Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ծանոթացել է մարզում ընթացող ցորենի բերքահավաքին

07.07.2015



ՀՀ Արմավիրի մարզի հացահատիկի ցանքատարածքներում հունիսի 20-ից սկսվել է բերքահավաքը, որը կշարունակվի մինչև հուլիսի 20-25-ը` կախված ուղղաձիգ գոտիականությունից: Մարզում նկատելի է հացահատիկի բարձր բերքատվություն:

Բերքահավաքի ընթացքին այսօր ծանոթացավ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի ուղեկցությամբ այցելելով Լուկաշին և Մրգաշատ համայնքներ:

Մարզպետին զեկուցվեց, որ Մրգաշատ համայնքում այս տարի ցորենի ցանքատարածությունները կազմում են 175 հեկտար, իսկ Լուկաշինում` 85 հեկտար: Նշված համայնքներում գյուղացիական տնտեսությունները գոհ են ցորենի բերքատվությունից և բերքահավաքի ընթացքից: 1 հեկտարից սպասվում է միջինը 45 ցենտներ ցորեն: Նրանց միակ մտահոգությունը ցորենի մթերման ցածր գինն է, որն այս տարի նախատեսված է 100 դրամ, նախորդ տարվա 130-140 դրամի փոխարեն: 

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր խոսքում նշեց, որ արվել է ամեն ինչ ցորենի բերքահավաքն առանց խոչընդոտների կազմակերպելու համար, և այժմ մարզում աշխատում է 95 կոմբայն, որից 46-ն այլ մարզերից են: Նա վստահեցրեց, որ գյուղացիական տնտեսություններին աջակցություն կցուցաբերվի նաև Բաղրամյանի հացամթերքների կոմբինատում հացահատիկը բարձր գնով  մթերելու հարցում:

Ըստ մարզպետի` աշնանացան ցորենի և գարու ցանքատարածքները մարզում կազմում են 5390 հեկտար և 1 հեկտարից միջին բերքատվությունը կլինի 43-45 ցենտներ, իսկ առանձին հողակտորներում բերքատվությունը կհասնի մինչև 72 ցենտների:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր խոսքում նշեց նաև, որ վերջին տարիներին մարզում հացահատիկի ցանքատարածքները կրճատվել են, փոխարենն ավելացել են բանջար-բոստանային կուլտուրաների ցանքատարածությունները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49