Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվել են «Կանաչ Հայաստան` աղբահանության միջոցով» ծրագրի արդյունքները

06.12.2017

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր ամփոփվել են «Կանաչ Հայաստան` աղբահանության միջոցով» ուսուցողական ծրագրի արդյունքները: Ծրագրի ամփոփմանը ներկա են գտնվել մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայաստանում ՉՀ դեսպան Պետր Միկիսկան, մարզպետարանի և դեսպանատան պատասխանատու պաշտոնյաներ, ծրագրի արդյունքում հաղթող ճանաչված դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ և աշակերտներ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սույն թվականի մարտի 29-ին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և Հայաստանում ՉՀ դեսպան Պետր Միկիսկայի միջև կնքված պայմանագրի համաձայն մարզի կրթօջախներում մեկնարկել է «Կանաչ Հայաստան` աղբահանության միջոցով» ուսուցողական ծրագիրը`«Մաքուր Արմավիրը սկսվում է քո տնից» խորագրի ներքո: Ծրագրի շրջանակներում Չեխիայի կառավարության անմիջական աջակցությամբ մարզի դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում իրականացվել են աղբի հավաքման և տեսակավորման վերաբերյալ ուսուցողական դասընթացներ` երեխաների շրջանում համապատասխան հմտություններ ձևավորելու նպատակով:

«Մաքուր Արմավիրը սկսվում է քո տնից» մարզային մրցութային ծրագիրը հաջողությամբ ընթացել է բոլոր դպրոցներում: Մրցույթի շրջանակներում, ինչպես նաև համապետական և մարզային շաբաթօրյակների ընթացքում աշակերտները հավաքել, տեսակավորել են վերամշակման ենթակա աղբը, թափոններից պատրաստել հետաքրքիր և կենցաղում կիրառելի բազմաթիվ իրեր, առարկաներ:

Կատարված աշխատանքներին լուսանկարների տեսքով օրեր առաջ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ տեղի ունեցած ընդունելության ժամանակ ծանոթացել է նաև դեսպան Պետր Միկիսկան, որի արդյունքում էլ հաղթող են ճանաչվել և մրցանակային 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերն են զբաղեցրել Նորավանի, Հովտամեջի և Վաղարշապատի թիվ 2 հատուկ դպրոցները:

Արմավիրի մարզպետարանի և Հայաստանում ՉՀ դեսպանատան համատեղ համագործակցությամբ իրականացված «Կանաչ Հայաստան` աղբահանության միջոցով» ուսուցողական ծրագրին լավագույն մասնակցություն ունեցած և հաղթող ճանաչված դպրոցներն այսօր մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և Հայաստանում ՉՀ դեսպան Պետր Միկիսկայի կողմից պարգևատրվել են պատվոգրերով և համակարգչային տեխնիկայով: 

Շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված, ինչպես նաև ծրագրին մասնակցություն ունեցած բոլոր դպրոցներին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կարևորել է ուսուցողական ծրագրի դերն աշակերտների շրջանում` այն համարելով նոր մշակույթի ձևավորման անհրաժեշտ նախապայման: Նա` ի դեմս դեսպան Պետր Միկիսկայի, իր շնորհակալությունն է փոխանցել նաև Չեխիայի կառավարությանը` ծրագրին աջակցելու և այն կյանքի կոչելու համար:

Ողջունելով Արմավիրի մարզում «Կանաչ Հայաստան` աղբահանության միջոցով» ուսուցողական ծրագրի իրականացումը` Հայաստանում ՉՀ դեսպան Պետր Միկիսկան ընդգծել է, որ այն ապագային միտված ծրագիր է, որով աշակերտները ծանոթանում են նաև բնապահպանական խնդիրներին և նպաստում շրջակա միջավայրի մաքրության պահպանմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 14:41:33