Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հանդես է եկել հաշվետու ժամանակահատվածը ներկայացնող մամուլի ասուլիսով

27.09.2017

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների, այդ թվում՝ ներդրումային ծրագրերի, ստեղծված աշխատատեղերի, սեփական եկամուտների, աղբահանության, ինչպես նաև ընթացիկ այլ միջոցառումների մասին հաշվետվություն:

Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և հիմնական ցուցանիշները` մարզպետը նշել է, որ հիմնականում հաջողվել է ապահովել մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի տարեկան աշխատանքային պլանով և մարզպետարանի աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը: Մարզպետարանի մեթոդական աջակցությամբ ավարտվել և գործողության մեջ են դրվել մարզի 97 համայնքների հնգամյա զարգացման ծրագրերը՝ ապահովելով կապը մարզի 2017-2025 թվականների ռազմավարական ծրագրի և համայնքների զարգացման ծրագրերի միջև:

Վերահսկվել են մարզի 97 համայնքի բյուջեների կազմման և արդեն տարվա ընթացքում կատարողականի ապահովման աշխատանքները: 2017 թվականին ՀՀ Արմավիրի մարզի համայնքների կողմից ընդամենը եկամուտ է պլանավորվել 7232004,7 հազար դրամ, իսկ 2016 թվականին` 6845154,9 հազար դրամ, աճը` 5,65 տոկոս (386849,8 հազ. դրամ): 2017 թվականին սեփական եկամուտների պլանավորումը կազմում է 2712147,4 հազար դրամ, իսկ 2016-ին` 222624,8 հազար դրամ, աճը` 21,9 տոկոս (487522,6 հազ. դրամ):

2017 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ նախատեսված 1,5 մլրդ դրամի դիմաց սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը կազմել է 1,3 մլրդ դրամ կամ 84,5 տոկոս: 2016 թվականի նույն ժամանակահատվածում նախատեսված 1,2 մլրդ դրամի դիմաց սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը կազմել է 1,0 մլրդ դրամ կամ 80,4 տոկոս: 2017 թվականին սեփական եկամուտներից մեկ շնչին ընկնող մասը կազմում է 10170 դրամ:

ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականից հետո հատուկ ուշադրություն է դարձվել համայնքների բյուջեներից կատարվող ծախսերի հիմնավորվածության, նպատակայնության և հատկապես համայնքային ենթակայության հիմնարկների պահպանության ծախսերի միատեսակության, հիմնավորվածության, միևնույն ելակետային ցուցանիշներ ունեցող համայնքների կողմից միջին մարզային ցուցանիշին համապատասխան ծախսերի կատարման հարցերին: Այժմ վերլուծվում են նաև մարզի նախադպրոցական ուսումնական հաստատությունների սննդի ծախսերի, հաստիքների, սաների թվի և բյուջեների կատարողականները:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տեղեկացրել է, որ համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրվել է համայնքների աղբահանության և սանիտարական մաքրման նպատակով բյուջեում համապատասխան միջոցներ առանձնացնելու, աղբահանության կազմակերպման սուբյեկտների ցանկն ընդլայնելու, համայնքների տարածքում բացի ֆիզիկական անձանցից, իրավաբանական անձանց ներգրավելու, նրանց աղբահանության կազմակերպման համար ֆիքսված դրույքաչափեր սահմանելու և բյուջե մուտքագրվող գումարների հավաքագրման և ծախսման հարցում ավելի թափանցիկ աշխատանք կազմակերպելու հարցերին:

Ըստ նրա` 2017 թվականի փետրվար ամսին կազմվել է Արմավիրի մարզի սանիտարական մաքրման սխեման: Մշակված սխեմային համապատասխան և աղբահանության օրացուցային գրաֆիկի հիման վրա մարզի բոլոր 97 համայնքներում իրականացվում է աղբահանություն: «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում մարզի համայնքներում արձանագրվել է 171 աղբավայր, որից 40-ը գործող է: Մայիսի 27-ի և հուլիսի 29-ի համապետական շաբաթօրյակների շրջանակում 125 աղբավայր մաքրվել և փակվել է, մյուս 5-ի համար համապատասխան համայնքներին առաջարկվել է այդ աշխատանքների հետ կապված ծրագիր ներկայացնել:

Մարզպետի խոսքով` մարզի 97 համայնքներից 45-ում աղբահանությունը կատարվում է պայմանագրային սկզբունքով, իսկ 52-ում աղբահանության պայմանագրեր կկնքվեն համայնքների ավագանու նիստերում որոշումներ կայացնելուց հետո միայն: Նա հավաստիացրել է, որ սանիտարական մաքրման և աղբահանության գործընթացը շարունակական է և գտնվում է մարզպետարանի մշտական վերահսկողության ներքո: 

