Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը

06.08.2015



Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին  ՏԿԱԻՆ տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների և մարզպետարանի ենթակայության առողջապահական կազմակերպությունների պատասխանատուները, քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարները:

Օրակարգային առաջին հարցի շրջանակում մարզում 2015 թվականի ամառային զորակոչի արդյունքներն ամփոփեցին ՀՀ Արմավիրի և Վաղարշապատի զինվորական կոմիսարները`մասնավորապես ընդգծելով, որ զինկոմիսարիատները պլան-առաջադրանքը կատարել են 100 տոկոսով: Նրանց խոսքով` ապահովվել է զորակոչային հանձնաժողովին ներկայանալու ենթակա բոլոր զորակոչիկների պատշաճ ծանուցումը, իսկ բացակայողների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ և այդ մասին տեղեկացվել է ոստիկանության բաժին:

Զեկուցողների փոխանցմամբ` զորակոչային աշխատանքներում խոչընդոտներ չեն առաջացել և բոլոր զորակոչիկների նկատմամբ կայացվել են որոշումներ` համաձայն «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի: 2015 թվականի ամառային զորակոչը և 1999 թվականին ծնված պատանիների կցագրման աշխատանքները կազմակերպելու և անցկացնելու գործում ցուցաբերած աջակցության համար նրանք իրենց շնորհակալությունը փոխանցեցին համայնքապետերին:

Օգոստոսի 1-ի դրությամբ մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը` նշելով, որ հաշվետու ժամանակահատվածում մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների փաստացի մուտքերը նախատեսված 1 մլրդ 93 մլն 727 հազար դրամի դիմաց կազմել են 922 մլն 57 հազար դրամ, կատարողականը՝ 84,3 տոկոս:

Վարազդատ Մկրտչյանի խոսքով` հավաքագրման մակարդակը 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 4,8 տոկոսով. շուրջ 13,1 տոկոսով ավելացել են գույքահարկի և վարձակալական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Նվազում է գրանցվել միայն հողի հարկի հավաքագրման մասով:
Սեփական եկամուտների 50 տոկոսից ցածր հավաքագրում ապահոված համայնքապետերին մարզպետ Աշոտ Ղահրամանյանն առաջարկեց անել հնարավորը` ապահովելու համայնքի բյուջեով պլանավորված ցուցանիշների կատարումը:

Օրակարգային հարցերի ավարտից հետո հայտարարությամբ հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը: Անդրադառնալով գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումներին` նա տեղեկացրեց, որ այդ ուղղությամբ իրականացվել է 8 կանխարգելիչ և 2 ախտորոշիչ միջոցառում:

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետն անդրադարձավ  նաև պետական աջակցության ծրագրի շրջանակում մարզին հատկացված աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի և ազոտական պարարտանյութի դիմաց նախատեսված գումարի վճարմանը` առաջարկելով կարճ ժամանկահատվածում hարցին լուծում տալ` հետագա բարդություններից խուսափելու համար:

Արթուր Այվազյանը տեղեկացրեց նաև, որ օգոստոսի 8-10 դադարեցվելու է Ախուրյանի ջրամբարից և Արաքս գետից Թալին, Շենիկ, Մերձափնյա, Արմավիր և Արաքս ՋՕԸ-երին մատակարարվող ոռոգման ջուրը` առաջարկելով առաջիկա օրերին տրամադրվող ջուրը հատկացնել բանջար-բոստանային մշակաբույսեր ունեցող ջրօգտագործողներին:

Օրակարգային հարցերի և հայտարարությունների քննարկումն ամփոփելուց հետո մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզխորհրդի նիստը հայտարարեց ավարտված:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08