Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը

07.03.2018

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը, որը վարել է մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցել են փոխմարզպետներ Լարիսա Մուրադյանը, Մովսես Քարտաշյանը, Գագիկ Գաբրիելյանը. մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները և համայնքների ղեկավարները:

Մարզխորհրդի նիստի օրակարգը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից հաստատման ներկայացվելուց հետո մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման, գյուղատնտեսության և բնապահպանության, կրթության, մշակույթի և սպորտի, քաղաքաշինության, առողջապահության և սոցիալական ապահովության, տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունների պետերը հանդես են եկել համապատասխան ոլորտներում 2017 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ հաշվետվությամբ:

Ներկայացնելով ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվետու տարվա հիմնական ցուցանիշները` ոլորտի պատասխանատու Վարազդատ Մկրտչյանը մասնավորապես նշել է, որ մարզի համայնքների 2017 թվականի տեղական բյուջեների եկամուտների փաստացի մուտքերը կազմել են 7 մլրդ 143 մլն 948.5 հազար դրամ, որը կազմում է տարեկան նախատեսվածի 100.1%-ը, իսկ սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 2 մլրդ 628 մլն 683 հազար դրամ կամ կատարվել է 100.5%-ով: 2016 թվականի տարեկան ցուցանիշների համեմատությամբ 2017 թվականին սեփական եկամուտներն ավել են հավաքագրվել 582 մլն 308 հազար դրամով: Փաստացի հավաքագրված սեփական եկամուտների ընդհանուր ծավալում հողի հարկի տեսակարար կշիռը կազմել է 29.0%, գույքահարկինը` 39.6%, վարձակալությամբ տրված գույքի վարձավճարներինը` 5.6%:

2017 թվականին սոցիալական ծախսերին ուղղված գումարը կազմել է տեղական բյուջեների վարչական մասի հանրագումարի 5.3 %-ը, իսկ տեղական բյուջեների ֆոնդային մասի փաստացի ծախսերի հանրագումարը կազմել է 489.8 մլն դրամ, որը 2016 թվականի ֆոնդային բյուջեի ծախսերի նկատմամբ պակաս է 128.2 մլն դրամով: Մարզի բնակչության 1 շնչին ընկնող սեփական եկամուտն էլ 2016 թվականին
կազմել է 6781 դրամ, 2017-ին` 8652 դրամ:

ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության 2017 թվականի աշխատանքային ծրագրով նախատեսված և կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությամբ հանդես է եկել ոլորտի պատասխանատու Արթուր Այվազյանը` ընդգծելով, որ 2017 թվականին մարզի գյուղատնտեսության բնագավառում պետական, միջազգային և այլ դոնոր կազմակերպությունների և մասնավորի կողմից իրականացվել է 4.7 մլրդ դրամի ներդրում, իսկ 2016-ին ներդրումների ծավալը կազմել է շուրջ 2.5 մլրդ դրամ:

Ներկայացնելով 2017 թվականին գյուղմթերքի արտադրության հիմնական ցուցանիշները` նա նշել է, որ բոլոր ուղղություններով 2016 թվականի համեմատությամբ աճ է գրանցվել, 144,9 հեկտարով էլ ավելացել են ցանքատարածությունները` հասնելով 35912,5 հեկտարի: Հաշվետու տարում մարզում տեղակայված մթերող կազմակերպությունների կողմից էլ գյուղացիական տնտեսություններից մթերվել է 3903 տոննա պտուղ, 6473 տոննա բանջարեղեն, 44304 տոննա խաղող (ընդհանուր ծավալով 54680 տոննա), որը 2016-ի մակարդակը գերազանցել է 3,8%-ով:

Արթուր Այվազյանը տեղեկացրել է նաև, որ հողօգտագործողներին որպես աջակցություն ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով 2017 թվականին հատկացվել է 392000 լիտր դիզելային վառելանյութ, 6000 տոննա ազոտական, 200 տոննա ֆոսֆորական և 200 տոննա կալիումական պարարտանյութ:

Ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում էլ մարզի համայնքները ձեռք են բերել 9 տրակտոր և 2 գյուղտեխնիկա:

Հաշվետու տարվա կրթության բնագավառի հիմնական ցուցանիշներն է ներկայացրել մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը` նշելով, որ 2016-2017 ուսումնական տարում մարզում աշակերտների թիվը կազմել է 32051, մանկավարժներինը` 3614, աշակերտ/ուսուցիչ հարաբերակցությունը՝ 9.4:

