Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն այցելեց Տանձուտի միջնակարգ դպրոց

10.10.2016

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի ուղեկցությամբ այսօր այցելեց Տանձուտի միջնակարգ դպրոց:

Այցի շրջանակում մարզպետը ծանոթացավ նորաբաց նախակրթարանում ստեղծված պայմաններին, շրջեց դասասենյակներում, զրուցեց մանկավարժների և աշակերտների հետ, հետաքրքրվեց ուսումնական գործընթացով, ապա հանդիպեց ուսուցչական կազմին:

Կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար և Ուսուցչի օրվա կապակցությամբ մարզպետը Տանձուտի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Անահիտ Աթոյանին հանձնեց ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ստացված հուշամեդալը:

Մասնագիտական տոնի առթիվ և կրթության, մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար դպրոցի տարրական դասարանի ուսուցիչ Ռենա Բաղդասարյանը, ռուսաց լեզվի ուսուցիչ Մարիետա Գաբրիելյանը և գերմաներենի ուսուցիչ Էմմա Կուղյանոսյանը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով:

«Մենք օրեր առաջ տոնեցինք մեր երկրի կայացման գործում իրենց լուրջ ավանդը ներդրած անձանց` մեր սիրելի ուսուցիչների տոնը: Հավատացած եղեք, ձեր մասնագիտական տոնն այն օրն է, երբ անկախ տարիքից յուրաքանչյուր մարդ դառնում է աշակերտ` հիշելով իր ուսուցիչներին, մտաբերելով իր աշակերտության տարիները և փաստելով, որ եթե հաջողության է հասել, ապա ամենամեծ ավանդն իր ուսուցիչներինն է, իսկ եթե չի չհաջողել` մեղավորն ինքն է»,- իր խոսքում նշեց մարզպետը` նրանց մաղթելով հաջողություններով ուղեկցվող աշխատանքային տարիներ և ամենայն բարիք:

Կրթօջախի տնօրեն Հովսեփ Այվազյանը շնորհակալություն հայտնեց մարզպետին ջերմ խոսքերի համար` վստահեցնելով, որ միշտ զգացել են նրա և ոլորտի պատասխանատուների հոգատար վերաբերմունքը ինչպես իրենց, այնպես էլ դպրոցի նկատմամբ: «Մենք էլ մեր աշխատանքով փորձում ենք արժանին մատուցել ձեզ»,- եզրափակելով իր խոսքն` ընդգծեց Հովսեփ Այվազյանը:
Իսկ կրթօջախի սաները երգով ու ասմունքով իրենց ողջույնը հայտնեցին հյուրերին և շնորհավորանքը` ուսուցիչներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08