Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը

21.02.2017

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին փոխմարզպետներ Լարիսա Մուրադյանը, Մովսես Քարտաշյանը, Գագիկ Գաբրիելյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների,  ՋՕԸ-երի և  համայնքների ղեկավարները:

Օրակարգային առաջին հարցի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզի խորհրդի նիստի մասնակիցների հաստատմանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի խորհրդի 2017 թվականի փետրվարի 21-ի նիստի օրակարգը:

Մարզում գարնան գյուղատնտեսական աշխատանքերի նախապատրաստման ընթացքի մասին զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը: Նա մասնավորապես նշեց, որ ՀՀ Արմավիրի մարզում գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման ուղղությամբ մարզպետարանը, մարզի համայնքները, ջրօգտագործողների ընկերությունները և տնտեսվարող գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները և ֆերմերները սկսել են աշխատանքներ տանել դեռևս 2016 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից:

Արթուր Այվազյանը, կարևորելով մարզում գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման գործընթացում ոռոգման համակարգերի մաքրման և վերանորոգման աշխատանքների իրականացումը, առաջարկեց մարզի ոռոգման համակարգը սպասարկողներին և ջրօգտագործողներին համագործակցված, առավել կազմակերպված և բարեխղճորեն կատարելու համակարգի կառուցման, մաքրման և վերանորոգման աշխատանքները, որպեսզի հնարավոր լինի արդյունավետ օգտագործել ոռոգման ջուրը և կորուստները հասցվեն մինիմումի: Նա նշեց նաև,որ ընթացքում մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցների կողմից կուսումնասիրվեն կատարվող աշխատանքների ընթացքը և արդյունքները կներկայացվեն ՀՀ Արմավիրի մարզպետին:

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետն իր խոսքում ընդգծեց նաև, որ ընթացիկ տարում նույնպես շարունակվելու են ՀՀ կառավարության կողմից գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման նպատակով տրամադրվող աջակցության ծրագրերը, որոնց շրջանակում շուկայականից մատչելի գնով մարզին կհատկացվի 6000 տոննա ազոտական պարարտանյութ` 1 պարկը 6000 դրամով, 200-ական տոննա ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր` 1 պարկը 7000 դրամով: Գարնանացանի աշխատանքները խթանելու նպատակով մարզին կհատկացվի նաև 20 տոննա գարնանացան գարու սերմացու, որի պահանջարկը ձևավորվել է համայնքների կողմից ներկայացված հայտերի հիման վրա:

Անդրադառնալով օրակարգային երկրորդ հարցի կապակցությամբ ներկայացված ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի զեկույցին` ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն առաջարկեց Արմավիրի մարզի ՋՕԸ-ների տնօրեններին ակտիվ աշխատանքներ տանել սպասարկման տարածքի ոռոգման ցանցերի մաքրման աշխատանքները ժամանակին սկսելու և ավարտելու համար: Մարզպետն անդրադարձավ նաև մարզին հատկացվող պարարտանյութի և գարու սերմացուի չափաքանակներին` նշելով որ դրանք կտրամադրվեն միայն նախապես վճարման պայմանով:

Օրակարգային հարցերի քննարկման ու ամփոփման ավարտից հետո ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզի խորհրդի նիստը հայտարարեց ավարտված:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:20:20