Անդրադառնալով քաղաքաշինության ոլորտին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշել է, որ պետական բյուջեից մարզպետարանի ծրագրերի իրականացման համար հատկացվել է 49029,3 հազար դրամ, որից 19588,6 հազար դրամը Թաիրով գյուղի միջնակարգ դպրոցի, իսկ 29440,7 հազար դրամն էլ Շենիկ համայնքի մշակույթի տան վերանորոգման համար: Մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով պետական բյուջեից 2017 թվականին հատկացվել է 566,8 մլն դրամ, որն ուղղվել է 26 համայնքում առաջնային համարվող ծրագրերի իրականացմանը։ Իսկ ենթակառուցվածքների բնագավառում նախատեսվում է իրականացնել շուրջ 5,3 մլրդ ՀՀ դրամի աշխատանք։ Ճանապարհաշինության ոլորտում էլ ծրագրերի ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 1,3 մլրդ ՀՀ դրամ:

Մարզպետն իր խոսքում ընդգծել է, որ ՀՀ պետական բյուջեի և այլ աղբյուրների միջոցներով մարզում սկսված և շարունակվող ներդրումային, հումանիտար և վարկային ծրագրերի ծավալը կազմում է շուրջ 49,6 մլրդ դրամ:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միջոցով ՀՀ կառավարություն է ներկայացվել ընդհանուր առմամբ 16 ծրագիր (ընդհանուր արժեքը՝ 44,3 մլրդ դրամ, պահանջվող գումարը՝ 3,6 մլրդ դրամ, կապահովվի 457 աշխատատեղ, որից 30-ը` սեզոնային): Համապատասխան ծրագրերից 4-ը հավանության է արժանացել։ Դրանք են` Հացիկ համայնքում պտղասառնարանի վերագործարկման, Հայթաղում ելակի ջերմատան հիմնման, Քարակերտում հիմնված այգեգործական տնտեսության զարգացման և «Ոսկենի» գինու արտադրության ընդլայնման ծրագրերը:

Արտաշար համայնքում կաթիլային ոռոգման եղանակով բոստանային կուլտուրաների մշակության ներդրումային ծրագրի վարկային միջոցների սուբսիդավորման հարցն էլ կքննարկվի կաթիլային ոռոգման համակարգի ներդրմանն ուղղված պետական աջակցության ծրագրի հաստատումից հետո (ծրագրի արժեքն է 19,2 մլն դրամ, պահանջվող գումարը՝ 13,2 մլն դրամ): Իսկ լուծում չստացած մնացած ներդրումային ծրագրերը ներկայացվել են Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամ (FREDA):

Ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտում գրանցված հիմնական ցուցանիշները՝ մարզպետը նշել է, որ 2017 թվականի հունիսի 1-ի դրությամբ մարզում ցանքատարածությունները կազմել են 35912,5 հեկտար, որը 144,9 հեկտարով գերազանցել է նախորդ տարվա մակարդակը: Գյուղատնտեսական արտադրության մեջ օգտագործվել է 48182 հեկտար հողատարածք:

2017 թվականի սեպտեմբերի 25-ի դրությամբ մարզի գյուղացիական տնտեսություններից 13 մթերող կազմակերպությունների կողմից մթերվել է 7477 տոննա պտուղ, 4596 տոննա բանջարեղեն և 26559 տոննա խաղող: Պտղի և բանջարեղենի մթերման ծավալը շուրջ 90 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը:

Մարզպետի խոսքով՝ գյուղատնտեսության ոլորտում օրախնդիր է եղել ոռոգման ջրի հարցը. Ախուրյանի ջրամբարը պակաս է լցվել շուրջ 90 մլն մետր խորանարդով, իսկ գետերում ջրի ելը նվազել է շուրջ 20 տոկոսով: Հարցի կարգավորման նպատակով Բաղրամյանի և Արմավիրի տարածաշրջանում ջրամատակարարումն իրականացվել է սահմանված գրաֆիկով: Սևանա լճից ջրի բաց թողումն ավելացվել է 100 մլն մետր խորանարդով: Մարզում գործող երկու ՋՕԸ-երի կողմից 24 համայնքում վերագործարկվել է նախկինում չգործող 42 խորքային հոր, 18 համայնքում էլ խմելու ջրի համար նախատեսված 35 խորքային հոր օգտագործվել է ոռոգման նպատակով: Չնայած իրականացված մեծածավալ աշխատանքներին` ոռոգման ջրի մատակարարման բնագավառում լարվածությունը պահպանվել է:

