Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ Արմավիրի մարզխորհրդի տարեվերջյան նիստը

27.12.2016

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, փոխմարզպետներ Մովսես Քարտաշյանը, Գագիկ Գաբրիելյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Օրակարգային առաջին հարցի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Ա.Ղահրամանյանը մարզի խորհրդի հաստատմանը ներկայացրեց իր սահմանած Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 27-ի նիստի օրակարգը:

Օրակարգային երկրորդ հարցի կապակցությամբ զեկուցումով հանդես եկավ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վ.Մկրտչյանը` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզում սեփական եկամուտների հավաքագրման ու համայնքներում աշխատավարձերի պարտքերի մարման գործընթացի վերաբերյալ հաշվետվությունը` առ 26.12.2016թ դրությամբ: Նա նշեց, որ կատարված ընդհանուր վերլուծությամբ հաշվետու ժամանակահատվածում մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների փաստացի մուտքերի նվազման պատճառով հավաքագրման մակարդակը 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ ցածր է 2,7%-ով և կազմում է 96,1%:

ՀՀ Արմավիրի մարզպետ Ա.Ղահրամանյանը,մասնավորապես անդրադառնալով հավաքագրման առավել ցածր ցուցանիշներ ունեցող համայնքներին,ընդհանուր կարգով նշեց, որ 2016 թվականի ընթացքում տեղի ունեցած կարկտահարության հետևանքով պայմանավորված գյուղատնտեսական այս տարվա անբարենպաստ պայմաններից անկախ, անհրաժեշտ է մինչև տարեվերջ համապատասխան աշխատանքներ տանել բյուջեներով հախատեսված սեփական եկամուտների (հողի հարկ, գույքահարկ, տեղական տուրքեր, գույքի վարձակալությունից եկամուտներ) հավաքագրման առավելագույն արդյունքներ ապահովելու համար:

Մարզպետն անդրադարձ կատարեց նաև խոշոր հարկատուների պարտքերի գանձման և աշխատավարձի ընթացիկ պարտքեր չկուտակելու կարևորագույն խնդիրներին:
ՀՀ Արմավիրի մարզպետ Ա.Ղահրամանյանը մարզի համայնքների ղեկավարներին առաջարկեց անձնական պատասխանատվությամբ վերաբերվել սեփական եկամուտների (հողի հարկ, գույքահարկ, տեղական տուրքեր, գույքի վարձակալությունից եկամուտներ) հավաքագրման գործընթացին` անվերապահորեն ապահովելով համայնքի բյուջեով պլանավորված ցուցանիշների կատարումը, ձեռնարկել հնարավոր միջոցներ դրանք առավելագույնի հասցնելու, ինչպես նաև սեփական եկամուտների արդյունավետ հավաքագրման գործընթացում ակտիվացնել համայնքապետարանների աշխատակազմերում աշխատող և հավաքագրման գործառույթներ իրականացնող բոլոր աշխատակիցների գործունեությունը հավաքագրման բարձր ցուցանիշներ ապահովելու նպատակով:

Օրակարգային երրորդ հարցի կապակցությամբ տեղեկատվությամբ հանդես եկավ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վ.Մկրտչյանը` ներկայացնելով մարզի համայնքների զարգացման հնգամյա ծրագրերի և 2017 թվականի բյուջեների կազմման գործընթացը ՀՀ Արմավիրի մարզի համայնքներում: Նա մասնավորապես նշեց, որ ներկա պահի դրությամբ ներկայացվել են ընդհանուր թվով 33 համայնքների զարգացման հնգամյա ծրագրեր, որոնցից հաստատվել են 8-ը: Վ.Մկրտչյանը միաժամանակ նշեց, որ գործընթացի հետ կապված աշխատանքները շարունակվում են ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության, ինչպես նաև զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի հետ համագործակցված:Անդրադառնալով 2017 թվականի բյուջեների կազմման գործընթացին, Վ.Մկրտչյանը տեղեկացրեց, որ արդեն ավարտվել է նշված գործընթացը բացառությամբ Նոր Արմավիր համայնքի բյուջեի ընդունման,քանի որ ավագանին համաձայն չէ համայնքի ղեկավարի կողմից ներկայացված բյուջեի նախագծին և չի հաստատել այն:

