Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ ԱԻ նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության 2016թ.-ի գործունեության ամփոփման հաշվետու նիստը

19.01.2017

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) փրկարար ծառայության (ՓԾ) Արմավիրի մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) 2016թ.-ի գործունեության ամփոփման հաշվետու նիստը:

Նիստին մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Մովսես Քարտաշյանը, ՀՀ ԱԻՆ աշխատակազմի «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը, ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արման Ցոլակյանը, ոլորտի մեծ թվով պատասխանատուներ և համայնքապետեր:

Հիմնական զեկույցով հանդես եկավ ԱԻ նախարարության ՓԾ Արմավիրի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Մարգարյանը` մասնավորապես ընդգծելով, որ իր ղեկվարած կառույցի գործունեությունը հաշվետու ժամանակահատվածում հիմնականում ուղղված է եղել քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանը և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացմանը:

Ըստ զեկուցողի` Արմավիրի ՄՓՎ 2016թ.-ի հիմնական միջոցառումների պլանով նախատեսված միջոցառումները կատարվել են ամբողջությամբ: Հ. Մարգարյանի խոսքով` 2016թ.-ի ընթացքում մարզում 2015թ-ի համեմատությամբ գրանցված տեխնածին արտակարգ դեպքերի քանակը աճել է 261-ով, զոհերի թիվը ավելացել է 4-ով, տուժածների թիվը աճել է 104-ով: Նշվեց, որ հաշվետու տարում ՄՓՎ ստորաբաժանումներն արձագանքել են հրդեհի 224, ճանապարհատրանսպորտային պատահարների 34, թունավորումների 453, պայթյունի 1, դիակի դուրս բերման 6, ինչպես նաև 201 կենցաղային և այլ դեպքերի:

Նրա տեղեկացմամբ` հաշվետու ժամանակահատվածում մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման ուղղությամբ պլանավորվել և անցկացվել են շտաբային ուսումնավարժություններ և օբյեկտային վարժանքներ, որոնք ընդգրկել են ինչպես քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության ոլորտների հիմնահարցերը, այնպես էլ մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ պատրաստականության ապահովման խնդիրները:

Միաժամանակ տեղեկացվեց, որ 2016թ.-ի ընթացքում քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործման նպատակով ՄՓՎ կողմից ցուցաբերվել է մեթոդական օգնություն մարզի համայնքների, կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության պլանների և պլան-ժամանակացույցերի ճշգրտման ուղղությամբ:
Հ. Մարգարյանն իր զեկույցում անդրադարձավ նաև փրկարարական ուժերի պատրաստականության բարձրացման, անձնակազմի կառավարման և իրավական ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքներին:

Ամփոփելով զեկույցը` նա առաջարկեց 2017թ.-ին վարչության գործնեությունը նպատակաուղղել արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում մարզի վարչական տարածքում գործող հիմնարկ-ձեռնարկությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործնեության բարելավմանը, ղեկավար կազմի և ՔՊ մասնագետների պատրաստվածության բարձրացմանը:

Ամփոփ հաշվետվություններով հանդես եկան նաև ՀՀ ԱԻՆ Արմավիրի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության տեսչական բաժնի պետը, «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն», ինչպես նաև «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ների Արմավիրի մասնաճյուղերի տնօրենները:

Այնուհետև ծառայության ընթացքում ցուցաբերած մասնագիտական ունակությունների, ակտիվ կազմակերպչական գործունեության, անբասիր ու բարեխիղճ ծառայության համար մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից փոխմարզպետ Մովսես Քարտաշյանը պատվոգրեր հանձնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության ՃԿԿ ՕՀՀ ավագ հրահանգիչ, փ/ծ ավագ լեյտենանտ Ավետիք Հարությունյանին, նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության Արմավիրի հրշեջ փրկարարական ոկատի խմբի պետ, փ/ծ լեյտենանտ Կարեն Գևորգյանին: 

Մարդկանց անվտանգության և փրկության թեմայով «ԱՐԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆ» խորագրով հանրապետական փառատոնի «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՐՇԵՋ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՋՈԿԱՏ» անվանակարգում հաղթող ճանաչվելու կապակցությամբ մարզպետի պատվոգրով պարգևատրվեց նաև ԱԻՆ փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության Բաղրամյանի հրշեջ փրկարարական ջոկատը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08