Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել մարզպետ Աշոտ Ղահրամանյանի տարեվերջյան մամլո ասուլիսը

27.12.2017

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր հրավիրված տարեվերջյան ամփոփիչ մամլո ասուլիսի ընթացքում ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում տարբեր ոլորտներում կատարված աշխատանքները, խոսել նաև հիմնախնդիրների և նախատեսվող ծրագրերի մասին:

Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և հիմնական ցուցանիշները` մարզպետն ընդգծել է, որ բավականին դժվար և խնդիրներով հագեցած տարին միասնական ուժերով հնարավոր է եղել պատվով հաղթահարել: Անցնող տարում ամբողջությամբ ապահովվել է մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի տարեկան աշխատանքային պլանով և մարզպետարանի աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր խոսքում ընդգծել է, որ հաշվետու ժամանակահատվածում մարզում ՀՀ պետական բյուջեի և այլ աղբյուրների միջոցներով իրականացված ներդրումային, հումանիտար և վարկային ծրագրերի ծավալը կազմել է շուրջ 20 մլրդ դրամ:

Ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտում գրանցված հիմնական ցուցանիշները՝ նա նշել է, որ 2017 թվականին մարզում ցանքատարածությունները կազմել են 35912,5 հեկտար, որը 144,9 հեկտարով գերազանցել է նախորդ տարվա մակարդակը: Գյուղատնտեսական արտադրության մեջ օգտագործվել է 48182 հեկտար հողատարածք: 2017 թվականին մարզի գյուղացիական տնտեսություններից 13 մթերող կազմակերպությունների կողմից էլ մթերվել է 3903 տոննա պտուղ, 6473 տոննա բանջարեղեն և 44304 տոննա խաղող: Իսկ մթերման գործընթացն իրականացվել է առանց խոչընդոտների:

Մարզպետի խոսքով` գյուղատնտեսության ոլորտում օրախնդիր է եղել ոռոգման ջրի հարցը. Ախուրյանի ջրամբարը պակաս է լցվել շուրջ 90 մլն մետր խորանարդով, իսկ գետերում ջրի ելը նվազել է շուրջ 20 տոկոսով: Սակայն, ըստ նրա, արվել է հնարավորը` ստեղծված իրավիճակում ընդհանուր լարվածությունը մեղմելու նպատակով:

Անդրադառնալով կրթության ոլորտին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մասնավորապես նշել է, որ 2017-2018 ուսումնական տարում մարզում աշակերտների թիվը կազմել է 35632: Նախորդ տարվա համեմատությամբ աշակերտների ընդհանուր թիվն աճել է 1583-ով, որից մարզային ենթակայության դպրոցներում` 1140-ով:

Մարզպետը տեղեկացրել է, որ այս ուսումնական տարում առաջին դասարան է հաճախել 3824 աշակերտ, որից 3674-ը` մարզային ենթակայության դպրոցներում: Առաջին դասարանցիների թիվն աճել է 150-ով: Նախորդ ուսումնական տարում 9-րդ և 12-րդ դասարաններն համապատասխանաբար ավարտել են 2706 և 1948 աշակերտներ: Իսկ միասնական քննություն է հանձնել 1280 շրջանավարտ: Հանրապետության բուհերում էլ 2017 թվականին մարզից հայտագրվել է 723 դիմորդ, որից 629-ն ընդունվել է (87 %):

Ներկայացնելով առողջապահության ոլորտի հիմնական ցուցանիշները` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշել է, որ մարզի առողջապահական հաստատությունների պետական պատվերի գլոբալ բյուջեն կազմել է շուրջ 2,88 մլրդ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում մարզպետարան դիմած քաղաքացիներից պետպատվերի շրջանակներում բուժման համար մարզային հիվանդանոցներ է ուղեգրվել 75 հիվանդ, 33 միջնորդագիր էլ ներկայացվել է ՀՀ առողջապահության նախարարություն:

Մարզպետի տեղեկացմամբ` մարզի բուժհաստատությունների մահճակալների թիվը 389-ն է, իսկ ծանրաբեռնվածությունը 2017 թվականի ընթացքում եղել է 54,4 տոկոս: Վճարովի ծառայություններն էլ կազմել են 300 մլն 444.8 հազար դրամ, որը 10 մլն 405.5 հազար դրամով ավել է 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

Հաշվետու ժամանկահատվածում մարզում գրանցվել է 2119 ծնունդ: Դեկտեմբերի 1-ի դրությամբ մահացել է 18-ից բարձր տարիքի 1769 հիվանդ, որից 141-ը` մարզի հիվանդանոցներում: Մարզում գրանցվել է 0-18 տարեկան երեխաների մահացության 18 դեպք, որից 0-1 տարեկան` 8: Մանկական մահացությունը կազմել է 3.7 պրոմիլե, մայրական մահացության դեպք չի գրանցվել:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն անդրադարձել է նաև մարզի սանիտարական վիճակին` նշելով, որ 2017 թվականի փետրվար ամսին կազմվել է Արմավիրի մարզի սանիտարական մաքրման սխեման, որին համապատասխան և աղբահանության օրացուցային գրաֆիկի հիման վրա մարզի բոլոր 97 համայնքներում իրականացվում է աղբահանություն: Մարզպետը նշել է, որ գործընթացը շարունակական է և գտնվում է մարզպետարանի մշտական վերահսկողության ներքո:

Անդրադառնալով արտաքին կապերի բնագավառում իրականացված աշխատանքներին` մարզպետն ընդգծել է, որ 2017 թվականին շարունակվել է նախկինում հաստատված համագործակցությունը տարբեր պետությունների տարածքային միավորների հետ` Արմավիրի մարզի տնտեսության զարգացմանը նպաստող ներդրումային հնարավորությունների բացահայտման, մարզում հնարավոր ներդրողների ներգրավման և մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով: Այդ համատեքստում նա առանձնացրել է Արմավիրի մարզպետարանի և Չեխիայի Հանրապետության Մորավսկի-Սիլեզյան երկրամասի, Ռումինիայի Հանրապետության Կլուժ նահանգի, Ռուսաստանի Դաշնության Վոլոգդայի և Յարոսլավլի մարզերի, ինչպես նաև Իտալիայի Վենետո նահանգի հետ ունեցած փոխգործակցությունը, որի շրջանակում կյանքի են կոչվել մի շարք ձեռնարկներ, և նախադրյալներ են ստեղծվել առաջիկայում նոր ծրագրեր իրականացնելու համար:

Մարզպետը տեղեկություններ է ներկայացրել նաև այլ ոլորտների վերաբերյալ, անդրադարձել ներմարզային խնդիրներին, դրանց լուծման հնարավոր ուղիներին` ընդգծելով, որ անելիքներ բոլոր ոլորտներում էլ դեռ կան, և դրանք լուծում կստանան առաջնահերթության կարգով:
Նա պատասխանել է նաև լրագրողներին հետաքրքրող հարցերին` տալով համարժեք պարզաբանումներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49