ՀՀ Արմավիրի մարզպետ Ա.Ղահրամանյանը,անդրադառնալով քննարկվող օրակարգային հարցին և անընդունելի համարելով հատկապես համայնքների զարգացման հնգամյա ծրագրերի կազմման ու հաստատման գործընթացի ձգձգմանը՝համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց նշված խնդրի կարևորության վրա,առաջարկեց ձեռնարկել համապատասխան միջոցներ նշված գործընթացը սեղմ ժամկետում ավարտելու համար:
Օրակարգային չորրորդ հարցի կապակցությամբ հանդես եկավ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Յու.Մանվելյանը,որը ներկայացրեց ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետի 30.11.2016թ. N 51/2-4-5347-16 գրությամբ ՀՀ Արմավիրի մարզպետարան ուղարկված մարզի Տարոնիկ համայնքի ղեկավարի կողմից իր պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ 29.11.2016թ. միջնորդագիրը

Յու.Մանվելյանը մասնավորապես տեղեկացրեց, որ ըստ ներկայացված միջնորդագրի, ՀՀ Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքի ղեկավար Արմեն Արարատի Խլղաթյանը,չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները,անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ապամոնտաժել է Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով <<Նոր Ակունք>> ՓԲԸ-ի հաշվեկշռին փոխանցված ,Տարոնիկ գյուղի վարչական տարածքում գտնվող պոմպակայանի կիսակառույց շինության թվով 9 հատ երկաթբետոնյա կոնստրուկցիաները և տեղափոխել գյուղի մշակույթի տան հարակից տարածք, <<Նոր Ակունք>> ՓԲԸ-ին պատճառելով էական վնաս (24.08.2016թ. որոշմամբ նշանակված շինարարատեխնիկական դատաապրանքագիտական համալիր փորձաքննության եզրակացությամբ նյութական վնասի չափը կազմել է 270.000 ՀՀ դրամ): Մշակույթի տան տանիքի վերանորոգման նպատակով օգտագործված թվով 9 հատ պանելների փոխարեն համայնքը գնել և <<Նոր Ակունք>> ՓԲԸ-ին է վերադարձրել նոր պանելներ,որի արդյունքում <<Նոր Ակունք>> ՓԲԸ-ն Տարոնիկ համայնքի,ինչպես նաև համայնքի ղեկավար Արմեն խլղաթյանի դեմ բողոք,նյութական պահանջ չի ներկայացրել՝պատճառված վնասը վերականգնելու պատճառաբանությամբ:Արդյունքում 29.11.2016 թ.որոշմամբ N 57122916 քրեական գործով վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:

ՀՀ Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանը, անդրադառնալով Յու. Մանվելյանի կողմից ներկայացված միջնորդագրին, առաջարկեց համայնքների ղեկավարներին` նմանատիպ օրինախախտումները բացառելու նպատակով ձեռնարկել համապատասխան միջոցներ` ապահովելու կայացվող որոշումների օրինականությունը և անձնական պատասխանատվությամբ վերաբերվել համայնքային սեփականություն հանդիսացող օբյեկտների նորոգման և հիմնանորոգման նպատակով նյութերի և միջոցների պատշաճ ընթացակարգով ձեռք բերման գործընթացին:

Օրակարգային հարցերի քննարկման ու ամփոփման ավարտից հետո ՀՀ Արմավիրի մարզպետ Ա.Ղահրամանյանը, տոնական բարեմաղթանքներով շնորհավորելով մարզի խորհրդի նիստի մասնակիցներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մարզի խորհրդի նիստը հայտարարեց ավարտված:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08