Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի տարեվերջյան մամլո ասուլիսը

28.12.2016

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր հրավիրված տարեվերջյան ամփոփիչ մամլո ասուլիսի ընթացքում ներկայացրեց հաշվետու ժամանակահատվածում ըստ ոլորտների իրականացված հիմնական աշխատանքները, խոսեց նաև հիմնախնդիրների ու նախատեսվող ծրագրերի մասին:

Մարզպետն իր խոսքում նշեց, որ տարին հատկապես գյուղատնտեսության առումով շատ խոստումնալից էր, սակայն անբարենպաստ եղանակային պայմանները, որոնք արտահայտվեցին ցրտահարության ու կարկուտի տեսքով, 29 մլրդ դրամից ավել վնաս հասցրեցին գյուղացիական տնտեսություններին: Սակայն, ըստ մարզպետի, հողի մշակը կարողացավ ստեղծված իրավիճակը հարթել քրտնաջան աշխատանքի միջոցով և բերք ու բարիք ստեղծել:

Աշոտ Ղահրամանյանի խոսքով` բացի պտղից, մնացած մշակաբույսերի արտադրության մասով նախորդ տարվա ցուցանիշներն աճել են, 1508 հեկտարով էլ ավելացել են ցանքատարածությունները: Նրա տեղեկացմամբ` ավելացում է գրանցվել նաև անասնագլխաքանակի մասով, և արդեն 2-րդ տարին է, ինչ մարզում անասնագլխաքանակը գերազանցում է խորհրդային տարիների ցուցանիշը: 

Անդրադառնալով քաղաքաշինության ոլորտին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մասնավորապես ընդգծեց, որ 2016թ.-ին պետական բյուջեից մարզպետարանի ծրագրերի իրականացման համար հատկացվել է 146,898,100.0 դրամ, որի շրջանակներում իրականացվել են Շենիկ համայնքի մշակույթի տան հիմնանորոգման, Արմավիր քաղաքի, Ոսկեհատ, Փարաքար, Արտիմետ համայնքների մանկապարտեզների վերանորոգման աշխատանքները, ինչպես նաև Թաիրով գյուղի միջնակարգ դպրոցի շենքի տեխնիկական վիճակի ուսումնասիրության և վերանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը: Ընդհանուր առմամբ, ըստ մարզպետի, հաշվետու տարում մարզում 4 մլրդ դրամից ավել տարբեր ներդրումային ծրագրեր են իրականացվել:

Խոսելով ճանապարհաշինության ոլորտում իրականացված աշխատանքների մասին` մարզպետը նշեց, որ 2016թ.-ին պետական բյուջեից Արմավիրի մարզպետարանին մարզային նշանակության ավտոճանապարհների ընթացիկ պահպանման, շահագործման համար հատկացվել է 39.3 մլն դրամ:

Ըստ նրա` 2015-2016թթ.-ի ընթացքում հիմնանորոգվել է Տ-3-50 (Մ-5-Նորապատ-Մրգաշատ-Արևիկ-Երասխահուն) 18.8 կմ երկարությամբ ավտոճանապարհը՝ 2.5 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ: Ավարտվել է ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ Տ-3-51(Մ-5 Սարդարապատ-Նոր Արմավիր-Տ-3-52 Բամբակաշատ) մարզային նշանակության 1.6 կմ երկարության ավտոճանապարհի 0.8 կմ հատվածի հիմնանորոգումը՝ 34.5 մլն դրամ արժողությամբ: Հիմնանորոգման փուլում է գտնվում Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ Տ-3-17 (Հ-15- Ջանֆիդա Թուրքիայի սահման) մարզային նշանակության 8.3 կմ երկարությամբ ճանապարհի Ջանֆիդա համայնքի 2.6 կմ երկարությամբ հատվածը՝ 350.0 մլն դրամ ընդհանուր արժողությամբ:

Մարզպետն անդրադարձավ նաև առողջապահության ոլորտին` մասնավորապես նշելով, որ հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է 2254 ծնունդ, 18-ից բարձր տարիքի 1314 մահացության դեպք: Արձանագրվել է 0-18 տարեկան երեխաների մահացության 14 դեպք, որից 5-ը 0-1 տարեկան, իսկ մայրական մահացության դեպք չի եղել:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խոսքով` հաշվետու տարում կենտրոնական գնմամբ և մարդասիրական ճանապարհով տարբեր հիվանդությունների բուժման նպատակով ստացվել և մարզի բուժհաստատություններին են բաշխվել 164,519.142 հազ. դրամ արժողությամբ տարբեր դեղամիջոցներ: Հաշմանդամներին, զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամներին առողջարանային բուժման համար հատկացվել է 157 ուղեգիր: Մարզպետարան դիմած 78 քաղաքացու էլ տրվել է 30 միջնորդագրեր և 48 ուղեգրեր՝ մարզի տարածքում գործող հիվանդանոցներում և հանրապետության մասնագիտական բուժհաստատություններում պետական պատվերի շրջանակներում ստացիոնար բուժում ստանալու համար:

