Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տոնական ընդունելություն և պարգևատրումներ՝ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ

21.09.2016

ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Արմավիր քաղաքի մշակույթի տանն այսօր մարզային իշխանության կողմից հրավիրվել է տոնական ընդունելություն՝ մասնակցությամբ պետական կառույցների, իրավապահ մարմինների, բանակի, առողջապահության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև գիտության, կրթության, սպորտի, արվեստի և մշակույթի մի խումբ գործիչների:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ՝ ասելով. « Արմավիրի մարզի հարգարժան բնակիչներ, սիրելի հայրենակիցներ, բազում են մեր ազգային պետական տոնացույցում օրերը, որոնք գրված են ոսկյա տառերով, ու մեր ժողովուրդը սիրով է հիշում իր պատմական կենսագրության բոլոր հիշարժան օրերը, սակայն, ըստ իս, Սեպտեմբերի 21-ն է մեր ամենանվիրական տոնը, մեր ազգային հպարտությունը, մեր հարատև լինելիությունը հավաստող ու հաստատող տոնը, որն ունենալու փափագն ու երազանքը ունեցան հայ ժողովրդի բազում սերունդներ, բայց այն վայելելու բախտն ու պատասխանատվությունը վիճակվեց մեզ:

1991 թվականի սեպտեմբերի 21-ին ողջ հայ ժողովուրդը միակամ ու միաբերան՝ ի լուր աշխարհի հայտարարեց, որ վերաստանձնում է սեփական ճակատագիրը տնօրինելու պատասխանատվությունն ու պատիվը: Սակայն բոլորս գիտենք՝ նվեր չտրվեց անկախությունը մեր ժողովրդին, այն զուգակցվեց պատերազմով, թշնամական շրջափակմամբ, տնտեսական բազում դժվարություններով, մարդկային զրկանքներով, արտագաղթի նոր ալիքով, ու նաև ցավոք սրտի, մարդկային կյանքերի բազմաթիվ կորուստներով: Իրար հաջորդող ոգևորություններով ու հիասթափություններով, ձեռքբերումներով ու կորուստներով, կյանքի ու կացութաձևերի սրընթաց փոփոխություններով, հին գաղափարներից ու արժեհամակարգից ձերբազատվելու ցանկությամբ ու նաև հասարակության գիտակցության մեջ եղած իներցիաների ու կարծրատիպերի կործանման լուրջ դժվարություններով լի են եղել այս 25 տարիները:

Սակայն, ի շնորհիվ մեր ժողովրդի տոկունության, հաստատակամության և աշխատասիրության հաղթահարվել և այսօր էլ հաղթահարվում են բոլոր մարտահրավերները, լինեն դրանք թշնամու սադրանք, բնական ու տարերային աղետների պատճառած վնասներ, թե պայմանավորվեն մեր՝ կառավարողներիս, երբեմն դրսևորող անփորձությամբ ու սխալներով:

Պատմականորեն մեզ բաժին է ընկել բարդ ու խնդիրներով լի տարածաշրջան, և անչափ կարևոր է այս արագ փոփոխվող հակամարտ աշխարհում մեր տեղի ու դերի ճիշտ ընտրությունը, մեծ իմաստություն ու ջանք է պահանջվում արտաքին ճկուն ու հավասարակշռված քաղաքականություն վարելու, միջազգային, հատկապես տնտեսական զարգացման ընթացքին ու ուղղություններին ինտեգրվելու, և այս ամենի մեջ մեր ամենամեծ ձեռքբերումը՝ մեր ազգային- պետական անկախությունը, չկորցնելու համար:

Ո՞րն է եղել 25-ամյա այս ընթացքի մեր ամենամեծ ձեռքբերումը. միանշանակ բոլորս կհաստատենք 25-ամյա անկախության այս սերունդը, որն ավելի վստահ ու հաստատակամ է: Նա իր երկրի տերն է, ու ամեն օր ու ժամ իր պահվածքով գալիս է ասելու, որ ինքը պատրաստ է տալու իր համար ամենաթանկը՝ սեփական կյանքը, իր երիտասարդ ու չապրած կյանքը, ինչպես դա արեց այս անցած 25 տարիներին, այնպես էլ այս տարվա քառօրյա պատերազմի ժամանակ ոչ վատ ու պակաս, քան դա արել էին իրենց հայրերը՝ Արցախյան պատերազմի օրերին:

