Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ուսուցչի օրվա առթիվ մարզպետը եղավ մի շարք դպրոցներում

05.10.2016

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն Ուսուցչի օրվա առթիվ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի ուղեկցությամբ այսօր այցելեց Թաիրովի, Փարաքարի միջնակարգ դպրոցներ, ապա նաև Վաղարշապատի թիվ 1, թիվ 6 և Արմավիրի Մ. Սիլիկյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցներ:

Ամենուր տիրում էր տոնական բարձր տրամադրություն`լի ուսուցիչների և աշակերտների կողմից հնչող բարեմաղթանքի, շնորհավորանքի ու երախտագիտության խոսքերով: Նույնքան ջերմ ընդունելության էլ կրթօջախներում արժանացան մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և ոլորտի պատասխանատու Գայանե Սայադյանը:

Մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով մանկավարժներին` մարզպետը մասնավորապես նշեց. «Այս օրը ևս մեկ հրաշալի առիթ է մեր գնահատանքի խոսքերը հղելու ձեզ, այն նվիրումի, ազգապահպան ու հայրենանվեր գործի համար, որը դուք իրականացնում եք հանուն մեր վաղվա օրվա, մեր լուսավոր ապագայի: Եթե զինվորը մեր սահմանն է պաշտպանում, ծառայություն է իրականացնում մեր երկրի անվտանգության համար, ապա դուք ձեր մարտը տալիս եք այս պատերի ներսում` դարձյալ ի պաշտպանություն և ի պատիվ մեր ազգի ու պետության…:

Անկախության այս 25 տարիների ընթացքում դուք ապացուցել եք, որ մերօրյա հերոսներն եք: Ձեր վաստակը միշտ կարևորվել է, և դուք միշտ եղել եք և կլինեք մեր պետության բարձրաստիճան այրերի, ոլորտի պատասխանատուների ուշադրության կենտրոնում»:

Կրթության, մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար և ուսուցչի տոնի կապակցությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից պատվոգրով պարգևատրվեցին Թաիրովի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Վարդուհի Ծատրյանը, Փարաքարի միջնակարգ դպրոցի դասվար Ջուլիետա Աբգարյանը, Վաղարշապատի թիվ 1 հիմանական դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Սոնյա Ալավերդյանը, Վաղարշապատի թիվ 6 հիմնական դպրոցի անգլերենի ուսուցչուհի Թամարա Ճուղուրյանը և Արմավիրի Մ. Սիլիկյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցի անգլերենի ուսուցչուհի Մանյա Խաչատրյանը:

Շնորհավորելով պարգևատրվողներին` մարզպետն ընդգծեց, որ, այնուամենայնիվ, մանկավարժի ամենամեծ պարգևը նրա կրթած սերնդի` տարբեր ոլորտներում ունեցած հաջողություններն ու ձեռքբերումներն են:

Յուրաքանչյուր տարի Ուսուցչի օրը մարզի դպրոցներում տոնի վերածելու, մանկավարժական կոլեկտիվներին հաճելի անակնկալ մատուցելու, նրանց աշխատանքը գնահատելու համար տնօրենների կողմից երախտագիտության խոսքեր ուղղվեցին մարզպետ Աշոտ Ղահրամանյանին և ոլորտի պատասխանատու Գայանե Սայադյանին: Իսկ Վաղարշապատի թիվ 6 հիմնական դպրոցի տնօրենը մարզպետին նվիրեց Արտակ Մովսիսյանի հեղինակած «10 հայ ականավոր արքաներ» գիրքը` ի նշան ուժի և նվիրումի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49