Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն այցելել է Արտիմետ համայնքի գյուղացիական տնտեսություններ

08.09.2017

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր եղել է Վաղարշապատի տարածաշրջանի Արտիմետ համայնքում: Համայնքապետ Վարդան Միրզախանյանի ուղեկցությամբ  մարզպետն այցելել է սոխի և պոմիդորի մշակությամբ զբաղվող խոշոր գյուղացիական տնտեսություններ, որոնց սեփականատերերը ներկայացրել են իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունքը՝ առկա և սպասվող բերքի տեսքով:

Սոխի մշակությամբ զբաղվող Դերենիկ Ջանիբեկյանի տնտեսությունում մարզպետը ծանոթացել է ստացված բարձր բերքին և բերքահավաքն իրականացնող նորագույն գյուղտեխնիկայի հնարավորություններին, որի արդյունքում էականորեն կրճատվել է աշխատուժի մասնակցությունը բերքահավաքի ընթացքին:

Մենատնտեսի խոսքով` սոխի ցանքատարածությունը կազմում է 20 հեկտար: Ըստ նրա` բերքատվությունը նախորդ տարիների համեմատությամբ բավականին բարձր է. 1 հեկտարից ակնկալվում է 35-40 տոննա սոխ, որն իրացվելու է ներքին շուկայում` կիլոգրամը 100 դրամով:

Աշոտ Ղահրամանյանն այցելել է նաև պոմիդորի մշակությամբ զբաղվող Արսեն Կիրակոսյանի տնտեսություն, ծանոթացել ստացված բերքին և ընթացիկ աշխատանքներին: Մարզպետին ներկայացվել է, որ տարին այս մշակաբույսի առումով բավականին բերքառատ է եղել, ստացված բերքն էլ` որակով: Ըստ ֆերմերի` 8000 քառակուսի մետր հողատարածքից սպասվում է 40-50 տոննա պոմիդոր, որի իրացումը կազմակերպվում է գյուղատնտեսական շուկայում` 1 կիլոգրամն այժմ 60 դրամով:

Ամփոփելով այցի տպավորությունները և անդրադառնալով գյուղատնտեսական տարվան` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մասնավորապես նշել է, որ այս տարի, ի շնորհիվ արտահանող կազմակերպությունների և առանձին անհատների, գյուղմթերքի իրացման առումով մարզում խնդիրներ գրեթե չեն եղել: Մարզպետն իր խոսքում անդրադարձել է ոռոգման ջրով պայմանավորված խնդիրներին, որոնք Արմավիրի և Բաղրամյանի տարածաշրջաններում լուրջ հետևանքներ են թողել գյուղմթերքի արտադրողականության վրա: Նա հավաստիացրել է, որ ստեղծված իրավիճակը գտնվում է ոլորտի պատասխանատուների ամենօրյա հսկողության ներքո, և արվում է հնարավորը` լարվածությունը մեղմելու և վերահսկելու ուղղությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08