Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետի ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ

01.09.2017

 

Սիրելի աշակերտներ, հարգարժան ուսուցիչներ, կրթության համակարգի նվիրյալներ, հարգելի ծնողներ,

Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ: Սեպտեմբերի 1-ն ազդարարում է ուսումնական տարվա սկիզբը, որը նաև գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբ է: Տոնական այս օրը հատկապես առանձնակի ջերմությամբ ցանկանում եմ շնորհավորել բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են ոտք դնելու դպրոց և մաղթել, որ այս սեպտեմբերի 1-ը մեր սիրելի առաջին դասարանցիների համար դառնա լուսավոր ու մեծ ճանապարհի սկիզբ, որ ուսումնառության ողջ ընթացքը նրանց համար լինի աշխարհաճանաչման ու ինքնադրսևորման կարևոր ժամանակաշրջան:

Նոր ուսումնական տարին պարտավորեցնող է բոլորիս համար, որովհետև կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումների հաջողությունը կախված է յուրաքանչյուրիս հետևողական աշխատանքից ու նվիրումից: Դպրոցը և կրթության ողջ համակարգը գտնվում է պետական մշտական հոգածության ներքո, որը շարունակաբար ընդլայնում է իր ծավալները և ուղղությունները:

Իրենց շնորհակալ և պատասխանատու աշխատանքում հաջողություններ եմ մաղթում մեր սիրելի մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը, քանզի մենք թևակոխել ենք մի նոր դարաշրջան, երբ օր օրի փոխվող համաշխարհային մարտահրավերներին կարող ենք դիմագրավել միայն արդիական գիտելիքներով: Միաժամանակ մենք պարտավոր ենք մեր կրթության և գիտության գործիչների ազգանվեր գործի շարունակողը լինել, քանզի դպրոցաշինության ու կրթության վերելքը մեր ազգային վերածննդի, գիտության ու մշակույթի զարգացման, ազգային ինքնագիտակցության հիմքն է:

Ջերմորեն շնորհավորելով բոլորիս նոր ուսումնական տարվա սկիզբն ավետող սեպտեմբերի 1-ի և Գիտելիքի օրվա կապակցությամբ` մաղթում եմ մեր դպրոցականներին և ուսանողներին լուսավոր ճանապարհ, բարձր առաջադիմություն, մեծ ձգտում և աշխատասիրություն, ցանկանում եմ հետաքրքիր, հայտնություններով հարուստ ու հաջողություններով լի ուսումնական տարի՝ հավատով, որ ամեն մի դժվարություն կհաղթահարվի բոլորիս ամենօրյա ջանքերով:

 

 ՀՀ Արմավիրի մարզպետ`
Աշոտ Ղահրամանյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36