Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ուսուցչի օրվա առթիվ մարզպետն այցելել է մի շարք դպրոցներ

05.10.2017

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն Ուսուցչի օրվա առթիվ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Վաղարշապատի թիվ 12, Ներսիսյան թիվ 6, Արմավիրի թիվ 10-ը հիմնական և Դաշտի, Ապագայի, Ալաշկերտի, Արմավիրի, Բամբակաշատի միջնակարգ դպրոցներ:

Նշված կրթօջախներում մարզի ղեկավարին և ոլորտի պատասխանատուին դիմավորել են տոնական միջավայրում, բարձր տրամադրությամբ և մեծ ոգևորությամբ` շնորհակալություն հայտնելով նրանց մշտական աջակցության և ջերմ վերաբերմունքի համար` միաժամանակ վստահեցնելով, որ կշարունակեն պատվով կրել մանկավարժի կոչումն ու արդարացնել իրենց հանդեպ հասարակության սպասումները:

Շնորհավորելով ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ` մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդգծել է, որ հայ մարդը միշտ մեծագույն հարգանք է դրսևորել մանկավարժական գործի հանդեպ` այն համարելով ամենապատվաբերը:
«Դարեր շարունակ դուք մատաղ սերնդին եք փոխանցել ոչ միայն գիտելիքներ, այլև սեր եք արմատավորել առ հայրենիք և ազգային արժեքներ` դառնալով մեր պետության դժվարին օրերի հավատարիմ զինակիցը և լուսավոր գաղափարների ջահակիրը:

Հավատացած եղեք, որ դպրոցը և կրթության համակարգը շարունակում են մնալ պետության բարձրաստիճան այրերի ամենօրյա ուշադրության և հոգածության կենտրոնում: Եվ մեր բոլորի ցանկությունն է, որ ոլորտի բարեփոխումները զուգորդվեն կրթական հաստատությունների պայմանների բարելավմամբ և տեխնիկական բազայի համալրմամբ»,- իր խոսքում նշել է մարզպետը` ամենայն բարիք և բազում հաջողություններ մաղթելով բոլոր ուսուցիչներին:

Կրթության բնագավառում և մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար Վաղարշապատի Ներսիսյան թիվ 6 հիմնական դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Սուսաննա Տոնոյանը, դասվար Գայանե Բիլբուլյանը, Ապագայի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Սոնա Դավթյանը, Արմավիրի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Սուրեն Բալյանը, Ալաշկերտի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Նաիրա Բաղդասարյանը, Բամբակաշատի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Դոնարա Նիկողոսյանը, Արմավիրի թիվ 10 հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Բելլա Ստեփանյանը, անգլերենի ուսուցչուհի Ռուզանա Վիրաբյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Թամարա Ապիտոնյանը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից պարգևատրվել են պատվոգրով:

Մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ներդրած մեծագույն  ավանդի և «Ուսուցչի օրվա» առթիվ ՀՀ կրթության և գիտության նախարարի ոսկե հուշամեդալով են պարգևատրվել Վաղարշապատի Ներսիսյան թիվ 6 հիմնական և Բամբակաշատի միջնակարգ դպրոցների տնօրեններ Սեդա Ենգիբարյանը և Գայանե Պարոնյանը: Վաղարշապատի թիվ 12 հիմնական, Դաշտի, Վանանդի, Խորոնքի, Պտղունքի միջնակարգ դպրոցների տնօրեններն էլ պարգևատրվել են նախարարի պատվոգրով:

Վերը նշված դպրոցների տնօրեններին նախարար Լևոն Մկրտչյանի կողմից շնորհված պարգևները և պատվոգրերը հանձնել է մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` կրկին անգամ կարևորելով նրանց վաստակը մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում:

Յուրաքանչյուր տարի Ուսուցչի օրը մարզի դպրոցներում տոնի վերածելու, ուսուցչական կազմին հաճելի անակնկալ մատուցելու, նրանց աշխատանքը գնահատելու համար տնօրենների և ուսուցիչների կողմից երախտագիտության խոսքեր են ուղղվել մարզպետին և ոլորտի պատասխանատուին: Վաղարշապատի Ներսիսյան թիվ 6 հիմնական դպրոցի անձնակազմի, ծնողների և սաների կողմից էլ մարզպետ Աշոտ Ղահրամանյանին շնորհակալագիր է տրվել` դպրոցի բակի բարեկարգման աշխատանքներին անմիջական աջակցություն ցուցաբերելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36