Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկեց 2015 թվականի ամառային առաջին զորակոչը

01.07.2015



Այսօր Սարդարապատի հուշահամալիրում, արդեն 9-րդ տարին անընդմեջ, տեղի ունեցավ 2015 թվականի ամառային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Արմավիրի և Էջմիածնի զինվորական կոմիսարները, մարզպետարանի աշխատակազմի և այլ կառույցների պատասխանատու պաշտոնյաներ, մեծ թվով համայնքապետեր և նորակոչիկների հարազատներ:

Չխախտելով ավանդույթը՝ մարզի տարածքային զինվորական կոմիսարների ուղեկցությամբ և մարզպետ Աշոտ Ղահրամանյանի առաջնորդությամբ պարտադիր զինվորական ծառայության մեկնողները ծաղիկներ դրեցին Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքարին՝ լռությամբ ու խոնարհումով հարգելով նրանց հիշատակը:

Ողջունելով ներկաներին և բարի երթ ու խաղաղ ծառայություն մաղթելով նորակոչիկներին՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց. <<Այս սրբավայրից մենք մեր որդիներին ճանապարհում ենք իրենց սահմանադրական պարտքը մատուցելու հայրենիքին` ցանկանալով այնպիսի ծառայություն, որ ծնողները միայն շնորհակալական խոսքեր և ուրախ լուրեր լսեն իրենց զավակներից: Սիրելի նորակոչիկներ, ծառայեք պատվով, հարգեք մեկմեկու և ձեր ծառայության ընթացքում մշտապես բարձր պահեք մեր մարզի անունն ու հեղինակությունը: Բարի ճանապարհ և բարի վերադարձ ձեզ>>:

Օրվա առթիվ նորակոչիկներին օրհնության ու բարեմաղթանքի խոսք հղեց Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը՝ մասնավորապես ասելով. <<Այս պատմական վայրից այսօր դուք գնում եք պաշտպանելու մեր հայրենիքի սահմանները, ձեր որդիական պարտքը կատարելու հայրենիքի հանդեպ: Հավատացած եղեք, որ Սուրբ Եկեղեցին իր աղոթքներում միշտ հիշելու է ձեզ: Մենք միշտ աղոթելու ենք ձեր համար` հայցելով Աստվածամոր բարեխոսությունը, որ ամենազոր Տեր Աստվածը միշտ պաշտպան ու ապավեն լինի ձեզ: Բարի ծառայություն ձեզ, մեր սիրելի զավակներ>>:

Այնուհետև նորակոչիկները հիգիենայի պարագաներով փաթեթներ ստացան մարզպետ Աշոտ Ղահրամանյանից, որից հետո շուրջպար բռնեցին նրա հետ և երգ ու երաժշտության ուղեկցությամբ ու բարձր տրամադրությամբ մեկնեցին զինվորական ծառայության:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:44:21