Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

29.12.2017

Արմավիրի մարզի հարգարժան բնակիչներ, սիրելի հայրենակիցներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Պատմությանն ենք հանձնում դժվարություններն ու փորձությունները հաջողությամբ և միասնական ջանքերով հաղթահարած, աշխատանքային լարվածությամբ հագեցած ևս մեկ տարեթիվ, որը կրկին անգամ ապացուցեց, որ միասնական ցանկության, վճռականության դեպքում հաղթահարելի են բոլոր խոչընդոտները:

Հենց այս օրերին է, երբ մենք, ի մի բերելով մեր անցնող տարին, հանդես ենք գալիս հաշվետվությամբ և չենք խուսափում ասել, որ արված բազում գործերի կողքին դեռ շատ են մեր անելիքները, որոնք պետք է կյանքի կոչենք թև-թևի, ուս-ուսի տված`մեր լուսավոր ապագան կերտելու ձգտումով:

Հավատացած եղեք, որ մարզային իշխանությունը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել մարզի կայուն զարգացման, գործարար միջավայրի բարելավման, արտաքին կապերի խթանման և ազգաբնակչության համար առավել բարեկեցիկ կյանք ապահովելու ուղղությամբ: Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան այրերի ղեկավարությամբ և մեր անձնվեր աշխատանքով ու համատեղ ջանքերով 2018 թվականին մենք` բոլորս միասին, նոր հաջողություններ ենք արձանագրելու:

Ուստի 2018-ին մեզանից յուրաքանչյուրը, անկախ զբաղեցրած դիրքից, քաղաքական հայացքներից ու պատկանելությունից, պետք է աշխատի առավել արդյունավետ, պատասխանատվության առավել բարձր զգացումով` մեր երկիրը, մեր բնակավայրը և մեր օջախը շենացնելու մեծ պատրաստակամությամբ: Ինքներս գիտենք, որ հաջողությունը, սերն ու երջանկությունը թևածում են այնտեղ, ուր կա համերաշխություն, փոխըմբռնում և համախմբվածություն ընդհանուր նպատակի շուրջ:

Սիրելի հայրենակիցներ,
Եկեք անցնող տարում թողենք այն ամենը, ինչն արժեք չէ ու հարիր չէ մեզ, մեր ազգին, մեր ժողվրդին:

Եվ թող այս ամենասպասված, ավանդական ու ընտանեկան տոնը դիմավորենք լավատեսական և բարձր տրամադրությամբ, գալիքի հանդեպ արդարացի սպասումներով և դրանք իրականություն դարձնելու պատրաստակամությամբ: Թող Ամանորի թարմ շունչը մտնի յուրաքանչյուր ընտանիք, որտեղ գիտեն նվիրվել ու սիրել, տքնել ու հոգ տանել, նեցուկ լինել ու գոտեպնդել: Հենց այդ մարդասիրական դրսևորումների ներքո էլ թող իրականություն դառնան ամենացանկալի նպատակները:

Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիս այս լուսավոր տոների առթիվ՝ մաղթում եմ անխախտ խաղաղություն և արևշատություն Հայոց աշխարհում, անսահման երջանկություն և համերաշխություն Հայոց ընտանիքում, իմաստնություն և բարություն Հայ մարդուն, մեծ ուժ և կորով Հայ զինվորին: 2018 թվականն էլ թող խաղաղ արարման և կենսական ձեռքբերումների տարի լինի բոլորիս համար:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08