Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկեց 2017 թվականի ձմեռային առաջին զորակոչը

08.01.2017

Այսօր Սարդարապատի հուշահամալիրում, արդեն 11-րդ տարին անընդմեջ, տեղի ունեցավ 2017 թվականի ձմեռային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը: Նորակոչիկներին պատմական վայրից Հայոց բանակ ճանապարհեցին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղահրամանյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, ՊՆ և ԶՈւ բարձրաստիճան զինվորականներ, այլ ոլորտներ ներկայացնող պաշտոնյաներ:

Ավանդույթի համաձայն պետական այրերի և հոգևոր առաջնորդի ուղեկցությամբ պարտադիր զինվորական ծառայության մեկնողները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքարին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին:

Ողջունելով և խաղաղ ծառայություն մաղթելով նորակոչիկներին` պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ ծառայության մեկնող յուրաքանչյուր երիտասարդ պետք է գիտակցի, որ Հայրենիքի կողմից պաշտպանված քաղաքացուց այլևս դառնում է հայրենիքի պաշտպան, Հայոց բանակի արժանի զինվոր, ում նայելով հասարակությունը գիտակցում է, որ հայրենիքը պաշտպանված է: Զինված ուժերի ղեկավարությունն ու հրամանատարությունն էլ իր հերթին անում են ամենայն հնարավորը, որպեսզի բանակային երկու տարիները ծառայեն ի նպաստ հայ զինվորի գիտելիքների ու հմտությունների հարստացման, նրա հայրենասիրական հատկանիշների առավել բարձրացման:

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց զորակոչիկների ծնողներին այն դաստիարակության ու հայրենասիրական ոգու համար, որով մեծացրել են իրենց զավակներին՝ անկախության սերնդի ներկայացուցիչներին: Սերունդ, որը քաջ գիտակցում է հայրենիքի գինը, զինվորական ծառայության դերն ու նշանակությունը:

Ձմեռային առաջին զորակոչի մեկնարկի կապակցությամբ ողջունելով ներկաներին և բարի ծառայություն մաղթելով նորակոչիկներին՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց. «Այս սրբազան վայրից այսօր Հայոց պետական բանակ ենք ճանապարհում մեր զավակներին` իրենց սահմանադրական պարտքը կատարելու հայրենիքի հանդեպ: Մեր բոլորի մեծագույն ցանկությունն է, որ մեր տղաներն իրենց ծառայությունն անցնեն խաղաղության և համերաշխության պայմաններում»:

Մարզպետը հորդորեց նորակոչիկներին ազնվորեն ծառայել՝ բարձր պահելով Արմավիրի մարզի հեղինակությունը և գիտակցելով, որ հայրենիքի պաշտպանության հարցում մարզը միշտ առաջնային դիրքերում է եղել:

Բանակ զորակոչվող երիտասարդներին օրհնության ու բարեմաղթանքի խոսք հղեց նաև Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը՝ կոչ անելով սրբությամբ ու հավատով պաշտպանել և անառիկ պահել հայրենիքի սահմանները:

Այնուհետև նորակոչիկները ծառայության համար առաջին անհրաժեշտության պարագաներով փաթեթներ ստացան մարզպետ Աշոտ Ղահրամանյանից և հայրենասիրական երգերի խրոխտ հնչյունների ներքո ու բարձր տրամադրությամբ մեկնեցին իրենց պարտքը մատուցելու հայրենիքին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:20:37