Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի Մովսես Սիլիկյանի անվան N 6 հիմնական դպրոցը տոնել է հիմնադրման 50-ամյակը

04.11.2017

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը փոխմարզպետներ Լարիսա Մուրադյանի, Գագիկ Գաբրիելյանի, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի, տարբեր կրթական հաստատությունների պատասխանատուների և մեծաթիվ հյուրերի հետ այսօր ներկա է գտնվել Արմավիրի Մովսես Սիլիկյանի անվան N 6 հիմնական դպրոցի հիմնադրման 50-ամյակին նվիրված միջոցառմանը:

Կեսդարյա պատմություն ունեցող կրթօջախը 1967 թվականին հիմնադրվել է 8-ամյա դպրոցի հենքի վրա և մինչև 1970 թվականը գործել է որպես երկարօրյա: 2012 թվականին դպրոցն անվանակոչվել է ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ, Սարդարապատի հերոսամարտի հրամանատար Մովսես Սիլիկյանի անունով:

Իր գործունեության բոլոր ժամանակներում կրթօջախն աչքի է ընկել բովանդակային աշխատանքներով, բազմաբնույթ միջոցառումներով` կարևորելով ապագա սերնդի դաստիարակությունը և բազմակողմանի զարգացումը: 1967 թվականից առ այսօր դպրոցն ունեցել է 26 ոսկե և արծաթե մեդալակիր շրջանավարտ: Կրթօջախը ներկայացնող շրջանավարտները լուրջ հաջողությունների են հասել պետական կառավարման տարբեր բնագավառներում` արդարացնելով մանկավարժական կազմի անվերապահ նվիրումը կրթադաստիարակչական գործընթացին:

Հիմնաքար ընդունելով անցյալի հին ու բարի ավանդույթները` Մովսես Սիլիկյանի անվան N 6 հիմնական դպրոցն այսօր էլ նոր ժամանակների պահանջներին համընթաց շարունակում է բարեխղճորեն կատարել իր առաքելությունը` հաջողություններ գրանցելով տարածաշրջանային, մարզային և հանրապետական բոլոր միջոցառումներում:

Կրթօջախի տնօրեն Հասմիկ Գասպարյանի ուղեկցությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ծանոթացել է դպրոցի հին ու նոր օրերի, անցյալի ու ներկայի մասին պատմող տեղեկատվական նյութերին, բացել կրթօջախի հոբելյանական տարեդարձը խորհրդանշող հուշատախտակը, ապա մասնակցել տոնական օրվան նվիրված միջոցառմանը:

Շնորհավորելով բոլորին դպրոցի հիմնադրման 50-ամյակի առթիվ` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մասնավորապես նշել է. «Ուրախ եմ այս հիշարժան օրը ձեր հետ տոնելու և հաճելի զգացողություններ ապրելու համար: Ես խոնարհվում եմ կրթօջախի բոլոր տարիների մանկավարժների վաստակի առաջ և շնորհակալություն հայտնում նրանց, ովքեր տարիների ընթացքում ձևավորված լավ ու բարի ավանդույթների կրողն ու փոխանցողն են դարձել:

Մովսես Սիլիկյանի անվան N 6 հիմնական դպրոցը ղեկավարած հարգարժան տնօրեններ, շատ սիրելի ուսուցիչներ, աշակերտներ, տա Աստված, որ մեր երկրում մշտապես խաղաղություն լինի, և ստեղծվող նյութական բարիքները ծառայեն մեր մատաղ սերնդի կրթությանն ու բարօրությանը, մեր լուսավոր գալիքին»:

Տոնական օրվան նվիրված միջոցառման շրջանակում ՀՀ Արմավիր մարզի կրթության ոլորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի, հանրակրթական դպրոցի տնօրենի պաշտոնում վարչական երկարամյա ու անբասիր աշխատանքային գործունեության և «Արմավիրի Մովսես Սիլիկյանի անվան N 6 հիմնական դպրոցի» հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ դպրոցի նախկին տնօրեններ Վրեժ Աղասու Փիլոյանը և Պատվական Անդրանիկի Շաքրիկյանը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից պարգևատրվել են պատվոգրով:

Մարզպետը պատվոգրով պարգևատրել է նաև կրթօջախի վաստակաշատ մանկավարժներ Ելենա Հակոբի Խաչատրյանին, Ջեմմա Սողոմոնի Խաչատրյանին, Սուսաննա Արտյոմի Մարտիրոսյանին, Գեղանուշ Իսրայելի Մարգարյանին, Գայանե Կարապետի Գաբրիելյանին՝ մարզի կրթության ոլորտի զարգացման և մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի, երկարամյա ու անբասիր մանկավարժական գործունեության և «Արմավիրի Մովսես Սիլիկյանի անվան N 6 հիմնական դպրոցի» հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ։

Սարգիս Արամի Գրիգորյանն էլ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից պատվոգրի է արժանացել երկարամյա ու անբասիր աշխատանքային գործունեության ընթացքում հանրակրթական դպրոցի տնօրենի՝ տնտեսական աշխատանքի գծով տեղակալի գործառույթները բարեխղճորեն կատարելու և «Արմավիրի Մովսես Սիլիկյանի անվան N 6 հիմնական դպրոցի» հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49