Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեց «Կանաչ Հայաստան` աղբահանության միջոցով» ուսուցողական ծրագիրը

25.04.2017

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և Հայաստանում ՉՀ դեսպան Պետր Միկիսկայի գլխավորությամբ հրավիրված խորհրդակցությանը մարզի կրթական հաստատությունների պատասխանատուներին ներկայացվեց «Կանաչ Հայաստան` աղբահանության միջոցով» աղբի հավաքման և տեսակավորման վերաբերյալ ուսուցողական ծրագիրը, որը իրականացվելու է Արմավիրի մարզպետարանի կողմից` ՀՀ բնապահպանության նախարարության և Հայաստանում ՉՀ դեսպանատան համագործակցությամբ:

Խոսելով ծրագրի մասին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ այն կիրականանա երկու փուլով, որից առաջինի ժամանակ աղբի հավաքման և տեսակավորման վերաբերյալ գիտելիքները կուսուցանվեն մանկավարժների շրջանում, իսկ երկրորդի ժամանակ նրանք դա կփոխանցեն իրենց սաներին և կիրառելի կդարձնեն առօրյայում: Մարզպետի խոսքով` նախանշված աշխատանքները հաջողությամբ իրականացրած դպրոցները կպարգևատրվեն ծրագրի շրջանակներում նախատեսված ժամանակակից համակարգիչներով: «Կանաչ Հայաստան` աղբահանության միջոցով» ծրագրի հաջող ընթացքը, ըստ Աշոտ Ղահրամանյանի, հնարավորություն կտա մարզը մաքուր պահել և ունենալ առողջ միջավայր:

Կարևորելով երեխաների դերակատարումը ծրագրի իրականացման գործընթացում` դեսպան Պետր Միկիսկան նշեց, որ նրանց միջոցով այն ավելի լայն տարածում կգտնի, և շրջապատը մաքուր պահելն ու չաղտոտելն այլևս իրականություն կդառնա: Ըստ դեսպանի` երեխաների միջոցով աղբի հավաքման և տեսակավորման մշակույթը կտեղափոխվի ընտանիք և կենցաղավարության կարևոր բաղադրիչ կհանդիսանա:

ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության էկոկրթության բաժնի մասնագետ Հասմիկ Պողոսյանն էլ անդրադարձավ ծրագրի ուսումնական բաղադրիչին` ներկայացնելով աղբի հավաքման, տեսակավորման և վերամշակման հիմնական առանձնահատկությունները, եվրոպական փորձը և այդ ամենը կիրառելի դարձնելու կարևորությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-18 17:56:47