Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետի ուղերձը վերջին դասի կապակցությամբ

25.05.2017

Սիրելի՛ շրջանավարտներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեր կյանքի ամենանշանակալից իրադարձություններից մեկի՝ դպրոցն ավարտելու կապակցությամբ, որի ավարտը գեղեցիկ ավանդույթ է ՝ Վերջին դաս: Բոլորիդ համար այս օրը չափազանց հիշարժան է ու անմոռանալի, և համոզված եմ, որ այս տոնական օրը հարազատ կրթօջախում հնչող Վերջին զանգի ղողանջն ուղեկցելու է ձեզ ողջ կյանքում: Մաղթում եմ, որ այս ուրախ օրը հաջողությունների և նոր երջանկության սկիզբ լինի ձեզ համար։

Դուք մեր հայրենիքի և անկախ պետության այն հերթական սերունդն եք, ում վերապահված է լինել երկրի կայացման գործում իրական ձեռբերումների ու հաջողությունների շարժիչ ուժը: Քանի որ յուրաքանչյուր հաջորդ սերունդ, դաստիարակվելով ազգային արժեքներով ու հայրենասիրական ոգով, առավել նվիրված է ծառայում իր երկրին: Դուք այդ արժեքների հետ մեկտեղ ունեք նվիրական երազանքներ, հոգու և մտքի մեծ հարստություն: Ցանկանում եմ, որ այդ երազանքների իրականացման ճանապարհը դուք անցնեք առաջին հերթին որպես լավ մարդ և արժանապատիվ քաղաքացի:

Մեր հինավուրց հայրենիքի ու նորանկախ պետականության առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու միակ ճանապարհը հզոր, աշխարհում իր կայուն տեղն ունեցող պետություն և բանակ ունենալն է:

Վստահ եմ, որ ձեր համար հայրենիքը խորհրդանշվում է նաև բանակով, որի շարքերը ձեզանից շատերը կհամալրեն` պատվով կատարելով զինվորի ու սպայի բարձր առաքելությունը:

Շնորհավորանքի խոսքեր եմ հղում նաև մեր մանկավարժներին և ձեր ծնողներին` հույս հայտնելով, որ դուք իրականություն կդարձնեք ձեզ հետ կապված նրանց բոլոր երազանքները:

Սիրելի ուսուցիչներ, դուք այսօր դեպի հասարակության ակտիվ կյանք եք ճանապարհում նոր սերունդ, որին փոխանցել եք Ձեր ողջ գիտելիքներն ու իմացությունները: Շնորհակալություն մեր զավակների կրթության գործին Ձեր անմնացորդ նվիրումի համար:

Սիրելի՛ շրջանավարտներ,

Թեև վերջին դասը խորհրդանշում է հրաժեշտ, այն նաև խորհրդանիշ է նոր սկզբի, նոր հեռանկարների ու հորիզոնների և այդ ամենի նկատմամբ պատասխանատվության բարձր զգացումի: Դուք մտնում եք նոր կյանք, որտեղ դպրոցից ստացած դաստիարակությունն ու կրթությունն անհրաժեշտ են լավ մարդ, հայրենիքի համար պիտանի քաղաքացի լինելու համար:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ` մաղթելով երջանկություն և հաջողություններ մեծ կյանքի ճանապարհին։ Թող ճակատագիրը բարի, լուսավոր ճանապարհ բացի բոլորիդ առջև։ Բարի ե՛րթ ձեզ, երջանկություն և նորանոր բարձունքների նվաճում:

 

Մեծագույն սիրով `
ՀՀ Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյան

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08