Անդրադառնալով սոցիալական ապահովության բնագավառին` նա ընդգծեց, որ մարզի զարգացման առաջնային նպատակներից շարունակում է մնալ սոցիալական ծառայությունների մատչելիությունը բոլոր խոցելի խմբերի համար, ինչպես նաև սպասարկման որակի բարձրացումը:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տեղեկացրեց, որ հաշվետու ժամանակահատվածում մարզի երեք սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում կազմակերպվել և իրականացվել են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների փաստագրման աշխատանքները: 2016թ.-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ փաստագրվել է 6973 ընտանիք, որից նպաստառու է 4740-ը, սոցիալական նպաստ է ստացել 1141-ը, իսկ հրատապ դրամական օգնություն` 957 ընտանիք: Եվս 608 ընտանիքի էլ «Մարզպետարանի կողմից իրականացվող ծրագրերի այլ նպաստներ բյուջեից» հոդվածով 2016թ.-ի ընթացքում հատկացվել է 23 865.0 հազ. դրամի չափով դրամական աջակցություն:

Մարզպետի փոխանցմամբ` 2016թ.-ի ընթացքում անհատույց պետական ֆինանսական աջակցություն է ստացել Արմավիրի մարզպետարանում հաշվառված բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած զինծառայողի /ազատամարտիկի/ 4 ընտանիք:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն անդրադարձավ նաև կրթության ոլորտին` խոսելով կրթության որակի բարձրացմանն ուղղված ծրագրերի մասին, այդ թվում` դպրոցաշինության և ուսուցիչների մասնագիտական կատարելագործման ու ընդհանուր մեթոդական օժանդակության:

Նա իր խոսքում նշեց, որ 2016-2017 ուսումնական տարում մարզի դպրոցների աշակերտների թիվը կազել է 31610, որից 3738-ն առաջին դասարանցի: Դասարանների ընդհանուր թիվը եղել է 1628: Հաշվետու տարում 1189 երեխայի համար 47 դպրոցում իրականացրել է ներառական կրթություն: Պետական բուհական ընդունելության քննությունների արդյունքում էլ մարզի շուրջ 585 շրջանավարտներ ընդունվել են հանրապետության տարբեր բուհեր:

Մարզպետը ներկայացրեց նաև ֆինանսական բնագավառի հիմնական ցուցանիշները` մասնավորապես նշելով, որ համայնքների բյուջեները եկամտային մասով կա¬տար¬վել են 96.9%-ով, իսկ սեփական եկամուտներն ապառքներով՝ 91.0%-ով, աճը 2015թ.-ի համեմատ կազմել է 3.8%: Փաստացի հավաքագրված սեփական եկամուտների 1671,4 մլն.դրամ ընդհանուր ծավալում հողի հարկի տեսակարար կշիռը կազմել է 26.9%, գույքահարկինը` 44,7%, վարձակալությամբ տրված գույքի վարձավճարներինը` 6.47%: Մարզպետը հավելեց, որ միայն հողի հարկի մասով 100% հավաքագրում չի ապահովվի` ցրտահարությամբ և կարկտահարությամբ պայմանավորված:

Մարզպետը խոսեց նաև արտաքին կապերի և մարզում նախատեսվող ներդրումային ծրագրերի մասին` նշելով, որ այս առումով բավականին աշխատանքներ են տարվել: Նա ներկայացրեց Ռուսաստանի դաշնության Վոլոգդայի մարզի և Սլովակիայի Հանրապետության Տռնավայի ինքնավար մարզի հետ ունեցած համագործակցության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններն ու դրանք ընդլայնելու հեռանկարները:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այլ ոլորտների վերաբերյալ ևս տեղեկություններ ներկայացրեց, անդրադարձավ ներմարզային խնդիրներին, դրանց լուծման հնարավոր ուղիներին` ընդգծելով, որ անելիքներ բոլոր ոլորտներում էլ դեռ կան և դրանք լուծում կստանան ըստ առաջնայնության:

Մարզպետը պատասխանեց նաև լրագրողներին հետաքրքրող հարցերին և շնորհակալություն հայտնեց նրանց` անաչառ լրատվություն ապահովելու համար: 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 10:42:48