Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք է մատուցվել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար զոհվածների հիշատակին

09.05.2017

Մարզկենտրոն Արմավիրում և մարզի մյուս քաղաքային ու գյուղական համայնքներում, ուսումնական հաստատություններում, մարզի տարածքում տեղակայված զորամասերում հանդիսավորությամբ նշվել է Մայիսյան եռատոնը. ամենուր տեղի են ունեցել ծաղկեդրման արարողություններ, զինվորական շքերթներ, տոնական համերգներ և գրական-երաժշտական ցերեկույթներ: Օրվա առթիվ առանձնակի ուշադրության են արժանացել Հայրենական պատերազմի վետերաններն ու Արցախյան հերոսամարտի մասնակիցները։

Ավանդույթի համաձայն Արմավիրի մարզային և քաղաքային իշխանությունները, Արմավիրում տեղակայված ՌԴ սահմանապահ զորամասի հրամանատարական կազմը, վետերանները, ազատամարտիկները, ուսումնական հաստատությունների, հասարակական և այլ կառույցների աշխատակիցները Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տարեդարձների կապակցությամբ հարգանքի ու երախտագիտության տուրք են  մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:

Իր շնորհավորանքի խոսքը հղելով տոնական օրվա առթիվ` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մասնավորապես նշեց. «Սիրելի հայրենակիցներ, հարգարժան վետերաններ, ազատամարտիկներ և զինվորականներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիս` փառք ու պատվով պսակված մեր հաղթանակների առթիվ: Տասնամյակներ շարունակ այս օրը մենք մեծ շուքով և հպարտությամբ տոնում ենք մեր տարած փայլուն հաղթանակները, որոնք սկսվեցին Մեծ հայրենականից և հանգուցալուծվեցին Արցախում` Շուշիի գրավմամբ:

Այս պատերազմներում հայ ժողովուրդը բազում զոհեր տվեց, և հենց նրանց արյան գնով ձեռք բերեց խաղաղ երկնքի տակ ապրելու և արարելու իրավունք: Մենք այսօր գլուխ ենք խոնարհում մեր հերոս պապերի, հայրերի ու եղբայրների հիշատակի առջև և փառաբանում նրանց սխրանքը:

Սիրելի հայրենակիցներ, թող աշխարհում այլևս պատերազմներ չլինեն և այսուհետ մենք հաղթանակներ տոնենք սպորտի, արվեստի, գիտության բնագավառում: Քանի որ նման հաղթանակների և մեզանից յուրաքանչյուրի սրտացավ ու լավ աշխատանքի արդյունքում ենք ունենալու այն հզոր ու անպարտելի Հայաստանը, որը մեր բոլորի երազանքն է:
Փառք ու պատիվ մեր ազգին, մեր հերոսներին ու ժողովրդին»:

Հավելենք, որ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ քաղաքային զբոսայգում կազմակերպվել էր զինվորական վրանային ճաշ, որին էլ հաջորդեց տոնական համերգը` Արմավիրի մշակույթի տան սաների մասնակցությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49