Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարը

01.08.2017

Աշխատանքային այցով այսօր ՀՀ Արմավիրի մարզում էր գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։ Նախարարին ուղեկցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը, ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը և պաշտոնատար այլ անձինք:

Այցի շրջանակում նախարարը եղել է Ապագա, Երասխահուն, Եղեգնուտ, Արևիկ և Մրգաշատ համայնքներում, հանդիպել ֆերմերների հետ, լսել նրանց հուզող խնդիրները:

Ապագա համայնքում գյուղացիները նախարարին պոմպի տեղադրման, վերամշակողների հետ խաղողի մթերման պայմանագրերի կնքման հարցեր են ներկայացրել: Նախարարի խոսքով` արդեն կառավարության քննարկմանն է ներկայացվել վերամշակող ընկերություններին մատչելի պայմաններով վարկերի տրամադրման ծրագիրը, որից օգտվելու համար վերամշակողներին պայման է առաջադրվել գյուղացիական տնտեսությունների հետ աշխատել բացառապես պայմանագրերի միջոցով: Ծրագրի հաստատումից հետո ֆերմերների հետ կկնքվի եռակողմ պայմանագիր, որը հնարավորություն կտա կարգավորել մթերումների գործընթացը:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն էլ խոստացել է Ապագայում նոր պոմպ տեղադրել, եթե գյուղապետը երաշխավորի, որ ոռոգման պատճառով անմշակ մնացած հողերը կմշակվեն:

Երասխահուն, Եղեգնուտ, Արևիկ, Մրգաշատ համայնքներում գյուղացիներին հուզող գլխավոր հարցը դարձյալ ոռոգումն էր: Երասխահունի գյուղապետ Արմեն Ավետիսյանի խոսքով` համայնքում գյուղատնտեսական նշանակության հողերի ընդհանուր տարածքը 755 հեկտար է, որից 250 հեկտարը չի ոռոգվում: Արևիկում գյուղատնտեսական նշանակության հողերից մոտ 150-170 հեկտարն է անմշակ մնում, իսկ 300-320 հեկտարի ոռոգումն իրականացվում է թերի:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը վստահեցրել է, որ հնարավորինս կարճ ժամկետում կլուծեն նաև Մրգաշատում պոմպի տեղադրման հարցը, ինչը ոռոգելի կդարձնի շուրջ 120 հեկտար տարածք: Հնարավորության սահմաններում կվերականգնեն նաև Եղեգնուտ համայնքի սեփականություն հանդիսացող խորքային հորերը։

Գյուղացիների հետ զրույցում նախարար Իգնատի Առաքելյանը խորհուրդ է տվել անցնել կաթիլային ոռոգման` տեղեկացնելով, որ այդ նպատակով նախարարությունը պետական աջակցության ծրագիր է մշակել: Այս համակարգը հնարավորություն կտա արդյունավետ օգտագործել ջրային և հողային ռեսուրսները, շուրջ 40%-ով կրճատել ջրի ծախսը, ապահովել շուրջ 40% բերքատվության աճ, բերքի որակի բարելավում, ընդլայնել մշակովի հողատարածքները:

Նախարարը խոսել է նաև կարկտահարությունից տուժած համայնքներին աջակցելու մասին՝ նշելով, որ աջակցություն կտրամադրվի 80 տոկոս և ավել վնաս կրած գյուղացիական տնտեսություններին, որն էլ ենթադրում է հողի, ջրի վարձավճարների զիջում, ինչպես նաև վարկերի մայր գումարի հետաձգում:

Անդրադառնալով ոռոգման հետ կապված խնդիրներին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդգծել է, որ ողջ հանրապետությունում ոռոգման ջրի համակարգի բարելավման նպատակով ներդրված գումարների առյուծի բաժինը հատկացվել է Արմավիրի մարզին: Այնուամենայնիվ, տարին սակավաջուր է. Ախուրյանի ջրամբարում նախորդ տարվա համեմատությամբ ջրի լուրջ պակաս է գրանցվել: Ստեղծված իրավիճակը մեղմելու համար, ըստ մարզպետի, աշխատանքներ են տարվում համայնքներում առկա խորքային հորերը շահագործման հանձնելու ուղղությամբ և դրանցից 90-նն արդեն շահագործվել է:

Մարզպետը հավելել է նաև, որ այժմ ջրի մատակարարումն իրականացվում է խնայողաբար՝ ժամանակացույցով սահմանված եռօրյա պարբերականությամբ:

Խոսելով գյուղատնտեսական տարվա մասին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշել է, որ բացի գարնան ցրտահարությունից, հետագայում նաև կարկտահարությունից տուժած համայնքներից, մյուսներում բերքը բավականին առատ է:

Համայնքներ կատարած այցից հետո նախարար Իգնատի Առաքելյանն Արմավիրի մարզպետարանում հանդիպել է համայնքապետերի և ոլորտի մարզային պատասխանատուների հետ՝ նրանց ներկայացնելով պետական աջակցության նոր ծրագրերը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49