Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խաչքարի բացում և պուրակի անվանակոչում՝ նվիրված ապրիլյան պատերազմում զոհված Հովսեփ Կիրակոսյանի հիշատակին

23.08.2016

Հովսեփ Գեղամի Կիրակոսյանը  ծնվել է 1988 թվականին, ՀՀ Արմավիրի մարզի Ապագա համայնքում: Նա սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ուսումնառությունից հետո  տեղափոխվել է  Ստեփանակերտ, ապա՝ Մատաղիս:

Համայնքում  մերօրյա հերոսին հիշում են որպես լավ մարդու, ով հանուն իր հայրենիքի պատրաստ էր ամեն ինչի: Եվ իսկապես,  Հովսեփը հանուն հայրենիքի ապագայի և խաղաղ օրվա համար իր կյանքը նվիրաբերեց ժողովրդին՝  դառնալով հայ ազգի հերոս, ով երազում էր պայծառ ապագայի և լավ օրվա մասին:

Ապագա համայնքի բնակիչները մեծ ցավ են ապրում համագյուղացու մահվան համար,  միևնույն ժամանակ հպարտանում, որ ճանաչել են նրան: Եվ այսօր, ի նշան մեծագույն հարգանքի և հավերժ հիշատակի, Ապագա համայնքում տեղի ունեցավ ապրիլյան քառօրյա պատերազմում ռազմական գործողությունների արդյունքում հերոսաբար զոհված ԻՍՎ հրամանատար, կապիտան Հովսեփ Կիրակոսյանի հիշատակին նվիրված խաչքարի բացում և պուրակի անվանակոչում:

Նախաձեռնության հեղինակը եղել է Ապագա համայնքի ղեկավար Արտաշես Բարսեղյանը: Նրա ձեռնարկին արձագանքել է  Ապագա համայնքի բնակիչ,      բարերար Ավագ Փաթեյանը, ում հովանավորությամբ էլ կառուցվել է հերոս հայորդու հիշատակը հավերժացնող  խաչքարը՝ քանդակագործ Ռուբեն Նալբանդյանի կողմից։

Հիշարժան օրը Հովսեփ Կիրակոսյանի ընտանիքի, համայնքի բնակիչների և հյուրերի հետ կիսեց նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նա ողջունելով ներկաներին՝ նշեց. «Այսօր մենք նորից ու նորից մեր խոնարհումն ենք բերում այն քաջորդիների հիշատակի առաջ, որոնք ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ իրենց կյանքը տվեցին մեր երկրի պաշտպանության համար: Հովսեփները, Արսենները, Վարդանները, մեր բոլոր անմահացած հերոս զավակները եղել են, կան ու հավերժ կլինեն մեր ազգի գոյության ողջ ժամանակահատվածում:

Ես ցանկանում եմ, որ մեր Հովսեփի երկու որդիները և մեր բոլորի զավակներն ապրեն խաղաղության պայմաններում՝ կերտելով այն պետությունն ու իրականությունը, որում ցանկանում ենք ապրել ու արարել:

Մեր հերոս հայորդու հարգարժան հարազատներ, Ապագա համայնքի սիրելի բնակիչներ, բոլորիդ ցանկանում եմ համբերություն, ուժ, կորով՝ հանուն մեր նորօրյա հաղթանակների և նվաճումների»:

Օրվա առթիվ Հովսեփ Կիրակոսյանի անունը կրող պուրակում կազմակերպվել էր միջոցառում, որի ընթացքում դպրոցի սաները հայրենասիրական երգ ու պարով, ասմունքով իրենց հարգանքի տուրքը մատուցեցին հերոս համագյուղացու հիշատակին՝ մեծ հուզմունք և ոգևորություն պարգևելով ներկաներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57