Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ապագա համայնքում վերաբացվեց ամբողջությամբ հիմնանորոգված մանկապարտեզը

28.10.2016

ՀՀ Արմավիրի մարզի Ապագա համայնքում այսօր հանդիսավորությամբ վերաբացվեց ամբողջությամբ հիմնանորոգված մանկապարտեզը, որը վերանորոգվել և կահավորվել է Թուրքիայում բնակվող նվիրյալ հայոդի Էֆրին Պաղի և նրա ընտանիքի կողմից` հանուն երեխաների անհոգ մանկության և բարօրության: Մանկապարտեզն այսուհետև կկոչվի բարերարի թոռնուհիների անունով` Միլա-Փաթիլ:

Մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի և Գուգարաց թեմի առաջնորդներ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, բարերար Էֆրին Պաղը, իր ընտանիքի անդամներն ու մեծ թվով հյուրեր:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին և շնորհավորելով բոլորին մանկապարտեզի բացման կապակցությամբ` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց. «Այսօր բոլորիս համար շատ կարևոր և ուրախալի օր է. մեր փոքրիկների առջև իր հյուրընկալ դռներն է բացում հրաշալի պայմաններով ապահովված մանկապարտեզը, որտեղ նրանք իրենց հետագա կյանքի համար ձեռք կբերեն կարևոր գիտելիքներ և հմտություններ: Թող նման ձեռնարկները շարունակական լինեն` մեր մատաղ սերնդի կրթության և դաստիարակության համար ապահովելով հարմարավետ և նպաստավոր պայմաններ»:

ՀՀ Արմավիրի մարզի Ապագա գյուղական համայնքի բնակչության բարեկեցության բարելավմանն ուղղված սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման, համայնքի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման գործում ունեցած բարեգործական նշանակալի ավանդի համար բարերար Էֆրին Պաղը պարգևատրվեց ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի պատվոգրով:

Օրվա առթիվ ներկաներին իրենց օրհնության խոսքը հղեցին և բարերարին կատարած հայրենանվեր գործի համար պատվեցին Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:

Անձամբ իր և ապագացիների անունից բարերար Էֆրին Պաղին և նրա ընտանիքին շնորկակալական խոսք հղեց համայնքի ղեկավար Արտաշես Բարսեղյանը և ի նշան խորին երախտագիտության` նրան շնորհեց «Ապագա համայնքի պատվավոր քաղաքացի» կոչում:

Մանկապարտեզի բացման, կարմիր ժապավենը կտրելու պատիվը վերապահվեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանին և բարերար Էֆրին Պաղին, որից հետո համայնքի ղեկավարի ուղեկցությամբ միջոցառման մասնակիցները ծանոթացան մանկապարտեզում իրականացված աշխատանքներին, ստեղծված պայմաններին` իրենց գոհունակությունն ու հիացմունքն արտահայտելով կատարված մեծ գործի համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15