Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրում բացվել է «Արևածագ» երեխաների աջակցության կենտրոնը

15.09.2017

ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում այսօր տեղի է ունեցել «Արևածագ» երեխաների աջակցության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են գտնվել և իրականացված աշխատանքներին, ստեղծված պայմաններին ծանոթացել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը. ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ոլորտի մեծ թվով պատասխանատուներ, հյուրեր:

Երեխաների աջակցության նորաբաց կենտրոնը հիմնվել է «Սեյվ դը չիլդրեն» հայաստանյան ներկայացուցչության՝ «Համայնքահեն ծառայություններ հաշմանդամություն ունեցող երեխաների համար» ծրագրի շրջանակներում՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության հետ գործընկերությամբ։

Կենտրոնն իր սոցիալական, կրթական և վերականգնողական ծառայություններն է առաջարկում հաշմանդամություն ունեցող 2-18 տարեկան երեխաներին։ Հիմնականում մատուցում են լոգոպեդի, էրգոթերապևտի, արտ և խաղային թերապիայի, հոգեբանի, սոցիական աշխատանքի ծառայություններ, որոնք միտված են հաշմանդամություն ունեցող երեխաներին զինելու նաև անկախ կյանքի և կենցաղավարման հմտություններով։

Օրվա առթիվ շնորհավորելով միջոցառման մասնակիցներին` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կարևորել է նմանատիպ կառույցների առկայությունը մարզերում` այդ համատեքստում նշելով, որ երեխաների պաշտպանության ոլորտում կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է համայնքներում նմանատիպ կենտրոնների հիմնմանը, որոնք աջակից կդառնան հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքներին: Արդյունքում, ըստ նախարարի, երեխաները չեն հաճախի շուրջօրյա խնամքի կենտրոններ, և կիրացվի ընտանիքում ապրելու նրանց իրավունքը:

Երեխաների աջակցության կենտրոնի բացման առթիվ իր շնորհավորանքի խոսքն է հղել նաև մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Կարևորելով կենտրոնի բացման գաղափարը` մարզպետը հույս է հայտնել, որ այն իր նպաստը կբերի մասնագիտական օգնության և հատուկ հոգածության կարիք ունեցող երեխաներին` թեթևացնելով նաև նրանց ընտանիքների հոգսերը: Հրաշալի նախաձեռնության իրականացման և կատարված աշխատանքի համար նա իր շնորհակալությունն է հայտնել կենտրոնի հիմնադիրներին` միևնույն ժամանակ ցանկանալով, որ լույս աշխարհ գան առողջ երեխաներ և ապրեն խաղաղ երկնքի տակ ու երջանիկ ընտանիքներում:

«Արևածագ» երեխաների աջակցության կենտրոնի հիմնման գործում ցուցաբերած աջակցության և համագործակցության համար մարզպետ Աշոտ Ղահրամանյանին շնորհակալագիր է հանձնվել «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Նաիրա Առաքելյանի և «Սեյվ դը չիլդրեն» գրասենյակի ղեկավար Աստղիկ Մովսիսյանի կողմից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49