Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզի դպրոցներում կներդրվի «Կանաչ Հայաստան` աղբահանության միջոցով» ծրագիրը

29.03.2017

2014 թվականի հունվար ամսին նախագահ Սերժ Սարգսյանի` Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ Արմավիրի մարզպետարանի և ՉՀ Մորավսկո-Սիլեզսկի երկրամասի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով կողմերը բարեկամական կապեր են հաստատել կառավարման, տնտեսական, գյուղատնտեսության, մշակույթի, կրթության, զբոսաշրջության և սպորտի բնագավառներում` փոխհամագործակցությունը զարգացնելու նպատակով:

Վերջին երեք տարիներին փոխըմբռնման հուշագրի շրջանակներում եղել են փոխայցելություններ, իրականացվել են համատեղ ձեռնարկներ, իսկ 2015 թվականին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել Արմավիրի մարզում աղբի վերամշակման գործարանի կառուցման և ջերմոցային տնտեսություն հիմնելու ներդրումային ծրագիրը:

Նշված ծրագրի շրջանակներում Չեխիայի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել մարզի դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում իրականացնել «Կանաչ Հայաստան` աղբահանության միջոցով» աղբի հավաքման և տեսակավորման վերաբերյալ ուսուցողական ծրագիր` երեխաների շրջանում համապատասխան հմտություններ ձևավորելու նպատակով:

Դպրոցներում «Կանաչ Հայաստան` աղբահանության միջոցով» ուսուցողական ծրագրի իրականացումն այսօր հաստատվեց ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և Հայաստանում ՉՀ դեսպան Պետր Միկիսկայի միջև կնքված պայմանագրով:

Ծրագիրն Արմավիրի մարզի դպրոցներում ներդնելու համար մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր երախտագիտությունը փոխանցեց Չեխիայի կառավարությանը` նշելով, որ այն նոր և մեծ կարևորություն ունեցող մշակույթի ձևավորման հիմք կհանդիսանա մարզում. «Մեր երեխաներն այս ծրագրի միջոցով կսովորեն և կսովորեցնեն մաքրել շրջապատող միջավայրը աղբից` նպաստելով մի շարք բնապահպանական խնդիրների լուծմանը և առավել մաքուր մարզ, բնակավայր, բակ և դպրոց ունենալուն»:

Շնորհավորելով մարզպետ Աշոտ Ղահրամանյանին մարզի համար կարևոր նշանակություն ունեցող ձեռնարկի կապակցությամբ` Հայաստանում ՉՀ դեսպան Պետր Միկիսկան կարևորեց այն հանգամանքը, որ մարզպետը ձգտում է մարզը զարգացնել ոչ միայն սոցիալ-տնտեսական առումով, այլ նաև բնապահպանական:

Խոսելով ծրագրի մասին` դեսպանը տեղեկացրեց, որ այն իրականացվելու է ՀՀ բնապահպանության նախարարության գործուն աջակցությամբ. ոլորտի հատուկ փորձագետները ուսուցողական դասընթացներ կիրականացնեն ուսուցիչների հետ, որոնք էլ իրենց ստացած համապատասխան գիտելիքները կփոխանցեն աշակերտներին: Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև տեղեկատվական նյութերի տպագրում և տարածում աշակերտների շրջանում: Իսկ այն կրթօջախները, որոնք հաջողությամբ կիրականացնեն ծրագիրը, կարժանանան պարգևների` համակարգչի տեսքով:

«Կանաչ Հայաստան` աղբահանության միջոցով» աղբի հավաքման և տեսակավորման վերաբերյալ ուսուցողական ծրագրի մեկնարկը մարզի կրթօջախներում կազդարարվի ապրիլ ամսին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:24:27