Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սարդարապատի հուշահամալիրում Արմավիրի մարզն ընդունեց Համահայկական 6-րդ ամառային խաղերի ջահը

25.07.2015



Սարդարապատի հուշահամալիրում այսօր մեծ հանդիսավորությամբ Արմավիրի մարզն ընդունեց Համահայկական 6-րդ ամառային խաղերի ջահը, որը հուշահամալիր բերեց մարզը ներկայացնող ծանրամարտիկ, երիտասարդների 2-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, ռեկորդակիր, ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամ Պերճ Հալաճյանը, մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարները,   մեծ թվով մարզիկներ և հյուրեր:

Արմավիրի մարզը միշտ ակտիվ մասնակցություն է ունեցել  Համահայկական բոլոր խաղերին, և այս անգամ էլ  մարզի 3 քաղաքների ներկայացուցիչները կմասնակցեն 8 մարզաձևերում` 115 հոգանոց պատվիրակությամբ:

Տոնական միջոցառման մեկնարկն ազդարարվեց տերունական աղոթքով, որին հաջորդեց Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի օրհնության խոսքը. «Միասնության խորհրդանիշ է այս միջոցառումը, որովհետև այս ջահն ընթացավ սփյուռքով, Հայաստանի արևելյան և արևմտյան կողմերով` ցույց տալով, որ Հայաստանը միասնական է, հայ ժողովուրդը մեկ ամբողջություն է, միակամ է: Վերապրելով ցեղասպանությունը` մեր ազգի ջահը շարունակում է վառ մնալ: Թող մեր ջահակիրների երթը միշտ հաղթական լինի: Աստված թող օրհնի ու պահպանի մեր հայրենիքը…»:

Այնուհետև միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսք հղեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` ասելով. «Գերաշնորհ Սրբազան հայր, հարգելի հյուրեր, սիրելի մարզիկներ:
Սիրով ողջունում եմ Ձեզ հայ ժողովրդի պատմության հերոսական էջերից մեկը հավերժացնող այս հրաշագեղ վայրում, որտեղ մենք պատիվ ունենք ընդունելու Համահայկական 6-րդ ամառային խաղերի ջահը, որը վառվել է 2015թ. մայիսի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում` Արցախի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Պարգև Սրբազանի հանդիսապետությամբ: Այնուհետև ջահը հաղթական երթով փոխանցվել է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև սփյուռքի հայաշատ քաղաքներով:

Հուլիսի 8-13-ը ջահի փոխանցման արարողություններ տեղի ունեցան Արևմտյան Հայաստանի Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում, Վան, Բիթլիս, Տիգրանակերտ, Մուշ, Էրզրում, Կարս, Անի քաղաքներում, որտեղից պատվիրակությունն ուղևորվել է դեպի Ջավախք, այնուհետև Գյումրի և վերջապես այն ժամանել է Արմավիրի մարզ:

Այն, որ համահայկական խաղերը մեր կյանքում հաստատեցին իրենց տեղն ու դերը, այլևս փաստ է: Փաստ է նաև այն, որ համահայկական խաղերն ամենամեծ գործնական կապն է հայրենիք-սփյուռք հարաբերությունների միջև և այդ հարաբերությունների կարգավորմանն ու մերձեցմանը նպաստող իսկական մարզական տոնախմբություն է, որը համախմբում և հայրենիք է բերում հազարավոր հայ երիտասարդների աշխարհի տարբեր անկյուններից և հայրենիքում չապրող մեր հայրենակիցները հնարավորություն են ստանում հայրենիքի մեջ իրենց ներկայությունը հաստատել, ծանոթանալ մեր ավանդույթներին ու սովորույթներին:

Ինչպես գիտեք Համահայկական առաջին խաղերն անցկացվել են 1999 թվականի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 5-ը Երևան քաղաքում` 7 մարզաձևից, որին մասնակցել են 1141 մարզիկներ 23 երկրների 63 քաղաքներից:
Այնուհետև տարեցտարի մեծացել է Համահայկական խաղերին մասնակցող երկրների և քաղաքների աշխարհագրությունը և ավելացել խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի և մասնակիցների թիվը:
Մասնակիցների ռեկորդային ցուցանիշ Համահայկական խաղերում գրանցվել է 2011 թվականին, երբ 5-րդ խաղերին մասնակցեցին 3244 մարզիկներ 33 երկրների 125 քաղաքներից:

Հաշվի առնելով Համահայկական խաղերի նկատմամբ հետաքրքրության աճը, այս տարի Համահայկական խաղերի Համաշխարհային կոմիտեի որոշմամբ խաղերի ծրագրում ընդգրկվեցին ևս 7 մարզաձևեր, որը հնարավորություն կտա ասպարեզ դուրս գալու միանգամից 17 մարզաձևերի ներկայացուցիչների:
Մարզաձևերի քանակի կտրուկ աճը թույլ է տալիս ենթադրել, որ 2015 թվականի խաղերում մասնակիցների քանակի ռեկորդ կգրանցվի: Այս տարի Համահայկական խաղերում խաղարկվելու է մեդալների 105 կոմպլեկտ, առանձին սպորտաձևերի հաղթողներին հանձնվելու են գավաթներ:

Խաղերը կանցկացվեն Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում, Գյումրի, Վանաձոր, Արտաշատ և Աբովյան քաղաքներում:
Արմավիրի մարզի 3 քաղաքների ներկայացուցիչները հանդես են եկել Համահայկական բոլոր խաղերում և այս տարի ևս մեր մարզիկները կմասնակցեն 8 մարզաձևերում` 115 հոգանոց պատվիրակությամբ, որից Արմավիր քաղաքից` 42 մարդ, Էջմիածին քաղաքից 50, Մեծամոր քաղաքից` 23 մարդ:
Հաջողություններ եմ մաղթում մեր մարզի մարզիկներին` հույս ունենալով, որ նրանք լավագույնս կմասնակցեն խաղերին և կարժանանան մրցանակների:
Սարդարապատից Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահն ուղևորվելու է դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` ստանալու Վեհափառ Հայրապետի օրհնությունը, որից հետո օգոստոսի 2-ին Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությունը խորհրդանշող երեք ջահերը մուտք կգործեն Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ` ազդարարելով Համահայկական ամառային 6-րդ խաղերի սկիզբը:

Բարի երթ ենք մաղթում Համահայկական ամառային 6-րդ խաղերին, բարի երթ ենք մաղթում Համահայկական խաղերի ջահակրին:
Հենց Սարդարապատի տարածքում ջահի փոխանցմամբ մենք հավաստում ենք, որ տերն ենք մեր հաղթանակների և մեր պատմական հետագա ընթացքը շարունակելու ենք նորանոր հաղթանակներով»
:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամ Պերճ Հալաճյանը` նշելով. «Դյուցազնական այս հողից ջահը կմեկնի դեպի Սուրբ Էջմիածին և հետո օգոստոսի 2-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ` միանալու համայն հայության մյուս ջահերին, որոնք գալիս են պատմական Հայաստանից, սփյուռքից` միանալու մեկ ջահի տակ, միանալու մեր նշանաբանին` “Միասնություն սպորտով”…:
Դյուցազնական այս հողում են դրվել մեր պատմության հիմքերը և մեր գոյատևման երաշխիքն են ամբողջ աշխարհում ` ապացուցելով, որ մենք կանք, կմնանք ու դեռ կշատանանք»:

Միջոցառման ավարտին պարային կատարումներով հանդես եկան Արմավիրի արվեստի դպրոցի սաները` կրկնապատկելով ներկաների բարձր տրամադրությունը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:20:37