Ըստ ոլորտի պատասխանատուի` 2017 թվականին առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին մասնակցել է 95 աշակերտ, նրանցից 27-ն արժանացել է մրցանակի: Շրջանավարտների թիվն էլ 2017 թվականին եղել է 1352: Նրանցից 865-ը (64%) ուսումը շարունակել է միջազգային կամ ՀՀ պետական բուհերում:

Անդրադառնալով դպրոցաշինությանը` Գայանե Սայադյանը տեղեկացրել է, որ 2017 թվականի ընթացքում դպրոցների միջոցների հաշվին իրականացված ընթացիկ և կապիտալ նորոգման ծախսերը կազմել են 60.8 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, դպրոցների շինարարական և վերանորոգման աշխատանքների համար 2017 թվականին տարբեր աղբյուրներից հատկացվել է 368.2 մլն դրամ, որից 224.0 մլն դրամը ՀՀ պետական բյուջեից:

Քաղաքաշինության բնագավառում իրականացված հիմնական ծրագրերն է ներկայացրել ոլորտը համակարգող վարչության պետ Կարինե Դանիելյանը` նշելով, որ Թաիրով գյուղի միջնակարգ դպրոցի և Շենիկ համայնքի մշակույթի տան վերանորոգման համար 2017 թվականի պետական բյուջեով մարզին հատկացվել է 49029.0 հազար դրամ:

Ըստ նրա` ՀՀ կառավարության 2017 թվականի համապատասխան որոշումներով 2017 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից մարզին հատկացվել է 516182.6 հազար դրամ, որի շրջանակներում կատարվել և ավարտին է հասցվել Արազափ համայնքի միջն դպրոցի վերանորոգումը, ամբողջությամբ վերանորոգվել է Արմավիր քաղաք N 10 հիմնական դպրոցի մեկ մասնաշենքը, վերակառուցվել և ավարտին են հասցվել Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի 28/3 բազմաբնակարան շենքը, ջեռուցման համակարգ է ներդրվել Գրիբոեդով համայնքի միջնակարգ դպրոցում, վերանորոգվել է մարզպետարանի շենքի ջեռուցման համակարգը, մասնակի հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել 4 նախակրթական, 2 կրթական և 1 մշակութային հաստատություններում, կատարվել է 4 բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգման, 4 համայնքի մասնակի գազիֆիկացման, 1 համայնքում խմելու ջրագծի ենթակայանի կառուցման, 1 համայնքում խմելու ջրագծի կառուցման և 1 համայնքում էլ կոյուղու կեղտաջրերի կուտակման հորի (սեպտիկի) և կեղտաջրերի հեռացման համակարգի կառուցման աշխատանքները:

Առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտների վերաբերյալ հաշվետվությամբ է հանդես եկել համապատասխան վարչության պետ Հովհաննես Հարությունյանը` մասնավորապես տեղեկացնելով, որ 2017 թվականի մարզի գլոբալ բյուջեն կազմել է 2 մլրդ 844 մլն 353.5 հազար դրամ, որից մարզպետարանի ենթակայության 5 բժշկական կենտրոնների ֆինանսավորումը կազմել է 1 մլրդ 978 մլն 635.6 հազար դրամ, վճարովի ծառայություններից մուտքերը` 338 մլն 889.8 հազար դրամ: Վճարովի ծառայություններից մուտքերը պետական պատվերի նկատմամբ կազմել է 17.1%, իսկ համապատասխան ծառայությունները 2016 թվականի համեմատ ավելացել են 26.7 մլն դրամով կամ աճել են 8.6%-ով:

Վարչության պետի խոսքով` մարզի բուժհաստատությունների մահճակալների թիվը 389-ն է, իսկ ծանրաբեռնվածությունը 2017 թվականի ընթացքում եղել է 54,4%: Վճարովի ծառայություններն էլ կազմել են 300 մլն 444.8 հազար դրամ, որը 10 մլն 405.5 հազար դրամով ավել է 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

Ըստ նրա` հաշվետու տարում մարզում գրանցվել է 2119 ծնունդ: Դեկտեմբերի 1-ի դրությամբ մահացել է 18-ից բարձր տարիքի 1769 հիվանդ, որից 141-ը` մարզի հիվանդանոցներում: Մարզում գրանցվել է 0-18 տարեկան երեխաների մահացության 18 դեպք, որից 0-1 տարեկան` 8: Մանկական մահացությունը կազմել է 3.7 պրոմիլե, մայրական մահացության դեպք չի գրանցվել:

