Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը

27.10.2017

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցել են փոխմարզպետներ Լարիսա Մուրադյանը, Մովսես Քարտաշյանը, Գագիկ Գաբրիելյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները և համայնքների ղեկավարները:

Օրակարգային հարցերի շրջանակում ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանն առ 26.10.2017 թվականի դրությամբ զեկուցել է մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման և համայնքներում աշխատավարձերի պարտքերի մարման գործընթացը` տեղեկացնելով, որ հաշվետու ժամանակահատվածում մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների փաստացի մուտքերը նախատեսված 2033354,3 հազար դրամի դիմաց կազմել են 1699182,1 հազար դրամ, կատարողականը՝ 83,6 տոկոս:

Նա ըստ համայնքների ներկայացրել է սեփական եկամուտների հավաքագրման 100 տոկոս և բարձր, ինչպես նաև 50 տոկոսից ցածր ցուցանիշները` նշելով, որ սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0,2 տոկոսով:

Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետը ներկայացրել է նաև համայնքներում աշխատավարձերի մարման գործընթացը` տեղեկացնելով, որ 15.10.2017 թվականի դրությամբ աշխատավարձի պարտք ունի թվով 16 համայնք, և այն կազմում է 21263,9 հազար դրամ:

Անդրադառնալով որոշ համայնքների կողմից հավաքագրման ցածր մակարդակի ապահովմանը և աշխատավարձի ընթացիկ պարտքերի գոյացմանը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հորդորել է համապատասխան համայնքների ղեկավարներին ամենօրյա աշխատանք տանել ստեղծված իրավիճակը շտկելու և տարին առանց աշխատավարձի պարտքի և սեփական եկամուտների հավաքագրման` համայնքի բյուջեով պլանավորված ցուցանիշների կատարման փակելու համար: Նա առաջարկել է համայնքապետերին հողի հարկի պարտավորություններ ունեցող ֆիզիկական անձանց խոշոր պարտքերի բռնագանձման վերաբերյալ սեղմ ժամկետում համապատասխան հայցեր ներկայացնել դատարան:

Մարզում 2017 թվականին իրականացվող այգեթաղի և աշնանացան ցորենի ցանքսի հետ կապված աշխատանքների ընթացքի և առկա խնդիրների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը` մասնավորապես նշելով, որ 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ մարզում հաշվառվել է 15532,4 հեկտար բազմամյա տնկարկ, որից 6881,6 հեկտարը` խաղողի այգի:

Նրա տեղեկացմամբ` բնակլիմայական պայմաններով պայմանավորված խաղողի մշակությունը մարզում իրականացվում է պարտադիր այգեթաղի պայմաններում: Այսօրվա դրությամբ մարզում իրականացվել է 295 հեկտար այգեթաղ, 1217 հեկտար էլ աշնանացան: Ելնելով բնակլիմայական պայմաններից և աշնանացանի կատարման օպտիմալ ժամկետից` Արթուր Այվազյանն առաջարկել է համայնքներում հնարավորինս արագացնել համապատասխան աշխատանքների կատարումը:

Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Սիմոն Թովմասյանն էլ իր զեկույցում անդրադարձել է Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) Արմավիրի մարզային գործակալությանը մարզում 2017 թվականի ընթացքում մասնավոր կառուցապատողների կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ համայնքապետերի կողմից ճշգրիտ տեղեկատվություն ներկայացնելու պահանջին` ընդգծելով, որ տվյալների միասնական և հուսալի բազա ստեղծելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի համայնքներից մարզպետարան ներկայացվող տեղեկատվությունը համապատասխանի ԱՎԾ-ի Արմավիրի մարզային գործակալության տվյալներին:

Օրակարգային հարցի կապակցությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանն առաջարկել է համայնքապետերին այսուհետ ամբողջությամբ հաշվառել համայնքում կառուցապատողների կողմից իրականացվող շնարարական աշխատանքները, և համապատասխան տեղեկատվությունը ներառել նաև համայնքի ղեկավարի տարեկան հաշվետվությունում:
Ամփոփելով օրակարգային և ընթացիկ հարցերի քննարկումը` մարզպետը մարզխորհրդի նիստը հայտարարել է ավարտված:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08