Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսավորությամբ նշվել է Մուսալեռան հերոսամարտի 102-ամյակը

24.09.2017

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ մուսալեռցիներ տեղափոխվել են պատմական հայրենիք և հիմնել Մուսալեռ գյուղը: Ավելի ուշ` 1976 թվականին, հայրենիքի և սփյուռքի մուսալեռցիների նյութական աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ Մուսալեռ գյուղում բացվել է Մուսալեռան հերոսամարտին նվիրված հուշակոթող, որը խորհրդանշում է հերոսամարտի մասնակիցների համառ ու անկոտրում կամքը, ազատագրական ոգին ու արիությունը: 1983 թվականից այստեղ Մուսալեռան ճակատամարտի հերոսների պատվին սեպտեմբերի երրորդ կիրակի օրը ամենամյա տոնակատարություն է կազմակերպվում:

Ավանդական դարձած տոնակատարությունն իր շուրջն է համախմբում Հայաստանի և աշխարհի տարբեր վայրերում ապրող մուսալեռցիների` ավանդական հարիսայով, զուռնա-թմբուկով, մարտական շուրջպարով ու ազգային արժանապատվության զգացումով նշելու հերոսամարտի տարելիցը և հարգելու քաջի մահով ընկած հերոսների հիշատակը:

Մուսալեռան հերոսամարտի 102-ամյակին նվիրված տոնակատարությանն այսօր ներկա է գտնվել նաև մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Շնորհավորելով տոնակատարության մասնակիցներին նախ Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ, ապա Մուսալեռան հերոսամարտի 102-րդ տարեդարձերի առթիվ` մարզպետն  ընդգծել է, որ Մուսալեռան ինքնապաշտպանությունը հայ ժողովրդի հերոսական պայքարի փառահեղ էջերից է, որը հայրենասիրության, անկոտրում կամքի և միասնության վառ դրսևորում է բոլոր սերունդների համար: Նա նշել է, որ հայ ժողովրդի անցած այդ հերոսական ուղու շնորհիվ է, որ այսօր ունենք անկախ պետականություն և տերն ենք մեր ազատ ու անկախ հայրենիքի:

«Սիրելի ժողովուրդ, եկեք միասնական ուժերով և մեծ նվիրումով շենացնենք մեր երկիրը` համայն հայության օրրանը: Մեր գոյության ընթացքում երբեք չմոռանանք հանուն հայրենիքի իրենց կյանքը տված քաջորդիներին»,- ամփոփելով իր խոսքը` նշել է մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Օրվա առթիվ իրենց կատարումներով ներկաներին ողջունել են ՀՀ պաշտպանության նախարարության «Զորական» երգի համույթը և մի շարք պարային խմբեր:
Մուսալեռան հերոսամարտի 102-ամյակին նվիրված միջոցառման ավարտին տեղի է ունեցել հարիսայի օրհնության կարգ, որից հետո այն բաժանվել է ներկաներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 15:23:57