Անդրադառնալով սոցիալական ապահովության ոլորտին` Հովհաննես Հարությունյանը նշել է, որ 2016 թվականի համեմատությամբ նախորդ տարում նվազել է նպաստառու ընտանիքների թիվը (միջինը 5809, նախկին 5910-ի փոխարեն, նվազումը՝ 101): 2017 թվականին նպաստների համար նախատեսված 2 մլրդ 326 մլն 684 հազար 600 դրամից ծախսվել է 2 մլրդ 172 մլն 485 հազար 300 դրամ, տնտեսվել է 154 մլն 199 հազար 300 դրամ:

Ոլորտի պատասխանատուի խոսքով` սխալ տեղեկություն¬ներ ներկայացրած քաղաքացիներից հաշվետու տարում մարզի սոցիալական աջակցության տարածքային մարմինների կողմից ետ է գանձել շուրջ 6 մլն 649 հազար 500 դրամ: Մարզի սոցիալական աջակցության տարածքային մարմինների կողմից շարունակվել է ավանդի դիմաց տրվող փոխհա¬տուցման գործ¬ընթացը: 2017-ին փոխհատուցվել է 310 անձ` ավելի քան 64 մլն 978 հազար 200 դրամի չափով (2016-ին փոխհատուցվել է 256 անձ` ավելի քան 63 մլն 480 հազար 900 դրամի չափով):

Ըստ նրա` 2016 թվականի համեմատությամբ նախորդ տարի 476-ով նվազել է գործազուրկների թիվը` 6361-ից հասնելով 5885-ի, 194-ով էլ նվազել է աշխատանք փնտրողների թիվը` 7574-ից դառնալով 7380, իսկ աշխատանքով է ապահովվել 656 մարդ, 2016-ին` 504:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, hամայնքային ծառայության հարցերի և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ է հանդես եկել տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արսեն Ղուկասյանը` տեղեկացնելով, որ 2017 թվականին վարչական և ֆինանսական հսկողություն է իրականացվել մարզի 33 գյուղական համայնքներում: 36 համայնքում էլ կազմակերպվել և անցկացվել է 61 թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ, իսկ 48 համայնքում անցկացվել է 103 համայնքային ծառայողի ատեստավորում:

Վարչության պետն իր խոսքում նշել է, որ հաշվետու տարում ապահովվել է համագործակցությունը հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, տարածքային զինկոմիսարիատների, սահմանապահ ռուսական և մարզի տարածքում տեղակայված հայկական զորամասերի հետ:

2017 թվականին աջակցություն է ցուցաբերվել ամառային և ձմեռային զորակոչի, զորահավաքային նախապատրաստության կազմակերպմանը, ուսումնավարժական պարապմունքներին, մարզային զորակոչային հանձնաժողովի նիստերի կազմակերպմանը և ապահովմանը, զորակոչից և հաշվառումից խուսափող զորակոչիկների հայտնաբերման գործընթացին, նախազորակոչային տարիքի պատանիների կցագրմանը, ռազմական ուսումնական հաստատություններում սովորել ցանկացողներով համալրմանը, տարածքային զինկոմիսարյատներից տեղեկատվության հավաքման ապահովմանը: Շարունակվել է ՌԴ մուտքի արգելք ունեցող քաղաքացիների դիմումների ձևակերպման, միգրացիոն պետական ծառայություն ուղարկման և դիմումների պատասխանների մասին քաղաքացիներին իրազեկելու գործընթացը:

Օրակարգային հարցերի ավարտից հետո` մարզպետ Աշոտ Ղահրամանյանն անդրադարձել է ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ ստանալու նպատակով 2018 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի կազմման կարգին` համայնքապետերին հիշեցնելով, որ ՀՀ պետական բյուջեից սուբվենցիա տրամադրելու մասին 2018 թվականի ծրագրային հայտը համայնքները մինչև սույն թվականի մարտի 30-ը պետք է ներկայացնեն մարզպետարան, որտեղ էլ կքննարկվեն և կամփոփվեն համապատասխան ծրագրային հայտերը և դրանք մինչև 2018 թվականի ապրիլի 10-ը կներկայացնի ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:

Նա անդրադարձել է նաև համայնքային տնտեսության աճի վրա էական ազդեցություն ունեցող գործարար ծրագրերի գնահատման և այդ ծրագրերին պետական աջակցության տրամադրման հետ կապված մանրամասներին` հորդորելով համայնքապետերին օգտվել ընձեռված հնարավորությունից և կազմել համայնքի զարգացմանն ուղղված ծրագրեր:
Ամփոփելով օրակարգային և ընթացիկ հարցերի քննարկումը` մարզպետը մարզխորհրդի նիստը հայտարարել է ավարտված:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:40:44