Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հուշ-ցերեկույթ` նվիրված հակառակորդի դիվերսիոն հարձակման զոհ Սարգիս Մովսիսյանի ծննդյան 21-ամյակին

01.07.2015



Այսօր Արմավիրի մարզի Մայիսյան համայնքի միջնակարգ դպրոցում բացվեց կրթօջախի նախկին շրջանավարտ, 2014 թվականի օգոստոսի 1-ին թշնամու դիվերսիոն հարձակման զոհ Սարգիս Մովսիսյանի անվան դասարանը` ծննդյան 21-ամյա տարեդարձի կապակցությամբ:

Օրվա առթիվ կազմակերպված հուշ-ցերեկույթին ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, Սարգսի հարազատներն ու համագյուղացիները:

Միջոցառման մասնակիցները ծաղիկներ և ծաղկեպսակ խոնարհեցին կրթօջախի բակում տեղադրված <<Կյանք` հանուն կյանքի>> հայրենիքի խաղաղության համար զոհված զինվորի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Քաջալրանքի խոսք հղելով ներկաներին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց. <<Այսօր բոլորիս համար շատ հուզիչ օր է: Ապրելով փխրուն խաղաղության պայմաններում` մեր որդիները հայրենիքի պաշտպանության համար հաճախ ստիպված են լինում կյանքով հատուցել: Սարգիսն էլ մեկն էր Արմավիրի մարզի այն երեք քաջարի զինվորներից, ով անցյալ օգոստոսին թշնամու դիվերսիոն հարձակման զոհը դարձավ...:

Թող մեր երկիրն այնքան հզորանա, որ երբևիցե պատերազմ չլինի, մեր զավակները ծառայեն խաղաղ պայմաններում և փառք ու պատվով վերադադնան իրենց օջախները:
Իսկ մենք ասում ենք հավերժ փառք Հայաստանի Հանրապետությանը և այն հերոս տղաներին, որոնք այսօր մեր կողքին չեն, բայց միշտ մնալաու են մեր սրտերում>>:

Արմավիրի թեմի առաջնորդն իր խոսքում նշեց. <<Այսօր մենք պարծանքով ու հպարտությամբ ենք կանգնած Մայիսյանի դպրոցի բակում, որտեղ իր կրթությունն է ստացել Սարգիսը` մերօրյա Վարդանը, ով իր արյունը շաղախեց հայրենի հողին: Մենք կարող ենք վստահությամբ ասել, որ մեր հայրենիքը ստեղծվեց, ամրապնդվեց և շարունակում է իր զարգացման ընթացքը մեր քաջ նահատակների և նաև ապրողաց ջանքերով ու եռանդով:

Թող Սարգսի հիշատակը վառ մնա բոլորիս հոգիներում: Թող նրա ծնողներն ու հարազատները միայն հպարտանան իրենց քաջարի զավակով, ով իր կյանքը նվիրաբերեց հայրենիքի խաղաղությանը>>:

Այնուհետև թեմակալ առաջնորդի կողմից կատարվեց Սարգիս Մովսիսյանի հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգ:

Օրը խորհրդանշական դարձավ նաև դպրոցի այս ուսումնական տարվա շրջանավարտների համար, որոնք Սարգիս Մովսիսյանի անունը կրող դասարանում մարզպետ Աշոտ Ղահրամանյանից ստացան իրենց ատեստատները:

Հավելենք, որ կրտսեր սերժանտ Սարգիս Մովսիսյանը ՀՀ և ԼՂՀ նախագահների հրամանագրով հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08