Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ոստիկաններին նվիրված միջոցառում` Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոցում

27.10.2016

Արմավիր քաղաքի թիվ 8 հիմնական դպրոցում այսօր կազմակերպվել էր «Ծառայելով օրենքին` ծառայում ենք ժողովրդին» խորագիրը կրող միջոցառում` նվիրված ոստիկաններին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արսեն Այվազյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, ոստիկանության և կրթության ոլորտը ներկայացնող պատասխանատուներ, հյուրեր:

Միջոցառման մեկնարկն ազդարարվեց Տերունական աղոթքով և Ազգային օրհներգով, ապա ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության ծառայողների հիշատակը:

Աշակերտներն իրենց ելույթներով ներկայացրեցին մերօրյա ոստիկանի կերպարը՝ ընդգծելով նրա կարևոր դերը հասարակության մեջ կարգ ու կանոնի հաստատման, հանցագործությունների ու ապօրինությունների դեմ պայքարի, ժողովրդի անվտագության ու պաշտպանության ապահովման գործում:

Շնորհակալություն հայտնելով ներկաներին միջոցառմանը մասնակցելու համար՝ կրթօջախի տնօրեն Աննա Խաչատրյանը նշեց, որ յուրաքանչյուր պետության պաշտպանության կայուն երաշխիքը ազգային բանակը և ոստիկանությունն է: Նրա խոսքով՝ վերջին տարիներին ոստիկանության համակարգում տեղի ունեցած բարեփոխումները նկատելի արդյունք են տվել, և Հայաստանի Հանրապետության քաղաքացին այսօր իրեն ավելի պաշտպանված է զգում:

Դպրոցի կողքին լինելու և միշտ սատարելու համար ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի մի խումբ ծառայողներ շնորհակալագրեր ստացան տնօրեն Աննա Խաչատրյանի կողմից:

Ինքնատիպ միջոցառում կազմակերպելու համար մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շնորհակալություն հայտնեց կրթօջախի տնօրենին, ուսուցչական կազմին և աշակերտներին՝ ընդգծելով, որ մատաղ սերունդը լուսավոր գալիքի մեծ հույս և հավատ է ներշնչում. «Ձեր մասնակցությամբ մեզ հաջողվելու է կերտել մեր երազանքների երկիրը, որի համար այսօր արդեն Հանրապետության նախգահի, օրենսդիր, գործադիր մարմինների և պետական կառավարման բոլոր մարմինների կողմից գործնական քայլեր են արվում»:

Բարձր գնահատելով ոստիկանի դերը հասարակության կյանքում՝ մարզպետն իր խոսքում նշեց, որ նրանց ազգանվեր և անձնվեր աշխատանքն արժանի է խորին հարգանքի ու գնահատանքի. «Հարգելի ոստիկաններ, հավատացած եղեք, որ մեզ համար պատիվ է ձեզ հետ քայլել օրինապահության և արդարության հաստատման ճանապարհով»:

Օրվա առթիվ իր երախտագիտության խոսքը հղեց նաև ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արսեն Այվազյանը՝ ընդգծելով. «Ասում են, որ երեխան ընտանիքի հայելին է, իսկ դպրոցը, աշակերտները՝ հասարակության: Այսօր մենք կարող ենք վստահորեն ասել, որ մեր հայրենիքին փայլուն ապագա է սպասվում, որովհետև ունենք շատ լավ սերունդ»:

Նա իր խոսքում անդրադարձավ նաև ոստիկանության համակարգում տեղ գտած բարեփոխումներին՝ վստահեցնելով, որ առաջիկայում դրանց արդյունքներն ավելի տեսանելի կլինեն՝մեծացնելով համակարգի հանդեպ ժողովրդի ունեցած վստահությունը:

Գեղեցիկ միջոցառում կազմակերպելու, ոստիկանության դերը և նշանակությունը հասարկության կյանքում կարևորելու համար ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետն իր կողմից շնորհակալագիր հանձնեց Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոցի տնօրենին: Նա դպրոցին նվիրեց նաև «Փոքրիկ ոստիկան» վերնագիրը կրող գրքեր, որոնց միջոցով երեխաները կսովորեն երթևեկության կանոնները:

Կրթօջախի տնօրենը շնորհակալագիր և ուսումնական ձեռնարկներ ստացավ նաև ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի պետի կողմից: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49