձնելով առավել արդյունավետ և տպավորիչ:

Երեխայի ընդհանուր զարգացման հարցում կարևորելով և ընտանիքի, և դպրոցի դերը` ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշեց, որ այս երկու միջավայրերը պետք է լինեն այնքան նպաստավոր ու հաճելի, որպեսզի երեխայի միտքն առողջ զարգանա:

<<Եթե արագ տեմպերով զարգացող աշխարհում առաջնորդվենք միայն տեխնոլոգիաների մրցավազքով` կկորցնենք ստեղծագործելու կարևոր ունակությունը: Չթերագնահատելով այդ երկուսի դերը` մենք խրախուսում ենք ստեղծագործ մոտեցումը նորարար տեխնոլոգիաների միջոցով նաև>>, - եզրափակելով իր խոսքը` նշեց Ռալֆ Յիրիկյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08