Անդրադառնալով կրթության ոլորտին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մասնավորապես նշել է, որ մարզում գործող 123 դպրոցում 2017-2018 ուսումնական տարում աշակերտների թիվը կազմել է 34915: Առաջին դասարան է հաճախել 3647 աշակերտ: Նախորդ ուսումնական տարում 9-րդ և 12-րդ դասարաններն համապատասխանաբար ավարտել են 2706 և 1948 աշակերտներ: Մարզից միասնական քննություն է հանձնել 1280 շրջանավարտ: Հանրապետության բուհերում 2017 թվականին մարզից հայտագրվել է 723 դիմորդ, որից 629-ն ընդունվել է (87 %):
Մարզում պարտուսից դուրս մնացած, մուրացիկ և թափառաշրջիկ երեխաներ հաշվառված չկան:

Ընդհանուր առմամբ մարզի նախադպրոցական տարիքի երեխաների 54 տոկոսն ընդգրկված է նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Մարզում գործում է 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն՝ 5151 սանով: Մարզի դպրոցներից 50-ում իրականացվում է ներառական կրթություն՝ հատուկ կրթության կարիք ունեցող 1367 աշակերտի համար:

Ուսումնասիրվել են մարզի դպրոցների շենքային պայմանները, քննարկման փուլում է մինչև 50 աշակերտ ունեցող 5 դպրոցում և 51-100 աշակերտ ունեցող 8 դպրոցում ֆինանսական գործունեության բարելավման և կրթական գործընթացն առավել պատշաճ պայմաններում կազմակերպելու հարցը: ՀՀ կրթության և գիտության նախարարություն են ներկայացվել մի քանի դպրոց միավորելու առաջարկություններ: Մարզի առողջապահական հիմնարկների օպտիմալացման խնդիրը ևս ընթացքի մեջ է:

Մարզպետի տեղեկացմամբ` մարզային ենթակայության 6 առողջապահական հաստատությունների պետական պատվերի գլոբալ բյուջեն կազմել է 2882154,173 դրամ։ Մինչ այժմ մարզպետարան դիմած քաղաքացիներից պետպատվերի շրջանակներում բուժման համար 60 հիվանդ ուղեգրվել է մարզային հիվանդանոցներ, 25 միջնորդագիր էլ ներկայացվել է ՀՀ առողջապահության նախարարություն:

Մարզի բուժհաստատությունների մահճակալների թիվը 389-ն է: Մահճակալների ծանրաբեռնվածությունը 2017 թվականի առաջին կիսամյակում եղել է 54,4 տոկոս: Նույն ժամանակահատվածում վճարովի ծառայությունները կազմել են 186,4 միլիոն դրամ: 2016 թվականի առաջին կիսամյակի համեմատությամբ գրանցվել է 11,6 տոկոս աճ կամ 19,3 միլիոն դրամ ավել վճարված գումար:

Հաշվետու ժամանկահատվածում մարզում գրանցվել է 1468 ծնունդ: Սեպտեմբերի 9-ի դրությամբ մահացել է 18-ից բարձր տարիքի 1226 հիվանդ, որից 108-ը` մարզի հիվանդանոցներում: Մարզում գրանցվել է 0-18 տարեկան երեխաների մահացության 13 դեպք: Մանկական մահացությունը կազմել է 3,4 պրոմիլե, մայրական մահացության դեպք չի գրանցվել:

2017 թվականի պետական բյուջեի և այլ միջոցներով մարզի սոցիալապես անապահով, որբ, ծնողազուրկ շուրջ 520 երեխա իր ամառային հանգիստն է անցկացրել մանկական ճամբարներում:

Հուլիսի 1-ի դրությամբ մարզի զբաղվածության տարածքային գործակալություններում հաշվառված է աշխատանք փնտրող 7688 մարդ, որից գործազուրկի կարգավիճակ է ստացել 6316-ը: Գործակալություններում հաշվառված աշխատանք փնտրող անձանցից աշխատանքի է տեղավորվել 231-ը: Գործազրկության մակարդակը մարզում կազմում է 9,4 տոկոս:

Աշոտ Ղահրամանյանը նշել է, որ Արմավիրի մարզն ակտիվ համագործակցում է մի շարք երկրների տարածքային միավորների հետ՝ ներդրումների ներգրավման և սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու նպատակով: Մարզում գերակա խնդիր շարունակում է մնալ զբաղվածության ապահովումը, նոր աշխատատեղերի ստեղծումը և բնակչության բարեկեցության աճը:

Մարզպետը տեղեկություններ է ներկայացրել նաև այլ ոլորտների վերաբերյալ, անդրադարձել ներմարզային խնդիրներին, դրանց լուծման հնարավոր ուղիներին` ընդգծելով, որ անելիքներ բոլոր ոլորտներում էլ դեռ կան, և դրանք լուծում կստանան առաջնահերթության կարգով:
Նա պատասխանել է նաև լրագրողներին հետաքրքրող հարցերին` տալով համարժեք պարզաբանումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57