Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նախակրթարանի բացում` Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցում

10.10.2016

Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցում այսօր տեղի ունեցավ «Արևիկ» նախակրթարանի բացումը, որին ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, ոլորտը ներկայացնող մեծ թվով հյուրեր:
Կրթօջախում միջոցառման մասնակիցներին դիմավորեցին տոնական բարձր տրամադրությամբ, երգ ու պարով, աղ ու հացով:

Նախակրթարանի բացումը, տնօրեն Նունե Գևորգյանի խոսքով, երկար և շատ սպասված ձեռնարկ էր և համայնքի, և կրթօջախի համար: Այն կյանքի է կոչվել Համաշխարհային բանկի ծրագրերի իրականացման գրասենյակի 75 տոկոս ֆինանսավորմամբ և համայնքի 25 տոկոս համաֆինանսավորմամբ: Տնօրենի տեղեկացմամբ` նախակրթարանը կգործի շուրջտարյա: Այսօր արդեն նախակրթարանն ունի 4-6 տարեկան 75 երեխա, որոնց թիվն ամեն օր ավելանում է: «Նախադպրոցական տարիքի երեխան հմուտ մասնագետների շնորհիվ այստեղ կստանա անհրաժեշտ գիտելիքներ, և կապահովվի նրա սահուն անցումը դպրոց»,- իր խոսքում ընդգծեց Նունե Գևորգյանը:

Մեծամորի դպրոցում օրը նշանավորվեց նաև հիմնանորոգված տարրական դպրոցի վերանորոգված հատվածի բացման արարողությամբ և Ուսուցչի տոնի առթիվ կազմակերպված մեծարման ցերեկույթով, որին հրավիրվել էին նաև իրենց վաստակած հանգստին անցած դպրոցի տարբեր տարիների մանկավարժները: Միջոցառումը ևս մեկ առիթ էր գնահատանքի, երախտագիտության և բարեմաղթանքի խոսքեր հղելու բոլոր ուսուցիչներին և կրկին ասելու` շնորհավոր տոնդ, սիրելի ուսուցիչ:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին և շնորհավորելով բոլորին հաճելի օրվա առթիվ` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կարևորեց դպրոցում իրականացված ծրագրերի նշանակությունը սաների հետագա կրթության և դաստիարակության գործում` վստահեցնելով, որ հաճելի պայմաններում բարձրանում է ուսումնական գործընթացի արդյունավետությունը և որակը:

Մասնագիտական տոնի առթիվ նա իր շնորհավորանքի խոսքը հղեց նաև ուսուցիչներին` բարձր գնահատելով նրանց առաքելությունը մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում. «Դուք այս պատերի ներքո կերտում եք մեր ապագան, դուք եք մեր վաղվա օրվա, մեր լուսավոր գալիքի երաշխավորը: Մաղթում եմ ձեզ անձնական երջանկություն, ստեղծագործական աշխատանքի նոր եռանդ, մեծ համբերություն և բազում հաջողություններ: Փառք ու պատիվ ձեզ»:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08