Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել մարզի դպրոցների տնօրենների 2017 թվականի օգոստոսյան խորհրդակցությունը

28.08.2017

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, ՀՀ կառավարությանն առընթեր գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Արայիկ Իսպիրյանը, ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը, ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, ոլորտի այլ ներկայացուցիչներ:

Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ոլորտի պատասխանատուներին նոր ուսումնական տարում մաղթել է արդյունավետ և հաջողություններով լի աշխատանք` ի նպաստ կրթված և պետության համար լավագույն քաղաքացիների դաստիարակման:

Այնուհետև ՀՀ Արմավիրի մարզի 2016-2017 ուսումնական տարում կրթության բնագավառում իրականացված աշխատանքների, գրանցված արդյունքների և նույն ուսումնական տարվա հետագա անելիքների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը:

Վարչության պետն իր զեկույցում անդրադարձել է մարզի ուսուցիչների ատեստավորման, առարկայական օլիմպիադաներում մարզի աշակերտների մասնակցության, դասագրքերով ապահովվածության և դրանց վարձավճարների գանձման, մարզում ներառական կրթության ներդրման և բազմաթիվ այլ հարցերի` ընդգծելով, որ նոր ուսումնական տարում մարզի կրթության համակարգի կարևորագույն խնդիրն է ուսումնադաստիարակչական աշխատանքների որակի բարձրացումը, դպրոցների նյութատեխնիկական բազայի համալրումը, դպրոցահասակ երեխաների պարտուսի 100 տոկոս ապահովումը, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար ներառական պատշաճ կրթության պայմանների ստեղծումը, ինչպես նաև դպրոց-համայնք, դպրոց-ընտանիք կապի ամրապնդումը:

Ամփոփելով իր խոսքը` Գայանե Սայադյանը նշել է, որ մերօրյա մանկավարժներից պահանջվում է որակապես նոր աշխատանք և նոր մոտեցումներ ու վերաբերմունք այդ աշխատանքի և ուսուցչի պատասխանատվության իրական սահմանների նկատմամբ: Նա հորդորել է դպրոցների տնօրեններին համատեղ ուժերով հետևողական աշխատանք իրականացնել` նպատակաուղղված աշակերտների կրթության և դաստիարակության գործը պատշաճ մակարդակի հասցնելուն, նորանոր հաջողություններ արձանագրելուն:

Բարձր գնահատելով 2016-2017 ուսումնական տարում մարզի կրթության ոլորտում գրանցված ցուցանիշները` ՀՀ կառավարության կողմից հաստատված Հանրակրթության պետական չափորոշիչներին և հանրակրթության ոլորտում իրականացվող ծրագրերին ու փոփոխություններին է անդրադարձել ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը: Նա մասնավորապես խոսել է հանրակրթության կառուցվածքային և բովանդակային փոփոխությունների, համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման մանրամասների, Կրթության գերազանցության ազգային ծրագրի և դրա շրջանակներում գործող «Արարատյան բակալավրիատ» ծրագրի մասին:

Վահրամ Մկրտչյանն իր խոսքում անդրադարձել է նաև ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի կողմից օրերս ներկայացված «Ուսուցիչ» ծրագրին, որի նպատակն է կրթության որակի էական բարձրացումը` այդ գործում կարևորելով կրթության ոլորտի ամենակարևոր անձի` ուսուցչի դերը:

ՀՀ Արմավիրի մարզի մասով 2017 թվականի պետական միասնական քննությունների արդյունքների վերլուծությունն է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր ԳԹԿ տնօրեն Արայիկ Իսպիրյանը` մասնավորապես նշելով, որ 2017 թվականին մարզից հանրապետության բուհերում հայտագրվել է 723 դիմորդ, որից 629-ն ընդունվել է (87 %): Ըստ նրա` 201 դիմորդից 191-ն ընդունվել է ԵՊՀ, 142-ից 108-ը` ԵՊՄՀ, 88-ից 76-ը` ՀՊՏՀ, 80-ից 65-ը` ԵՊԲՀ, 74-ից 69-ը` ՀԱՊՀ, 73-ից 68-ը` ՀԱԱՀ, 43-ից 38-ը` ԵՊԼՀ, 19-ից 14-ը` ՃՇՀԱՀ, 2-ը` Երևանի «Հայբուսակ» համալսարան:

Խորհրդակցությունն ամփոփել է մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով մատնանշելով ունեցած հաջողությունները, ձեռքբերումներն ու բացթողումները` հավաստիացրել է, որ գալիք ուսումնական տարին նորամուծությունների, նոր գաղափարների ու ծրագրերի, առկա խնդիրները լուծելու տարի է լինելու: Այդ ամենը կյանքի կոչելու համար նա ակնկալել է աչալուրջ և նվիրված աշխատանք տնօրենների, ինչպես նաև ուսուցչական կազմի կողմից:

Մարզպետը տնօրեններին հորդորել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել աշակերտների պատշաճ հագուստի և վարքի հետ կապված հարցերը, միևնույն ժամանակ համարժեք վերաբերմունք դրսևորել նաև դպրոցի ողջ աշխատակազմի նկատմամբ, քանի որ նրանք օրինակ են հանդիսանում մատաղ սերնդի համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:20:37