Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

31.12.2016

Արմավիրի մարզի հարգելի′ բնակիչներ, սիրելի′ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

2016 թվականը դառնում է պատմություն` իր ձեռքբերումներով ու կորուստներով, ուրախություններով ու հիասթափություններով, որոնցից մենք պետք է դասեր քաղենք և առաջ շարժվենք՝ գալիքի հանդեպ արդարացի հույսերով ու մեծ վստահությամբ:

Հարգելիներս, մենք մուտք ենք գործում ոչ միայն նոր տարի, այլև մեր պետության համար նոր և բախտորոշ ժամանակաշրջան. 2017 թվականին մենք ունենալու ենք լրջագույն բարեփոխումներ, որոնք ստիպելու են բոլորիս վերանայել մեր վարքագծային կանոնները, մեր գործելակերպը՝ հանուն ավելի լավ ու հզոր Հայաստան ունենալու, մեր երազած իրականության պայմաններում ապրելու: Իսկ այդ բարեփոխումները հաջողություն կունենան միայն մեր բոլորի ակտիվ աջակցության և միասնական ջանքերի շնորհիվ:

Մենք պետք է առաջնորդվենք այն գիտակցումով, որ ուժեղ ու զարգացող պետությունը դա նախ երաշխիքն է անպարտելի ու հզոր բանակի, անառիկ սահմանների ու անվտանգ կյանքի, ամուր ու առողջ ընտանիքների, անհոգ ու տոկուն տարեցների, հպարտ ու սիրաշատ ծնողների, կիրթ ու բանիմաց երիտասարդների, ժպտուն ու պաշտպանված մանուկների, ի վերջո, ինքնաբավ ու երջանիկ հասարակության:

Իհարկե, այս տարիներին մեր պետությունում բազում դրական տեղաշարժեր են գրանցվել, որոնց հիմքի վրա միասնական ուժերով կարող ենք կառուցել մեր երազանքների երկիրը: Միայն Արմավիրի մարզում մեր համատեղ աշխատանքային գործունությունն ընդգրկող վերջին տասը տարիներին բազմաթիվ պետական և ոչ պետական ծրագրերի արդյունքում, ի տես բոլորիս, լրջագույն ներդրումներ են իրականացվել կրթօջախների հիմնանորոգման, առողջապահական հաստատությունների կապիտալ նորոգման և ժամանակակից սարքավորումներով վերազինման, ջրամատակարարման համակարգերի բարելավման, ճանապարհաշինության, գազամատակարարման, գյուղատնտեսության աջակցության, արտաքին կապերի հաստատման, արտադրական ձեռնարկությունների ներուժի ընդլայնման, նորերի հիմնման և մի շարք այլ ուղղություններով: Նկատելի առաջընթաց է գրանցվել նաև հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայություններում:

Վստահորեն կարող եմ նշել, որ մարզային իշխանությունն իրեն վերապահված լիազորությունների և պարտավորությունների շրջանակներում արել է և շարունակելու է անել հնարավորը` ինչպես ներքին կանոնակարգային գործառույթները բարձր մակարդակով իրականացնելու, այնպես էլ մարզի ազգաբնակչությանը հուզող հարցերն անհետևանք չթողնելու գործում:

Վերջին տարիների ձեռքբերումներն արժևորելով և առաջնորդվելով մարզի զարգացման համար սահմանված առանցքային գերակայություններով` հավատացնում եմ, որ ավելի քան մոտ է այն օրը, երբ մենք կունենանք համակողմանի զարգացած մարզային տնտեսություն՝ գործուն ենթակառուցվածքներով, և բոլորովին այլ կենսամակարդակ՝ մարզի ազգաբնակչության համար։

Ուստի եկեք 2017 թվականը դիմավորենք մեր ունեցած հաջողություններն ու ձեռքբերումները կրկնապատկելու, բացթողումները լրացնելու, կիսատ գործերն ավարտին հասցնելու և առաջընթացի նոր հորիզոններ ուրվագծելու մեծ վճռականությամբ և կամքով:

Իմ հարազատ ծննդավայրը ներկայցնող մեծ ընտանիքի սիրելի անդամներ,
Կրկին շնորհավորելով բոլորիդ անսահման բարություն ու սեր խորհրդանշող այս տոների կապակցությամբ` մաղթում եմ, որ 2017 թվականին մեր ընտանիքներում տիրեն ջերմությունն ու համերաշխությունը: Թո′ղ նոր տարին դառնա նոր հաղթանակների և սեփական ուժերի հանդեպ վստահության ավելացման տարի: Բոլորիդ քաջառողջուիթյուն, հաջողություն, խաղաղություն և սեփական քրտինքով սեփական ընտանիքն ու երկիրը շենացնելու հնարավորություն եմ ցանկանում գալիք տարում:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 10:44:10