Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ներկայացվել է ՀԳՏՏԶ հիմնադրամի հիմնական առաքելությունը
12.09.2017
ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր հրավիրված խորհրդակցությանը Հայաստանում Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամի (ՀԳՏՏԶՀ) տնօրեն Ալեքսանդր Քալանթարյանը ներկայացրել է հիմնադրամի հիմնական առաքելությունը և համագործակցության շրջանակները:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Լիլիթ Մուշեղյանը, հիմնադրամի գլխավոր ներդրումային մասնագետ Ներսես Կյուրինյանը, համայնքների ղեկավարներ, գործարարներ:
Ներկայացնելով ՀԳՏՏԶՀ-ի գործունեւոթյունը` Ալեքսանդր Քալանթարյանը նշել է, որ հիմնադրամի հիմնական առաքելությունն է նպաստել Հայաստանի գյուղական տարածքներում աղքատության նվազեցմանը: Այդ նպատակով հիմնադրամը ֆինանսական և տեխնիկական աջակցություն է տրամադրում այն ընկերություններին, որոնք փոխկապված են գյուղմթերք արտադրող բնակչության հետ:
ՀԳՏՏԶՀ-ի տնօրենը տեղեկացրել է, որ հիմնադրամն իրականացնում է բաժնեմասնակցային և միջանկյալ ներդրում` 100-500 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարի սահմաններում: Իրականացվում է նաև ստորադաս փոխառություն, որի գումարը չի կարող գերազանցել միևնույն ընկերությունում կատարած բաժնեմասնակցային և միջանկյալ ներդրման գումարի 50 տոկոսը:
Ալեքսանդր Քալանթարյանի խոսքով` հիմնադրամի թիրախային խմբում են գտնվում գյուղատնտեսական նշանակության փոքր և միջին ձեռնարկությունները, որոնք ունեն տնտեսական մեծ ներուժ և գործունեություն են ծավալում ձկնաբուծության, սառնարանային տնտեսության, բանջարեղենի և մրգերի պահածոյացման, ջերմոցային տնտեսության, գինու արտադրության, կաթի վերամշակման, թռչնաբուծության և այլ ենթաոլորտներում:
ՀԳՏՏԶՀ-ի տնօրեը հույս է հայտնել, որ մարզպետարանի հետ համագործակցության ճանապարհով կարող են հավաքագրել մարզի տնտեսվարողների կողմից ներկայացված ներդրումային ծրագրերը, և հիմնադրամի աշխատակարգերին համապատասխանության պարագայում իրականացնել դրանց ֆինանսավորումը: