Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի Ռ. Եղոյանի անվան թիվ 1 դպրոցը տոնեց հիմնադրման 75-րդ տարեդարձը

08.10.2016

Արմավիրի Ռուբիկ Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցն այսօր մեծ հանդիսությամբ տոնեց հիմնադրման 75-րդ տարեդարձը: Տոնական միջոցառմանը մասնակցեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, նախարարությունը և մարզպետարանը ներկայացնող պաշտոնյաներ, կրթօջախի տարբեր տարիների մանկավարժներ և շրջանավարտներ:

Օրը դպրոցում նշանավորվեց հուշաքարի բացմամբ, որին էլ հաջորդեց շրջանավարտ նկարիչների աշխատանքների ցուցադրությունը և պատմության թանգարանի բացումը: Թանգարան, որի միջոցով դպրոցի տնօրինությունը փորձել է փաստագրել, վավերացնել և սուրբ մասունքի պես գալիք սերունդներին փոխանցել իրենց բաժին հասած ժառանգությունը, որպեսզի 75 տարվա պատմություն ունեցող դպրության խորանում չընդհատվի սերունդների կապը:

Կրթօջախի հիմնադրման 75-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստը բացվեց Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հովիվ Տեր Ստեփանոս քահանա Մելիքյանի օրհնության խոսքով և տերունական աղոթքով:

Օրվա առթիվ հնչած բազում շնորհավորանքներին և բարեմաղթանքներին միացավ նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` ասելով. «Այսօր նշանավոր և անմոռանալի օր է Արմավիր քաղաքի և այս բազմավաստակ կրթօջախի կամարների ներքո իրենց կյանքը, ուսումնառությունն ու աշխատանքային գործունեությունն անցկացրած բոլոր մարդկանց համար:

Հիմնադրման 75-ամյակն է նշում Արմավիր քաղաքի առաջին դպրոցը, որը, կազմավորվելով Մեծ հայրենականի տարիներին, դարձավ նորաստեղծ բնակավայրի կրթության, զարգացման, հաղթանակի ու հույսի գրավականը:

Հոբելյանն անցած ճանապարհն արժևորելու և ապագան ուրվագծելու հնարավորություն է ընձեռում: Վստահաբար կարող եմ ասել, որ դպրոցն իր բեղմնավոր գործունեության ընթացքում փառքով ու պատվով է իրականացրել սերունդների կրթության և դաստիարակության իր առաքելությունը: Վկան՝ տարբեր տարիների շուրջ հիսուն հազար շրջանավարտների հսկա բանակը: Դպրոցի բազմաթիվ շրջանավարտներ եղել են նախկին Խորհրդային միության և Հայաստանի անկախ հանրապետության պետականության կայացման, տնտեսության, առողջապահության, կրթության, մշակույթի, սպորտի բնագավառների զարգացման ու բարձր նվաճումների ակունքներում:

Ակնհայտ է նաև, որ այս կրթօջախում հայրենասեր, ազգային արժեքներ կրող սերնդի ու քաղաքացու դաստիարակությունն է պատվով իրականացվում: Դպրոցի հարյուրավոր շրջանավարտներ են մասնակցել Արցախյան պատերազմին և ապրիլյան քառօրյային: Նրանցից շատերը հերոսացան՝ իրենց կյանքը նվիրաբերելով հայրենիքին: Այդ քաջերի շարքում՝ «Արծիվ-13» ջոկատի 6 անդամները և Ռուբիկ Եղոյանը:
Հավերժ փառք նրանց և մեր բոլոր հերոսների հիշատակին:

Այսօր, գնահատելով դպրոցի գործունեությունը, համոզված ենք, որ այն շարունակելու է իր իսկ ձևավորած այն բարի ավանդույթները, որոնք ապահովել են 75-ամյա չընդհատվող հրաշալի ուղին: Իմ խորին համոզմամբ այդ երկարակեցության գաղտնիքը տարբեր տարիների ուսուցիչների և աշխատակազմի նվիրված աշխատանքի արդյունքն է: Այսուհետ ևս, դպրոցը քայլելու է առաջ, բայց արդեն զինված նոր տեխնոլոգիաներով, մշտապես միտված նորանոր բարձունքների և հաջողությունների:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս հրաշալի հոբելյանի առթիվ՝ մաղթելով հաջողություններ, նորանոր նվաճումներ, կառուցողական ծրագրեր, որոնք էլ ավելի կբարձրացնեն դպրոցի հեղինակությունը և կնպաստեն մեր պետության հզորացմանը»:

Մատաղ սերնդի կրթության, դաստիարակության գործում ներդրած ավանդի համար և Արմավիրի Ռուբիկ Եղոյանի անվան թիվ 1ավագ դպրոցի հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից շնորհակալագրերով խրախուսվեցին դպրոցի տնօրեն Նունե Դոլինյանը, տնօրենի տեղակալ Սիմիզար Եղիազարյանը, փոխտնօրեն Անահիտ Մալխասյանը, ինչպես նաև հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ջուլիետա Կարապետյանը:

Օրվա առթիվ և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի կրթության, մանկավարժության ոլորտում և մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև երկարամյա, անբասիր, վաստակաշատ մանկավարժական գործունեության համար ՀՀ կրթության և գիտության նախարարի, Արմավիրի մարզպետի և քաղաքապետի կողմից պատվոգրերով պարգևատրվեցին կրթօջախի տարբեր տարիների մանկավարժներ:

Կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` ոսկե հուշամեդալով պարգևատրվեց նաև Ռ. Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցը, իսկ Արմավիրի քաղաքապետի հուշամեդալով` դպրոցի տնօրենը:

Դպրոցի հիմնադրման 75-րդ տարեդարձի առթիվ տնօրինության կողմից շնորհակալագրերով խրախուսվեցին կրթօջախի տարբեր տարիների լավագույն շրջանավարտները:
Հանդիսավոր նիստն ամփոփվեց համերգային ծրագրով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:37:59