Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական չորրորդ փառատոնի մարզային եզրափակիչ փուլը

14.11.2016

Այսօր Արմավիրի մշակույթի տանը կայացավ «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական չորրորդ փառատոնի մարզային եզրափակիչ փուլը, որին ներկա գտնվեց և իր ողջույնի խոսքը փոխանցեց նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` դպրոցականների շրջանում կարևորելով փառատոնի իրականացման գաղափարը, որը նրանց հնարավորություն է տալիս ավելի մոտիկից և յուրովի բացահայտելու ռուսական արվեստն ու մշակույթը, երգի միջոցով ամրացնելու երկու ազգերի դարավոր բարեկամության կամուրջը:

Փառատոնը կազմակերպվում է «Ռուսաստանի հայերի միություն»  համառուսաստանյան հասարակական կազմակերպության, «Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից` ՀՀ կրթության և գիտության, մշակույթի և սփյուռքի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների ակտիվ մասնակցությամբ, “Русский Мир” հիմնադրամի (Ռուսաստանի Դաշնություն) մասնակի ֆինանսավորմամբ:

Փառատոնի նպատակն է աջակցել ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի մասսայականացմանը Հայաստանում, հանրապետության դպրոցականներին հաղորդակից դարձնել ռուս ժողովրդի մշակութային և հոգևոր արժեքներին, նպաստել Ռուսաստանի նկատմամբ նրանց հետաքրքրության ակտիվացմանը, աջակցել ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի վարկի բարձրացմանը, Ռուսաստանի մասին ստեղծված բարենպաստ հասարակական կարծիքի պահպանմանն ու հետագա խորացմանը, Ռուսաստանի` որպես Հայաստանի ռազմավարական գործընկերոջ վերաբերյալ գիտելիքների տարածմանը:

Փառատոնն անց է կացվում չորս փուլով` նախապատրաստական, դպրոցական, մարզային և հանրապետական փուլ: Փառատոնի շրջանակներում կրթօջախներում անցկացվել են ռուսաց լեզվի և ուսական մշակույթի օրեր, ռուսական երգի լավագույն կատարման մրցույթ, ռուսաց լեզվով լավագույն շարադրության մրցույթ, ռուսաց լեզվի և գրականության լավագույն ուսուցչի մրցույթ:

«Երգը բարեկամության կամուրջ է» փառատոնի մարզային փուլում անցկացվեց ռուսական երգի լավագույն կատարման մրցույթ՝ դպրոցական փուլում հաղթած թիմերի մասնակցությամբ: Այս փուլում կատարողի գնահատման չափանիշ հանդիսացավ նաև մասնակցի կողմից ռուսերեն բառերի ճիշտ արտասանությունը, կատարողի իմացությունը երգի հեղինակների, երգի ստեղծման պատմության մասին, որը ներկայացվեց կատարումից առաջ:

Հանրապետական փուլին մասնակցելու համար մարզային փուլի 55 մասնակցից ընտրվեց 5-ը (յուրաքանչյուր ժանրից մեկական հաղթող): Այս փուլում հաղթողները համերգով հանդես կգան և մարզկենտրոնում, և Երևան քաղաքում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49