Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրում մեկնարկել է խաղողի մթերման գործընթացը

07.09.2015



«Երևանի կոնյակի գործարանի» Արմավիրի մասնաճյուղում այսօր տրվել է խաղողի մթերման մեկնարկը, որին ներկա են եղել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ գործադիր տնօրեն Իգոր Առաքելյանը:
Վաղվանից գործարանի Արարատի մասնաճյուղում նույնպես կսկսվի խաղողի մթերումների գործընթացը, իսկ մեկ շաբաթվա ընթացքում խաղողի մթերման աշխատանքներին կանցնեն արդեն հանրապետության բոլոր մթերող կազմակերպությունները:
Անցյալ տարի մթերվող խաղողի 1 կգ-ի արժեքը Արարատյան դաշտավայրում կազմել է 150 դրամ, իսկ Տավուշի մարզում 140 դրամ։ Այս տարի «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն կպահպանի նախորդ տարվա գները։
Նախարարի խոսքով` այս տարի խաղողի բերքն ըստ կանխատեսումների 10-15 տոկոսով կգերազանցի նախորդ տարվա մակարդակը, ուստի բոլոր արտադրողների հետ անհատական աշխատանք է տարվում, որպեսզի ստացված բերքն ամբողջ ծավալով մթերվի:
«Անցյալ տարի արտադրվել է 261 հազար տոննա խաղող, որից 184 հազար տոննան մթերվել է: Այս տարի ակնկալում ենք, որ խաղողի արտադրության ծավալները կհասնեն 290-295 հազար տոննայի, մթերման ծավալները նույնպես ավելանալու են: Ես ուզում եմ հավաստիացնել գյուղացիական տնտեսություններին, որ արտադրված բերքն ամբողջությամբ կմթերվի», – իր խոսքում նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր խոսքում նշել է, որ մարզում խաղողագործները հրաշալի բերք են աճեցրել և արդարացվել են բոլորի սպասումները: Ըստ մարզպետի՝ մարզում արտադրվել է շուրջ 90 հազար տոննա խաղող: Նա վստահեցրել է, որ իշխանությունների կողմից արվում է ամեն ինչ՝ արտադրված խաղողի մթերումն ամբողջությամբ և առանց խոչընդոտների կազմակերպելու համար:
Գործադիր տնօրեն Իգոր Առաքելյանի փոխանցմամբ՝ թեև իրենց պահանջարկը 30 հազար տոննա է կազմում, սակայն պատրաստ են այս տարի մթերել շուրջ 35 հազար տոննա խաղող, ընդ որում մթերման գնի նվազում չի լինելու: Նա նաև հավելել է, որ ընթացիկ տարում ևս ապառիկ կարգով խաղողագործներին այգիների մշակման համար տրամադրվել են բուժանյութեր` մոտ 250 միլիոն դրամի չափով և այլ աջակցություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49