Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել է 2018 թվականի ձմեռային առաջին զորակոչը

08.01.2018

Այսօր Սարդարապատի հուշահամալիրում, արդեն 12-րդ տարին անընդմեջ, տեղի է ունեցել 2018 թվականի ձմեռային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը: Նորակոչիկներին պատմական վայրից Հայոց բանակ են ճանապարհել Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Արմավիրի մարզպետի տեղեկալներ Մովսես Քարտաշյանը, Գագիկ Գաբրիելյանը, ՊՆ և ԶՈւ պատասխանատուներ, մեծ թվով համայնքապետեր:

Ողջունելով ներկաներին և իր բարեմաղթանքի խոսքն ու օրհնությունը հղելով նորակոչիկներին` Արմավիրի թեմի առաջնորդը կարևորել է հայ զինվորի դերը երկրի անվտանգության, խաղաղության գործում` նշելով, որ իրենց սրբազան ծառայությունը մատուցելով հայրենիքին` նրանք պաշտպանում են հայրենյաց սահմանները և մեզ բոլորիս: Նա քաջարի, հավատով ու սիրով լինելու կոչ է արել նորակոչիկներին և ցանկացել, որ նրանց ծառայությունն անցնի խաղաղ պայմաններում, Աստծո հովանու ներքո:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և անձամբ իր անունից ներկաներին ողջունել և նորակոչիկներին բարեմաղթել է նաև մարզպետի տեղակալ Մովսես Քարտաշյանը` նշելով, որ այսօր իրենց պարտքը հայրենիքին են գնում մատուցելու մեր ազգի քաջարի զավակների ևս մեկ սերունդ, որոնց մեջ է իրենց հերոս պապերի, հայրերի մարտական ոգին: Նա խաղաղ ծառայություն և բարի վերադարձ է ցանկացել նորոկոչիկներին` հույս հայտնելով, որ նրանք ազգային բանակ են զորակոչվում մեծ հպարտությամբ և պատասխանատվության բարձր զգացումով:

Չխախտելով տարիների ավանդույթը՝ պարտադիր զինվորական ծառայության մեկնողները մարզի տարածքային զինվորական կոմիսարների ուղեկցությամբ ծաղիկներ են դրել Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքարին՝ լռությամբ ու խոնարհումով հարգելով նրանց հիշատակը:

Այնուհետև նորակոչիկները ծառայության համար առաջին անհրաժեշտության պարագաներով փաթեթներ են ստացել մարզպետարանի կողմից և հայրենասիրական երգերի խրոխտ հնչյունների ներքո ու բարձր տրամադրությամբ մեկնել իրենց պարտքը մատուցելու հայրենիքին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:40:44