Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը

29.09.2017

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, փոխմարզպետներ Լարիսա Մուրադյանը, Գագիկ Գաբրիելյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Արմավիրի մասնաճյուղի տնօրենը:

Օրակարգային առաջին հարցի շրջանակում ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Լարիս Մուրադյանը ներկայացրել է մարզում խոլերա հիվանդության մուտքն ու տարածումը կանխարգելելու 2017-2020 թվականների միջոցառումների կոմպլեքս պլանի կատարման ընթացքը` մասնավորապես նշելով, որ համայնքապետարանները պետք է վերանայեն և լրամշակեն խոլերայի դեմ պայքարի իրենց միջոցառումների 5-ամյա պլանը: Նա առաջարկել է համայնքների ղեկավարներին ուշադրության կենտրոնում պահել ջրամատակարարման և աղբահանության հետ կապված հարցերը` հետագա խնդիրներից խուսափելու համար:

Անդրադառնալով օրակարգային հարցին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը խոլերա հիվանդության մուտքն ու տարածումը կանխարգելող կարևոր ձեռնարկ է համարել Մեծամորի մաքրման կայանի կառուցումը, որն իրականացվելու է Գերմանական զարգացման բանկի (KFW), ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի համատեղ ծրագրերով: Մեծամորի նոր մաքրման կայանի կառուցման համար, ըստ մարզպետի, նախատեսվել է 5,9 մլն եվրո: Նշված կազմակերպությունների ծրագրերով էլ առաջիկայում կիրականացվի կապալառու կազմակերպության ընտրության մրցույթը:

Այնուհետև ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանն առ 25.09.2017 թվականի դրությամբ ներկայացրել է մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման և համայնքներում աշխատավարձերի պարտքերի մարման գործընթացը` տեղեկացնելով, որ հաշվետու ժամանակահատվածում մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների փաստացի մուտքերը նախատեսված 1761404,5 հազար դրամի դիմաց կազմել են 1406610,3 հազար դրամ, կատարողականը՝ 79,9 տոկոս:

Վարազդատ Մկրտչյանի խոսքով` սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0,3 տոկոսով: 6,5 տոկոսով նվազում է գրանցվել միայն գույքահարկի մասով: Նա ըստ համայնքների ներկայացրել է սեփական եկամուտների հավաքագրման 100 տոկոս և բարձր, ինչպես նաև 50 տոկոսից ցածր ցուցանիշները:

Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետը ներկայացրել է նաև համայնքներում աշխատավարձերի մարման գործընթացը` տեղեկացնելով, որ 15.09.2017 թվականի դրությամբ աշխատավարձի պարտք ունի թվով 17 համայնք, և այն կազմում է 28715,0 հազար դրամ:

Անընդունելի համարելով որոշ համայնքների կողմից հավաքագրման ցածր ցուցանիշների ապահովումը և աշխատավարձի պարտքի գոյացումը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը համապատասխան համայնքների ղեկավարներին առաջարկել է ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել սեփական եկամուտների հավաքագրման և աշխատավարձի պարտքի մարման գործընթացին` հնարավորինս սեղմ ժամկետում ապահովելով համայնքի բյուջեով պլանավորված ցուցանիշների կատարումը:

Վարազդատ Մկրտչյանն իր ելույթում անդրադարձել է նաև ՀՀ պետական բյուջեից Արմավիրի մարզպետարանին հատկացված միջոցների նպատակային օգտագործմանը` ընդգծելով, որ կրթական բոլոր ծրագրերով, երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, փողային և լարային նվագարանների մասով, մշակութային միջոցառումների իրականացման նպատակով և այլընտրանքային ծառայությունների ապահովման համար հատկացված գումարների ֆինանսավորումն ամբողջությամբ կատարվել է: Ըստ նրա` թերֆինանսավորում կա ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվող միջոցների մասով միայն, որը պայմանավորված է աշխատանքները կատարող կապալառու կազմակերպությունների կողմից կատարողական ակտերի չներկայացմամբ, որոշ դեպքերում էլ` դրական եզրակացություն չստացած պայմանագրերով:

Մարզում բերքահավաքի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացրել մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը` նշելով, որ 2017 թվականի հունիսի 1-ի դրությամբ ցանքատարածությունները կազմել են 35912,5 հեկտար, որը 144,9 հեկտարով գերազանցել է նախորդ տարվա մակարդակը: Ցանքատարածությունների ավելացումը պայմանավորված է եղել եգիպտացորենի, բանջար-բոստանային կուլտուրաների ցանքատարածությունների ավելացմամբ:

Նրա խոսքով` մարզում ավարտվել է հացահատիկի հունձը: Ավարտին է մոտենում կարտոֆիլի, բոստանի բերքահավաքը: Ընթացքի մեջ են բանջարեղենի, պտղի, խաղողի, բերքահավաքի և կերի կուտակման աշխատանքները:

Արթուր Այվազյանն իր խոսքում ընդգծել է, որ գյուղատնտեսական մթերքների բերքահավաքի և իրացման հարցը մշտապես գտնվել է ՀՀ կառավարության և մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուշադրության կենտրոնում: Այդ աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով վերամշակող կազմակերպությունների և արտահանող սուբյեկտների հետ կազմակերպվել են մի շարք խորհրդակցություններ, հանդիպումներ:

Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը տեղեկացրել է նաև, որ հաշվետու ժամանակահատվածի տվյալներով մարզից արտահանվել է 500 տոննա կեռաս, 10 հազար տոննա ծիրան, 7-8 հազար տոննա դեղձ, 5-6 հազար տոննա սալոր, 3-4 հազար տոննա խաղող: Պտղի և բանջարեղենի մթերման ծավալն էլ շուրջ 90 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը:

Օրակարգային և ընթացիկ հարցերի քննարկումն ամփոփելուց հետո մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզխորհրդի նիստը հայտարարել է ավարտված:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08