Ուրեմն, Անկախության այս հրաշափառ տոնին միմյանց շնորհավորելուց առաջ եկեք լռությամբ հարգենք մեր բոլոր զոհերի անմահ հիշատակը:

Ու նաև երդվենք նրանց հիշատակով, որ անելու ենք ամեն ինչ նրանց արժանի հայրենիքը պահելու համար: Մեր սիրասուն զավակներ, մեր ու ձեր հայրենիքը պիտի ունենա հզոր ու կայացած պետություն ,հզոր ու կայացած բանակ, հզոր ու կայացած տնտեսություն, հզոր ու հավատով լեցուն ժողովուրդ, ակտիվ հասարակություն: Միայն այս դեպքում մենք կասենք՝ անկասելի ու անշրջելի է մեր անկախությունն այլևս: Եվ սեպտեմբերի 21-ը մեր ազգային հպարտության ու մեր ազգային լինելիության առհավատչյան է այսուհետ ու ընդմիշտ…

Հարգելի բարեկամներ այսօր այստեղ, այս դահլիճում մեզ հետ են անկախության 25 տարիների ընթացքում մեր մարզի ամենատարբեր ոլորտները ներկայացնող մարդիկ, որոնք սիրով ու նվիրվածությամբ մեծ մասնակցություն են ունեցել մեր երկրի ու երիտասարդ պետության կայացմանը: Շնորհավոր ու շնորհակալություն բոլորից՝ սկսած հողի անխոնջ մշակից, վերջացրած սահմանը պահած ու պահող զինվորով, բոլոր քաղաքական կուսակցություններով, անհատներով, տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ու անփորձ ղեկավարներով:

Այսօր էլ, մենք՝ Արմավիրի մարզի այսօրվա ղեկավարներս, ունենք ձեր փորձի ու աջակցության, ձեր միասնության կարիքը, քանզի շատ-շատ են մեր երկրի առջև ծառացած խնդիրները: Դեռ հեռու է այն տեսլականը, որ ունի ամեն հայ հայրենասեր մարդը՝ տեսնել Անկախ 25-ամյա Հայաստանը որպես աշխարհի բոլոր ծագերում սփռված հայության միակ ու բաղձալի հայրենիքը:

Կրկին ու կրկին շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի առիթով ու նաև խնդրում եմ թուլյ տալ մեր մարզի հանրության տարբեր հատվածները ներկայացնող մի շարք քաղաքացիների, որոնք նշանակալի ավանդ ունեն մարզի զարգացման այս ընթացքին, շնորհակալություն հայտնել որոշակի պարգևներով: Հանձինս նրանց, գնահատելով մարզի ողջ ազգաբնակչության անձնվեր աշխատանքները՝ հանուն մեր անկախ երկրի կայացման: Այն ազգաբնակչության, որը, չնայած բազում-բազում դժվարությունների, շարունակում է մնալ, ապրել ու աշխատել մեր շատ սիրելի Արմավիրի մարզում:

Շնորհավոր Անկախության տոնը:
Կեցցե ՛ Հայաստանի Հանրապետությունը:
Եվ հավերժ հիշատակ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին անկախության կերտմանը և այժմ էլ՝ մեր հայրենիքի սահմանների պաշտպանությանը»:

Տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած, պետականաշինության գործում իրենց ավանդը ներդրած մի խումբ անձանց միջոցառման ժամանակ հանձնվեցին պետական պարգևներ:

Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումն ամփոփվեց համերգային ծրագրով: Ներկաներին իրենց շնորհաշատ և օրվա խորհուրդը լրացնող կատարումներով ոգևորեցին Արմավիրի  արվեստի քոլեջի և մշակույթի տան սաները:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:20:37