Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը

13.10.2016

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, փոխմարզպետներ Լարիսա Մուրադյանը, Մովսես Քարտաշյանը, Գագիկ Գաբրիելյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, համայնքների ղեկավարները և համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարները:

Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը` ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շնորհավորեց սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրություններում վերընտված և նորընտիր համայնքների ղեկավարներին` նրանց մաղթելով բեղմնավոր աշխատանքային գործունեություն` ի նպաստ իրենց ղեկավարած համայնքի բարօրության:

Գյուղատնտեսական նվաճումների համար մարզպետը ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ոսկե մեդալ հանձնեց Արազափ և Հուշակերտ համայնքների ղեկավարներ Մանվել Հարությունյանին և Սամվել Մխիթարյանին: Գյուղատնտեսության նախարարության կողմից շնորհակալագրերով խրախուսվեցին նաև Զարթոնք, Մյասնիկյան, Դալարիկ և Հովտամեջ համայնքների ղեկավարները և մի խումբ ֆերմերներ:

Օրակարգային առաջին հարցի շրջանակումՀՀ Արմավիրի մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման և համայնքներում աշխատավարձերի պարտքերի մարման գործընթացն առ 01.10.2016 թվականի դրությամբ ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը` նշելով, որ հաշվետու ժամանակահատվածում մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների փաստացի մուտքերը նախատեսված 1մլրդ 437 մլն 223 հազար դրամի դիմաց կազմել են 1 մլրդ 144 մլն 344 հազար դրամ, կատարողականը՝ 79,6 տոկոս:

Վարազդատ Մկրտչյանի խոսքով` սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 3,1 տոկոսով, մասնավորապես` 10,9 տոկոսով հողի հարկի, 2,3 տոկոսով գույքահարկի և 4,7 տոկոսով վարձակալական վճարների մասով: Ըստ նրա` աշխատավարձի պարտք ունի թվով 22 համայնք: Այն կազմում է 32 մլն 982 հազար դրամ:

Անընդունելի համարելով հավաքագրման ցածր ցուցանիշների ապահովումը և աշխատավարձի պարտքի գոյացումը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը համապատասխան համայնքների ղեկավարներին առաջարկեց ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել սեփական եկամուտների հավաքագրման և աշխատավարձի պարտքի մարման գործընթացին` մինչև նոյեմբերի 15-ը ապահովելով համայնքի բյուջեով պլանավորված ցուցանիշների կատարումը:

Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետն անդրադարձավ նաև մարզի համայնքներում 2017 թվականի բյուջեի կազմման գործընթացին` տեղեկացնելով, որ համայնքապետարանների համապատասխան մասնագետներին տրվել են մեթոդական ցուցումներ գործընթացի վերաբերյալ, և հիշեցրեց, որ համապատասխան ֆինանսական փաստաթուղթը սահմանված ժամկետում պետք է ներկայացնել մարզպետարան:

Հողի հարկի և գույքահարկի, ինչպես նաև վարձակալության տրամադրած հողի և գույքի գծով խոշոր պարտավորություններ ունեցող և չվճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց պատասխանատվության ենթարկելու մասին զեկույցով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Յուրի Մանվելյանը` մասնավորապես նշելով, որ հողի հարկի և գույքահարկի մասով պարտք ունի 24 համայնք, իսկ հողամասի վաձակալությամբ խոշոր պարտք կա 8 համայնքում:

Նա տեղեկացրեց, որ Արմավիր և Էջմիածին քաղաքային, ինչպես նաև Փարաքար, Ամբերդ և Նոր Կեսարիա գյուղական համայնքներում խոշոր պարտքատերերի վերաբերյալ արդեն համապատասխան հայցեր են ներկայացվել ՀՀ վարչական դատարան, իսկ մյուսների մասով տրվել են ծանուցումներ:

ՀՀ Արմավիրի մարզի համայնքներում Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) շահագործման արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ առաջարկությամբ հանդես եկավ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի տնօրեն Գրիշա Խաչատրյանը`ըստ համայնքների ներկայացնելով համակարգի շահագործման հետ կապված հիմնական խնդիրները և դրանց լուծմանն ուղղված քայլերը:

Կարևորելով օրակարգային հարցի արդիականությունը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանն առաջարկեց միջոցներ ձեռնարկել համայնքապետարաններում բավարար որակի համացանցային կապի, տեխնիկայի և էլեկտրոնային կառավարման համակարգերի կանոնավոր շահագործումն ապահովելու համար, օժանդակել այդ ուղղությամբ մասնագիտական կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքներին։ Մարզպետի հանձնարարությամբ եռամսյակային մշտադիտարկում կիրականացվի նաև  համակարգի շահագործման հետ կապված թերացումները բացառելու և նախանշված աշխատանքները սահմանված կարգով իրականացնելու նպատակով:

Հնչեցված հարցերի առնչությամբ ելույթ ունեցավ նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը` համայնքապետերի ուշադրությունը հրավիրելով մասնավորապես սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշի բարելավման վրա` միաժամանակ տեղեկացնելով, որ հարցը գտնվելու է տարածքային կառավարման և զարգացման նախարարի մոտ առաջիկա օրերին նախատեսվող խորհրդակցության օրակարգում:

Կարեն Իսախանյանն անդրադաձավ նաև համայնքների զարգացման ծրագրերի կազմման գործընթացին` նշելով, որ 2017 թվականից դրանք լինելու են հնգամյա և առավել իրատեսական, որտեղ հստակ կարտացոլվի նախատեսվող ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերի հաջորդականությունը և ակնկալվող արդյունքը: Նա իր խոսքում կարևորեց նաև ՀԿՏՀ շահագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքները` առաջարկելով նաև տարածքային կառավարման և զարգացման նախարարության գործուն աջակցությունը:

Օրակարգային հարցերի ավարտից հետո հայտարարությամբ հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը` ամփոփ տեղեկատվություն ներկայացնելով մարզի համայնքներին պետական աջակցության ծրագրերով 2013-15 թվականներին հատկացված աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուների և ազոտական պարարտանյութի համար անհրաժեշտ վճարումների կատարման վերաբերյալ:

Հայտարարության առնչությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հորդորեց համայնքապետերին մինչև հոկտեմբերի 25-ը մարել առկա պարտքը` հետագա պատասխանատվությունից խուսափելու համար:

Օրակարգային հարցերի և հայտարարությունների քննարկումն ամփոփելուց հետո մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզխորհրդի նիստը հայտարարեց ավարտված:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36